Շարմազանով. «Պատրաստ ենք քննարկել այլ հարցեր, բայց ոչ արտահերթ ընտրությունների հարցը»

Շարմազանով. «Պատրաստ ենք քննարկել այլ հարցեր, բայց ոչ արտահերթ ընտրությունների հարցը»
Շարմազանով. «Պատրաստ ենք քննարկել այլ հարցեր, բայց ոչ արտահերթ ընտրությունների հարցը»

ՀԱԿ-ի` իշխանությունների հետ երկխոսության պաատվիրակության կազմը հրապարակելուց հետո էլ իշխանությունների կողմից հստակ արձագանքներ չնայած դեռեւս չկան, սակայն երկու կողմերն էլ շարունակում են պնդել իրենց պահանջների մասին:
Իշխող ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Մեդիալաբի» հետ զրույցում ասել է, թե իրենք առայժմ չեն քննարկել այն հարցը, թե ովքեր կլինեն իշխանական պատվիրակության կազմում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին տեղի է ունեցել ՀԱԿ Քաղխորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատված պատվիրակության կազմում ընդգրվել են Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը:
«Այդ խնդիրը դեռ չի քննարկվել, երբ որ կքննարկվի նոր կխոսենք»,- ասել է Շարմազանովը:
Երկխոսության թեման թեեւ ամենասպասվածն է ներքաղաքական զարգացումների շարքում, սակայն դժվար է ասել երկու կողմերը կկարողանան վերջնական կոնսենսուսի գալ, թե ոչ:

Խշխանություններն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շեշտում են, որ ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության հիմքում չեն կարող ընդգրկվել արտահերթ ընտրությունների հարցը, ինչի մասին բազմիցս նշել է ընդդիմությունը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն արդեն բազմիցս հայտարարել է, որ երկխոսությունը պատկերացնում է միայն արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգով:

Մասնավորապես, մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ «ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության»։

«Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Հանրահավաքից երկու օր անց Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ` համաներմամբ ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ իշխանությունների հետ բանակցությունների հիմնական օրակարգը արտահերթ ընտրություններն են լինելու:

Փաշինյանը ընդգծել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար իրենք պայքարելու են մինչեւ վերջ:

Իշխանությունները, սակայն, արտահերթ ընտրությունների օրակարգով երկխոսությունը բացառում են:

«Իշխանությունները ՀԱԿ-ի հետ չի քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը: Մենք արտահերթ ընտրությունների հավանականություն չենք տեսնում: Դրա համար ոչ իրավական, ոչ քաղաքական հիմքեր չկան, հետեւաբար որեւէ քաղաքական ուժի հետ արտահերթ ընտրությունների հարցը չենք քննարկելու»,- «Մեդիալաբին» ասում է Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն ասում է, թե իհարկե, ամեն կողմ իր կարծիքն ունի, եւ դրանք կարող են արտահայտել այդ երկխոսության ժամանակ, սակայն, իշխանությունների օրակարգում չի կարող լինել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց: Փոխարենը, ըստ Շարմազանովի, իշխանությունների օրակարգում կարող են քննարկման այլ հարցեր լինել:

«Մենք պատրաստ ենք քննարկել ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված հարցեր, բայց ոչ արտահերթ ընտրությունների հարցը»,- ասում է Շարմազանովը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am