«Զարմանում եմ՝ Լաչինի միջանցքի խնդիրն ուրիշ որտե՞ղ կարող էր այդքան հրատապ քննարկել». ինչո՞ւ է ԱԳՆ-ն հրաժարվել մասնակցել մոսկովյան հանդիպմանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ արտգործնախարարության խնդրանքով վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է: Գերատեսչությունը իր խնդրանքը հիմնավորել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով: Եռակողմ հանդիպմանը քննարկվելու էին խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր: Արտգործնախարարության այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում:

– Անկեղծ ասած՝ խիստ զարմացած եմ, որովհետև այնտեղ նշված է, որ հասցեականության խնդրով են զբաղված Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ: Մոսկվայում այդ հանդիպումը տեղի էր ունենալու հենց այն երկու կողմերի հետ, որոնք ուղղակիորեն պետք է զբաղվեն Լաչինի միջանցքի բացման խնդրով:

Զարմանում եմ՝ մեր ԱԳՆ-ն այդ խնդիրն ուրիշ որտե՞ղ  կարող էր այդքան հրատապ քննարկել, որ զբաղվածության պատճառով խնդրել է հետաձգել:

Շատ տարակուսելի ու դիվանագիտական առումով խոցելի քայլ է, որովհետև հիմք է տալիս մյուս երկու կողմին պատասխանատվությունը Երևանի վրա բարդելու: Կարող էին գնալ բանակցությունների, որպես առաջին խնդիր դնել Լաչինի միջանցքի բացման հարցը, դրական լուծման պարագայում միայն ձեռնամուխ լինեին արդեն խաղաղության պայմանագրի քննարկմանը:

Այս մոտեցումը տարօրինակ ու շատ ոչ համոզիչ է: Մինչև հիմա միջանցքի փակ լինելը իշխանությունը վերագրել է Բաքվի ագրեսիվությանը ու Մոսկվայի անպատասխանատվությանը, լավ առիթ էր գնալ ու ասել, որ խաղաղության պայմանագրի հարց հնարավոր չէ քննարկել, որովհետև Լաչինի միջանցքը փակ է:

– Հակասություն չի՞ առաջանում այս ու այսօր ավելի վաղ հնչած հայտարարությունների միջև խաղաղության պայմանագրի մասով, որոնցից առաջինը հնչեց գործադիրի ղեկավարի շուրթերից, երկրորդը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի: Եթե ԱԳՆ-ն նման պատճառաբանությամբ խնդրում է հետաձգել հանդիպումը, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը ևս չեն ընդգծում այդ հանգամանքը, նրանց խոսքում անգամ ակնարկ չկար այս մասին:

– Արդեն ակնհայտ է, որ ԱԳՆ-ի ու այդ հայտարարությունները հակասության մեջ են, որովհետև եթե դու խնդրում ես հանդիպումը հետաձգել, պարզ է, որ մինչև տարեվերջ, մեղմ ասած, անիրատեսական է որևէ փաստաթղթի ստորագրում, կամ էլ հայկական կողմը ինչ-որ պատճառով ինչ-որ բան թաքցնում է:

Ձեր տպավորությամբ՝ գործադիրը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարությունն ու Անվտանգության խորհուրդը, համապատասխանաբար, ի դեմս Արարատ Միրզոյանի ու Արմեն Գրիգորյանի, միասնակա՞ն են աշխատում, որովհետև հակասությունները հատկապես այս երեք կառույցների հայտարարություններում հաճախակի բնույթ են կրում:

– Զգացվում է, որ ֆունկցիոնալ ներդաշնակության պակաս կա հատկապես ԱԳՆ-ի ու Անվտանգության խորհրդի գրասենյակների միջև: Տպավորություն ունեմ, որ Փաշինյանն այդ երկու գերատեսչությանը հակասական հանձնարարություններ է տալիս: Սա նրանից է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը օրակարգ չունի, և կոնյունկտուրան անընդհատ տարբեր օրակարգեր է բերում Փաշինյանի առաջ, ինքն էլ, ըստ ամենայնի, հակասական հանձնարարություններ է տալիս այդ գերատեսչությունների ղեկավարներին, ինչից էլ առաջանում է այս կոնտրաստը:

