Փաշինյանի որդեգրած գիծը՝ միակողմանի զիջումների գնալ, քծնել Բաքվին ու Անկարային, մոտեցնում է ՀՀ պետականության կոլապսը. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Արցախի խորհրդարանը հունիսի 28-ին միաձայն ընդունած հայտարարությամբ դիմեց Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատվիրակությանը՝ պահանջելով «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»։ Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց. ոմանք մեղադրեցին Արցախի քաղաքական էլիտային, ոմանք՝ ոչ, բանակցություններն էլ, ինչպես տեսնում ենք, շարունակվում են Վաշինգտոնում։ 

Հարցի վերաբերյալ ձեր դիրքորոշումը ո՞րն է, բանակցել պե՞տք է, թե՞ ոչ՝ նկատի ունենալով իրավիճակը։

– Ես Արցախի էլիտային չեմ մեղադրի, որովհետև մարդիկ հուսահատ վիճակում են ու, բնականաբար, ուզում են հասկանալ՝ ինչի՛ մասին են բանակցությունները, եթե իրենք շարունակելու են սովամահ լինել, գտնվել կրակի տակ ու զոհեր տալ, այդ դեպքում բանակցությունները, հատկապես Արցախի ժողովրդի դիտանկյունից, դառնում են ինքնանպատակ։ Այս առումով նրանց մտահոգությունը, ուղերձները կարելի է հասկանալ, եթե նույնիսկ դրանք իրատեսական չեն։ 

Ես չեմ քննադատի, ոմանց կեղծ ջանասիրությամբ էլ չեմ պնդի, թե Արցախի խորհրդարանի տեքստը Մոսկվայում կամ չգիտեմ որտեղ է գրվել։ Մյուս կողմից՝ պարզ էր, որ բանակցությունները չեն դադարելու, որովհետև դրանց այլընտրանքն էլ չկա, այսինքն՝ եթե դադարեցնում ես բանակցությունը, կարող է վտանգավոր հետևանքների բերել: Ի դեպ, ես այս մասին ասել եմ, երբ դեկտեմբերին իշխանությունը հիմար դեմարշ արեց ու չգնաց Մոսկվա, բայց դա չի նշանակում, թե հայկական կողմը չպետք է ունենա օրակարգ ու կարմիր գիծ, օրինակ՝ Արցախի խորհրդարանի հայտարարությունը հենց այս համատեքստում եմ դիտարկում:

Ստեփանակերտից չեն ասում՝ դուռը շրխկացրեք և հետ եկեք Երևան, ասում են՝ այնտեղ ֆիքսեք կարմիր գիծ, որպեսզի մենք մեզ ավելի պաշտպանված ու անվտանգ զգանք։ Ես Հայաստանի իշխանության փոխարեն ոչ թե մուննաթ կգայի Ստեփանակերտի վրա, այլ հայտարարության այս ուղերձը հենց կընկալեի, բա նրանք ո՞ւմ դիմեն, չնայած միայն Հայաստանին չէին դիմել։ 

– Հայկական կողմի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ադրբեջանական վերջին սադրանքն Արցախում նպատակ է հետապնդում Արցախի հայաթափման ու «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի չեզոքացման, բայց մեր Կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների ու բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»։

– Փաշինյանը մե՛կ խոսում է էթնիկ զտումների մասին, ընդ որում՝ արդեն որպես կայացած փաստի կամ շարունակվող գործընթացի, մե՛կ լիակատար հավատարմություն է տալիս մի ծրագրի, որով ԼՂ-ն ինտեգրվելու է ունիտար Ադրբեջանին, այսինքն՝ այստեղ կա ակնհայտ հակասություն։ 

Հենց այստեղ է, որ չեն երևում հայկական օրակարգն ու կարմիր գծերը, իսկ այս դեպքում հարց պետք է տրվի Փաշինյանին․ ենթադրենք՝ իրական չէ Արցախի անկախության օրակարգը, որը, կարծես թե, շատերս ենք ընդունում, բայց այդ բանակցություններում որո՞նք են այն անվտանգության մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն Արցախի հայկականությունը։ Այս գլխավոր հարցին նա չի պատասխանում, հետևաբար ստացվում է, որ նա Արցախին մատնում է էթնիկ զտման հեռանկարին։ 

