Եթե մարդը բողոքի, պայքարի, փոխհատուցում կստանա. անմիջական պատասխանատուն քաղաքապետարանն է. Տիգրան Քեյան

Processed with MOLDIV

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը

– Պարո՛ն Քեյան, վերջին շրջանում ակտիվացան վարորդների դժգոհությունները՝ պայմանավորված այն վնասներով, որոնք կրել էին մայրաքաղաքի ճանապարհներին առկա փոսերի հետևանքով: Ստացե՞լ եք դժգոհություններ, դրանց ընթացք տրվե՞լ է:

– Կոնկրետ այս իրավիճակի մասով ինձ մոտ որևէ քաղաքացու հսկվող գործարք չկա, բայց ես շատ փորձեր ունեմ, որ այն քաղաքացիները, որոնք պայքարել են, հասել են հաջողության: Փոսերի մասով դեպք չունեմ, ունեմ դիտահորի դեպք, որը հատուցել է «Վեոլիա ջուրը» ու իր ապահովագրական ընկերությունը: Դեպք է եղել, որ ծառն ընել էր մեքենայի վրա, ու այդ պատճառված վնասը քաղաքապետարանը 100 տոկոսով հատուցել է, դա 2018-ին էր: Քաղաքապետարանի վերջերս արված պնդումը, թե իրենք ոչ մեկի վնասը չեն հատուցելու, նույն պնդմամբ նրանք իմ նշած ծառի դեպքով երեք ատյանում պարտվել են: Հիմա նույնն են ասում՝ մեքենայով չերթևեկեիր, չընկնեիր փոսը, որովհետև բնական է, ձյուն է եկել, ճանապարհը պետք է քանդվեր: Եթե բնական է, որ պետք է քանդվեր, ապա ինչո՞ւ ամբողջ ծածկույթը չի քանդվել, այլ տեղային է քանդվել, սա էլ ունի իր բացատրությունը, քանի որ պատշաճ չի վերանորոգվել, հակառակ դեպքում նման բան չէր լինի: Բիտումի փոխարեն նավթաջրով են փորձում աչք խաբել, թե տեսեք՝ բիտում ենք լցնում, եթե նման կերպ չփորձեին մարդկանց խաբել, այլ իրականում պատշաճ աշխատեին, չեմ կարծում, թե այդ խնդրի առաջ կանգնեինք:

– Այսինքն՝ քաղաքապետարանի բացատրությունը, որ, դե, աղ ենք արել, դրա համար է ճանապարհը նման վիճակում հայտնվել…

– Դա մեզ չի հետաքրքրում, ոնց որ ասեն՝ փոսը փորել ենք, ճանապարհային նշան չենք տեղադրել, ինչո՞ւ եք եկել ընկել այդ փոսը: Այդ, այսպես կոչված, բացատրությունները ուղղակի դուրս են տրամաբանությունից, ես երբեմն զարմանում եմ, թե ինչպե՛ս կարելի է նման կերպ մեկնաբանել: Օրինակ՝ ես մեկնաբանություն եմ լսել, որ մեր վերանորոգած փոսերը չեն քանդվել, ասենք, աբսուրդ է, էլի, ինչպե՛ս կարելի է նման բան ասել: Կարծում եմ, կլինեն քաղաքացիներ, որոնք բողոքած կլինեն, ցավոք, այդ քաղաքացիների թիվը մեծ չի լինի, որովհետև եթե այդ թիվը մեծ լիներ, ապա քաղաքապետարանը նման հայտարարություններով ու գործողություններով հանդես չէր գա: Բողոքողների թիվը փոքր է, որովհետև մարդիկ վստահություն չունեն, մտածում են, որ ժամանակի անիմաստ կորուստ է լինելու, դրա համար էլ չեն բողոքում, բայց ես վստահեցնում եմ, որ պայքարող քաղաքացին արդյունքի կհասնի:

– Պարո՛ն Քեյան, վարորդների իրավունքների խախտում կարելի՞ է համարել ճանապարհների այս վիճակը ու դրա հետևանքով կրած վնասները:

– Իհարկե, բա մենք ինչի՞ համար ենք վճարում այդ եկամտահարկը, այդ ամենը քաղաքացիներն անում են, որ պետությունը ստանձնած պարտավորությունները կատարի՝ ապահովելով քաղաքացու բարեկեցիկ կյանքը: Այդ ամենը սակայն պետք է անեն սրտացավ մարդիկ:

– Այս տարվա դեպքը նախադեպայի՞ն է, թե նախորդ տարիներին էլ է նման բան եղել:

– Առաջին նախագահից հետո չեմ հիշում դեպքեր, որ նման ահավոր վիճակ է եղել, ինչն այս տարի եղավ, այս տարի անհամեմատ շատ էր վնասված հատվածների ծավալը, իսկ դա նախորդ տարիների ոչ պատշաճ աշխատանքի հետևանք է: Այնպես չէ, որ միայն այս տարի ձյուն եկավ:

– Ստացվում է, որ վարորդի կրած վնասները քննարկելի դեպքի մասով կարող են փոխհատուցում ստանալ, ու փոխհատուցողը քաղաքապետարա՞նն է լինելու:

– Այո՛, եթե մարդը բողոքի, պայքարի, փոխհատուցում կստանա, փոխքաղաքապետի նշած միտումը, որ իրենք պարտավոր չեն փոխհատուցելու, ուղղակի խոսքեր են, դա իրավագիտության կամ վարչարարության հետ որևէ աղերս չունի, լավ կլինի, որ այդ մարդը գնա վարչական վարույթի մասին օրենքները մի քիչ ուսումնասիրի ու հասկանա, թե ինքն ինչի համար է պարտավորություն կրում, իսկ ինչի համար՝ ո՛չ: Մենք իրավական պետություն ենք, այլ բան, որ որոշ պաշտոնյաներ դրա մասին տեղյակ չեն: Անմիջական պատասխանատուն քաղաքապետարանն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am