«Փելոսիի հայտարարությունները մեսիջներ էին նաև տարածաշրջանում խաղացողներին». Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի երևանյան եռօրյա այցն ավարտվեց այսօր։ Ինչպե՞ս եք գնահատում այդ այցը, ի՞նչ տվեց կամ կտա այն Հայաստանին։

– Ընդհանուր առմամբ, այցը կարևոր է ոչ միայն նրանով, որ փաստացի աննախադեպ այց է, ու նման կարգի բարձրաստիճան պաշտոնյա ԱՄՆ-ից երբեք չէր ժամանել Հայաստան, այլ կարևոր է նաև, որ էական հանգրվան կարող է լինել հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի տեսանկյունից, բայց, բնականաբար, այդ ամեն ինչի չափումը պետք է լինի ավելի առարկայական իրողությունների վրա։

Այսինքն՝ տեսնենք, թե այցն ինչպիսի արդյունքներ կարձանագրի, ու հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից ինչ նոր զարգացումներ ու որակ կարող ենք տեսնել թե՛ Հայաստանի համար էական ու առանցքային՝ անվտանգության հարցերի առնչությամբ և թե՛ նաև ոչ պակաս կարևոր՝ տնտեսական զարգացումների, որովհետև ցանկացած երկկողմ հարաբերության հիմքում տնտեսական հետաքրքրություններն են։

Այս տեսանկյունից, իհարկե, շատ կարևոր գնահատելով այցը, այդուհանդերձ պետք է դիտարկել, թե այդ այցն ինչպիսի կոնկրետ արդյունքներ կարող է արձանագրել։ Պետք է նկատի ունենալ նաև, որ ԱՄՆ-ի պետական քաղաքականությունն ավելի շատ գտնվում է գործադիր իշխանության տիրույթում։ Կոնգրեսը, իհարկե, ունի կարևոր դերակատարություն, ու նաև մասնավորապես Նենսի Փելոսին առանցքային դեմքերից մեկն է, բայց որպես առանցքային չափիչ պետք է դիտարկել գործադիր իշխանության քաղաքականությունը և վարքագիծը, բայց, կրկնեմ՝ սա չի նվազեցնում այցի կարևորությունը, պարզապես պետք է շատ ռացիոնալ գնահատել իրադարձությունները։

– Փելոսիի այցի իրական նպատակը կամ դրդապատճառը ո՞րն էր, ինչ եք կարծում։

– Շատ դժվար է ասել՝ առավելևս, որ ընդհանրապես գերտերությունների ու հատկապես թիվ մեկ գերտերության քաղաքականության առումով ես չեմ պատկերացնում, որ լինում է մեկ-երկու դրդապատճառ։ ԱՄՆ-ն իր քաղաքական հորիզոնով շատ ընդգրկուն դիտարկում է անում ու ընդգրկուն մասշտաբ ունի համաշխարհային քաղաքականության համատեքստում, ու այստեղ նաև կոնկրետ այցի մասին խոսելիս մենք կարող ենք մի շարք դիտարկումներ անել։

Այդ այցը կարող է պայմանավորված լինել թե՛ ռուս-ամերիկյան դիմակայությամբ և Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու, այստեղ Ռուսաստանին խնդիրներ առաջադրելու համատեքստում, թե՛ Իրանի միջուկային ծրագրի համատեքստում, որովհետև Կովկասում ԱՄՆ ակտիվության հանդեպ, բնականաբար, չափազանց զգայուն է նաև Իրանը շատ հասկանալի պատճառներով: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ միջուկային ծրագրի վերականգնման հարցի շուրջ բավական բարդ հարաբերություններ են ձևավորված Իրանի ու ԱՄՆ-ի միջև։ Մենք տեսնում ենք, որ այդ համաձայնությունը, գոնե առայժմ, ձգձգվում է․ ԱՄՆ-ն իր պայմաններն է փորձում թելադրել Իրանին, Իրանը՝ իր։