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի բանակցություններին․ վաշինգտոնյան բանակցությունները խաղաղության մասին չեն, այսինքն՝ հիմա մենք խաղաղություն ենք փնտրում մի տեղ, որտեղ այն չկա։ Բացարձակապես հակաամերիկյան հայտարարություն չէ, որ անում եմ, ուղղակի պետք է ընդունենք, որ այսօր կա ռեալ իրականություն աշխարհում, որը հետևյալն է․ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ունեն զրոյական հարաբերություններ, դժբախտաբար, ու բոլոր տարածաշրջաններում, աշխարհի բոլոր կետերում կենաց-մահու պատերազմի մեջ են՝ միմյանց դուրս մղելու կամ միմյանց ազդեցությունը սահմանափակելու նպատակով, բացառություն չէ նաև Հարավային Կովկասը։ ԱՄՆ-ի համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու ԼՂ-ի խնդիրն ընդամենը միջոց են, իսկ նպատակը ռուսական ռազմական ներկայության դուրսմղումն է տարածաշրջանից, այսինքն՝ Արցախից ու Հայաստանից։ 

Այս նպատակին Վաշինգտոնը կարող է հասնել երկու ձևով․ կա՛մ տարածաշրջանում նոր էսկալացիա հրահրելով, որպեսզի փոխվի ստատուս քվոն, կա՛մ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հասնի այնպիսի պայմանավորվածության ձեռքբերման, որն ավելորդ կդարձնի ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում։ 

Էսկալացիայի պարագայում կասկածի տակ կդրվի հայկական պետականության գոյությունը, իսկ երկրորդի պարագայում ես լուրջ մտավախություն ունեմ, որ ԼՂ-ն վերջնականապես ինտեգրվելու է ունիտար Ադրբեջանին՝ հայաթափության հեռանկարով։ 

Ասածս բնավ չի նշանակում, թե պետք է մերժենք վաշինգտոնյան հարթակը, ընդհակառակը՝ դրան ու այլ հարթակների պետք է շատ ակտիվ մասնակցել սեփական օրակարգով ու կարմիր գծերով։

– Պարո՛ն Սուրենյանց, Արցախի քաղաքական ուժերն այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն։

– Մի փոքր ավելի նախաձեռնողական պետք է լինեն, եթե ես նրանց փոխարեն լինեի՝ խորհրդարանով հայտարարություն կընդունեի ու երեք պահանջ կդնեի․ Լաչինի միջանցքի բացում, էլեկտրաէներգիայի ու գազամատակարարման վերականգնում, շփման գծի ապառազմականացում, ու այս երեք պայմանների բավարարման դեպքում միայն կհամաձայնեի գնալ Բաքվի հետ երկխոսության։ Թե չէ միայն հայտարարություններով, որոնք վերաբերում են մյուս դերակատարների անելիքներին, բայց ոչ իրենց, ընկալում չեն ունենալու նույնիսկ Երևանում։ 

Եթե իմ ասած նախապայմանները բավարարվեն, կնշանակի, որ Բաքուն տրամադրված է Ստեփանակերտի հետ զրույց վարելու ԼՂ-ի ինչ-որ սուբյեկտության վերաբերյալ, իսկ եթե չեն բավարարվի, նշանակում է Բաքուն ԼՂ-ն ոչնչացնելու խնդիր ունի, այդ դեպքում ինչի՛ շուրջ բանակցեն։

– Իսկ ո՞վ պետք է այնպես անի, որ Բաքուն ապահովի այդ պահանջների կատարումը։

– Եթե այդ պահանջները ձևակերպվում են, ենթադրվում է, որ այդ ուղղությամբ նաև միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի վրա որոշակի ճնշում բանեցնի։ Շատ հնարավոր եմ համարում, որ այդ բոլոր պահանջները մերժվեն, խնդիրն այդ չէ, բայց ավելի լավ է նախաձեռնել ինչ-որ բան, քան տրվել ճակատագրի հեգնանքին։ 

– Արցախի մասով Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գործուն քայլեր անո՞ւմ է հիմա, թե՞ ոչ, ըստ ձեզ։

– Բացարձակապես, ինձ մոտ տպավորություն է, որ Արցախի մասով Հայաստանի իշխանությունները շարունակում են այն նույն արատավոր կուրսը, որ ինչքան շուտ Արցախը փուռը տան, կներեք արտահայտության համար, ուղղակի ավելի համարժեք բան չկա, այնքան շուտ հնարավոր կլինի փրկել գոնե Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

– Բայց հնարավոր կլինի՞։

– Ո՛չ, Հայաստանն անընդհատ նշաձող է իջեցնում, բայց որևէ անգամ չտեսանք, որ Բաքվից գոնե մեկ անգամ հստակ հայտարարեն, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով: Չկա նման հայտարարություն, հետևաբար պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի որդեգրած գիծը՝ անընդհատ նշաձող իջեցնել, միակողմանի զիջումների գնալ, քծնել Բաքվին ու Անկարային, մոտեցնում է միայն Հայաստանի պետականության կոլապսը, ուրիշ որևէ խնդիր չի լուծելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am