ՀՀ-ն խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ. ԱԽ քարտուղար

Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկներում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ,բացի այդ,ստեղծել միջազգային դատարան դիմելու մեխանիզմ՝ճգնաժամի դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով հարցին,թե հնարավո՞ր է մինչև տարվա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիր՝  Գրիգորյանն ասաց՝ հնարավոր է,եթե Ադրբեջանը դրան դրական արձագանքի: Կախված է Ադրբեջանից,Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝  տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

«Մենք խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել երաշխավորների ինստիտուտ:Այսինքն՝ թե միջազգային կազմակերպության,թե պետությունների կողմից խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի:Եվ այդ երաշխավորների ինստիտուտը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը:Բացի դրանից,մենք նաև առաջարկել ենք,որ մեխանիզմ ստեղծվի՝ հնարավոր միջազգային ինչ-որ դատարան դիմելու,եթե առաջանում է ճգնաժամ, ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը,ապա դիմենք միջազգային դատարան»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմից ներկայացրած առաջարկներում կա՞ Լեռնային Ղարաբաղին ուղղակի կամ անուղղակի առնչվող կետ, որով կարող է հանգուցալուծում լինել՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ դա բանակցության հարց է։«Երբ բանակցությունները տեղի ունենա, հարցը վերջնական կհասկանանք»,- ասաց Գրիգորյանը: