«Մենք արդեն հաջողություն ունենք. մեր ձեռքում են Սև Սարը և հարակից բարձունքները, սակայն գործը չի կարելի կիսատ թողնել»․ Ժիրայր Սեֆիլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը

– Պարոն Սեֆիլյան, ադրբեջանական կողմն արդեն երկու օր է՝ սրել է իրավիճակը սահմանամերձ Տավուշի հատվածում։ Ի՞նչ նպատակ ունեն այս գործողությունները, ինչո՞ւ հենց այս փուլում ու ինչո՞ւ Հայաստանի հետ սահմանին։

– Հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի աշխարհաքաղաքական արմատներ: Հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել, քանի դեռ առաջինը՝ չեն դատապարտվել 1920-21 թթ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով Հայաստանի Հանրապետության զավթումը, մասնատումն ու բռնակցումը, այդ թվում՝ նաև դրանք արձանագրած Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, և, ըստ այդմ, քանի դեռ մեր տարածաշրջանում կգործեն այդ պայմանագրերով և որպես շարունակություն՝ Ստալինի ձեռքով գծած կեղծ ու ապօրինի սահմանները։

Երկրորդ՝ քանի դեռ չի հաղթահարվել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը: 

Մենք պետք է ընդունենք Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդությունը և հակամարտությունը լուծենք նրա տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում: Ուրիշ լուծում չկա: 

Թե ինչո՞ւ հենց Տավուշի հատվածում և հենց այս փուլում՝ հարցի պատասխանը ևս պետք է փնտրել վերը նշածս աշխարհաքաղաքական արմատների հանգույցներում: Դեռևս բավարար տեղեկություն չունենալու պատճառով ավելի մանրամասն պատասխանը պետք է ամբողջացվի վերլուծական ենթադրություններով, ինչից ձեռնպահ կմնամ: 

Անկախ այս ամենից, իրավիճակը մեզ համար նպաստավոր է: Մենք հնարավորություն ունենք հյուսիսարևելյան հատվածում առնվազն շտկելու ստալինյան անհեթեթ զիգզագային սահմանները՝ ազատագրելով նաև Արծվաշենը և զբաղեցնելու բոլոր ռազմավարական բարձունքները, որպեսզի գոնե մեր խաղաղ բնակիչներին ապահովենք ուղիղ նշանառությամբ կրակոցներից, ինչպես նաև հեշտացնենք ու ավելի անվտանգ դարձնենք պաշտպանական գիծը: 

Այդ առումով մենք արդեն հաջողություն ունենք. մեր ձեռքում են Սև սարը և հարակից բարձունքները, սակայն գործը չի կարելի կիսատ թողնել: 

Ադրբեջանը մեծ սխալ է կատարել՝ խոշոր տրամաչափի հրետանիով հարվածելով մեր բնակավայրերին և մեզ առիթ և իրավունք տալով համարժեք քայլեր կատարելու և մեր ուզած ձևով սահմանը վերագծելու: Առանց հապաղելու պետք է լիարժեք կերպով օգտվենք նրա սխալից: 

– Հայկական կողմը դիմել է միջազգային գործընկերներին, ՀԱՊԿ-ը հայտարարել է նիստ գումարելու մասին, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Միջազգային գործընկերներից, մասնավորապես, ՀԱՊԿ-ից ի՞նչ սպասումներ ունենալ՝ այս ագրեսիան զսպելու ուղղությամբ։

– ՀԱՊԿ-ը Ռուսաստանի ազդեցության տակ մնացած նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ձևական կազմակերպություն է: Այն ոչ նպատակ, ոչ էլ կարողություն ունի անդամ պետություններին պաշտպանելու արտաքին հարձակումից: Դա Ռուսական կայսրությունը նորովի վերականգնելու Կրեմլի նախագծի մի բաղադրիչն է ընդամենը և ծառայեցվում է այդ նպատակին: 

Այդ պատճառով ՀԱՊԿ-ից պաշտպանություն ակնկալելն անհեթեթ է և որոշ առումներով նույնիսկ վտանգավոր: Գաղտնիք չէ, որ Արցախ ռուսական զորք բերելու ծրագրի իրականացման տարբերակներից մեկը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումն է: 

Իսկ քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքը չեզոք դրական է, ինչև նպաստավոր է մեզ համար՝ իրագործելու ստալինյան սահմանները մասամբ շտկելու հրամայականը: 

– Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրման կարևորության մասին եմ ուզում խոսեք, այս հարցն ի վերջո տարիներ շարունակ քննարկվում է։

– 1994 թ. մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը չի պարունակում զինադադարի գծի և ռեժիմի արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ կնքվել է Մոսկվայի միջամտությամբ և նրա հովանու ներքո:

Այդպիսի մեխանիզմների առկայության դեպքում Մոսկվայի համար էապես դժվար կլիներ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունը պահպանել՝ հակամարտությունը որպես գործիք կիրառելու միջոցով: 

Դիտարկման և հետաքննության մեխանիզմների ներդրումը զգալի չափով կլրացներ այս բացը, սակայն գլխավորապես Մոսկվան խափանում է այդ գործընթացը: 

– Թուրքիան ակնհայտ սադրիչ դիրքորոշում է որդեգրել այս հարցում, երկու հայտարարություններով այդ երկիրը Ադրբեջանին բացահայտ պաշտպանելու փորձեր արեց։ Որքանո՞վ է վտանգավոր Թուրքիայի այս կեցվածքը, ինչի՞ կարող է հանգեցնել, ի՞նչ է ուզում Թուրքիան։

– Թուրքիան մտահոգ է, որ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը և, ըստ այդմ՝ իր ազդեցությունը, կարող են թուլանալ: Եվ քանի որ այս պահին արտաքին ու ներքին լուրջ պրոբլեմների մեջ է խճճված, ինչի պատճառով չի կարողանում իր համար ցանկալի արդյունավետությամբ ազդել զարգացումների վրա, ստիպված խոսում է հոխորտանքի լեզվով: 

Ի դեպ՝ սա ևս մի դրական հանգամանք է, որ պետք է մեզ օգնի սահմանը շտկելու հարցում: 

– Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն արտաքին ճակատում, մասնավորապես, Արցախի հիմնախնդրի ուղղությամբ ինչպե՞ս եք գնահատում։ Կա՞ն քայլեր, որոնք չեն արվում այս փուլում։

– Հայաստանն ըստ էության չունի արտաքին քաղաքականություն, այլ կցված է Մոսկվայի սայլին: 

Արցախի հիմնախնդրի լուծումը ևս հանձնված է Մոսկվային: Հայաստանի բոլոր ղեկավարությունները պարզապես սպասարկել են և սպասարկում են Մոսկվայի քաղաքականությունը:

Միայն այն դեպքում, երբ կընդունենք առաջին հանրապետության իրավահաջորդությունը և կհաղթահարենք Ռուսաստանից կիսագաղութային կախյալությունը, կարող ենք պետություն դառնալ և արտաքին քաղաքականություն վարել, այդ թվում՝ ավարտին հասցնել Արցախի հիմնախնդրի լուծումը:

Այս փուլում պետք է նշածս համատեքստում մերժենք չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքները, առաջին պլան բերենք զինադադարի գծի ու ռեժիմի վերահսկողության հարցը և ուղիղ բանակցություններ նախաձեռնենք Ադրբեջանի հետ: 


Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am