Ինձ համար ԱԳՆ-ի հայտարարությունը բացարձակ անհասկանալի է. կա՛մ ինչ-որ համաձայնություններ չեն կայացել, որոնց մասին մեր ԱԳՆ-ն չի համարձակվել բարձրաձայնել, կա՛մ դիլետանտիզմի հետ գործ ունենք, կա՛մ պաշտոնական Երևանը ձգձգում է հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ի՞նչ նպատակով է ձգձգում, պարո՛ն Սուրենյանց:

– Նիկոլ Փաշինյանը վախենում է ստորագրել խաղաղության պայմանագիր, որովհետև այդ հարցը կապում է ներքաղաքական կոնյունկտուրայի հետ ու իշխանության կորստյան վտանգ միշտ ունի: Վախենում է, որ հնարավոր փոխզիջումը կարող է ընկալելի չլինել քաղաքական դաշտում, հասարակության մի մասի մոտ:

Մյուս կողմից՝ ես ստույգ ինֆորմացիա ունեմ, որ Վաշինգտոնից մեր արևմտյան շրջանակներին ասվել է, որ Ղարաբաղի հարցում մեծ ակնկալիքներ չունենան իրենցից, և ասվել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը ինչ-որ պատճառներով չկայանա, իրենք առավելագույնը, ինչ կարող են անել Ղարաբաղի համար, արցախահայության անվտանգ տարհանումն ապահովելն է ու Հայաստանում բնակարաններով ապահովելը:

Նրանք երաշխիքներ են տալիս միայն Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցերում: Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանի վիճակը փակուղային է, որովհետև եթե արևմտյան սցենարով է գնում, դա առաջացնում է խնդիրներ Արցախում, եթե՝ ռուսական սցենարով, ապա Հայաստանով անցնող ու դեպի Նախիջևան գնացող միջանցքի հարցերում են ինչ-որ ռիսկեր առաջանում:

– ՀՀ վարչապետն այսօր հայտարարեց, որ ոչ միայն Ադրբեջանը, այլն նաև ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված իր պարտավորությունները: Նիկոլ Փաշինյանին պատասխանեցին և՛ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, և՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հայ-ռուսական հարաբերություններում նմանօրինակ դեպքերից հետո ի՞նչ զարգացումներ կարող են լինել, ու այս փուլում այդ հարաբերությունները ի՞նչ մակարդակում են:

– Որ ռուս խաղաղապահ առաքելությունը, մեղմ ասած, բարեխղճորեն չի կատարում իր ֆունկցիաները, դա ակնհայտ է, սա գաղտնիք չէ: Ռուսաստանի կարողությունները սահմանափակված են, Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները պատշաճ չի կատարում, հիմա էլ՝ Լաչինում ու Արցախում իր խաղաղապահ առաքելությունը:

Այլ խնդիր է՝ ինչքանո՞վ է նպատակահարմար դա դիվանագիտական խողովակներով քննարկելու փոխարեն բարձրաձայնել, հետո էլ չգնալ հանդիպման: Այսինքն՝ դիվանագիտությունը բանակցություններ ու արդյունք է սիրում, ոչ թե՝ հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել՝ եղածները լուծելու փոխարեն:

Փաշինյանի ասածի բովանդակության հետ խնդիր գոյություն չունի: Ես չէի ուզենա, որ Մոսկվան ու Երևանը սկսեն հրապարակային քննարկել իրենց հակասությունները, որովհետև երրորդ երկրները միշտ դրանցից օգտվելու են, օրինակ՝ Ադրբեջանը դրանցից օգտվելու է՝ ավելի սանձարձակ պահելով իրեն, Արևմուտքը՝ խաղադրույք կատարելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացման վրա, իսկ դրանից մենք ի՛նչ ենք շահում՝ տեսանելի չէ: Նիկոլ Փաշինյանն այսպես ներքաղաքական միավորներ վաստակելու փոխարեն թող բոլոր այս խնդիրները շատ խիստ ձևով թող դնի հայ-ռուսական բանակցությունների սեղանին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am