– Ի՞նչ կարևոր մեսիջներ կառանձնացնեք Փելիսիի խոսքից, պարո՛ն Բադալյան։

– Առանձնապես նոր կամ անսպասելի ազդակներ չեն հնչել։ Նկատելի էր, որ Նենսի Փելոսին բավական զգույշ էր նաև այն հարցադրումների պատասխաններում, թե ԱՄՆ-ն անվտանգության հարցերում ինչպիսի երաշխիքներ կրող է տալ Հայաստանին։

Այս զգուշավորությունը կարող ենք երկակի դիտարկել․ մյուս կողմից էլ շատ ողջունելի է, եթե Հայաստանը չի սնուցվում խոստումներով, որոնք գործնականում իրագործելի չեն, որովհետև առաջին հերթին այնքան էլ չեն բխում ԱՄՆ-ի պետական քաղաքականության շահից։

Ի՞նչ նկատի ունեմ. օրինակ՝ մեզ առանձնապես հետաքրքրում է, թե ԱՄՆ-ն ինչո՞վ կարող է աջակցել ադրբեջանական ագրեսիայի դեմ, ու մենք այս համատեքստում շատ ենք խոսում սպառազինական օգնության մասին և այլն, բայց ես խիստ կասկածում եմ, որ ԱՄՆ-ն կգնա Հայաստանի հանդեպ անվտանգային այդպիսի հանձնառության, որը նշանակելու է կոնֆլիկտային իրավիճակ Ադրբեջանի հանդեպ ու, ըստ այդմ ՝ նաև որոշակիորեն Թուրքիայի հանդեպ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։

Կասկածում եմ, որ ԱՄՆ-ն անվտանգային ֆիզիկական իմաստով ինչ-որ հանձնառություն կստանձնի Հայաստանի հանդեպ, ու այստեղ ավելորդ խոստումներ չտալը միանշանակ ողջունելի է։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն դիրքավորվում է անվտանգության իրավիճակը հակամարտությունների կարգավորմամբ կառավարելու մեթոդաբանության շրջանակում, այսինքն՝ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում բանակցել միմյանց հետ, լուծել հարցերն ու այդկերպ գնալ դեպի անվտանգություն:

Եթե այդ հարցերը լուծված լինեն, կարծում եմ, որ ԱՄՆ-ն արդեն անմիջական հանձնառություն՝ անվտանգության կառավարման իմաստով կստանձնի, որովհետև դա այլևս չի ենթադրի կոնֆլիկտ այս կամ այն կողմի հետ, եթե մի կողմին աջակցում է։ Հետևաբար, ԱՄՆ-ն հիմա առավել ջանք պատրաստ է գործադրելու միայն այդ ուղղությամբ։

Ընդ որում՝ այստեղ էլ իրավիճակը շատ հարաբերական է, որովհետև ԱՄՆ-ի ակտիվությունը ինչ-որ իմաստով ճնշում է նաև Ռուսաստանի ու նրա դերի վրա, հետևաբար այն մյուս կողմից կարող է ավելացվել հակազդեցություն, և այդ հակազդեցությունը առաջ բերի անվտանգության նոր սպառնալիքներ ու ռիսկեր, որովհետև Ադրբեջանն էլ երբեք չի վարանել ու չի վարանելու օգտվել ռուս-ամերիկյան դիմակայությունից և, ունենալով ռազմական, տնտեսական ու այլ որոշակի ներուժ, փորձել խաղալ այս երկուսի հակասության միջև ու իր համար ինչ-որ հարցեր լուծել՝ կիրառելով նաև ռազմական շանտաժի գործիքը։

Հետևաբար այս խնդիրներն իսկապես բարդ են, ու երբ խոսում ենք մեզ համար առանցքային կարևորություն ունեցող անվտանգության բաղադրիչի մասին, շատ կարևոր է գերռացիոնալ գնահատել իրավիճակը ու այս տեսանկյունից Փելոսիի հայտարարությունները չդիտել այն լույսի ներքո, ինչպիսին գործնականում չկա՝ հատկապես որ այդ առումով նրա հայտարարությունները բավականին զուսպ էին։

Փելոսին եկավ, քաղաքական կարևոր հայտարարություններ արեց, որոնք, այո՛, մեսիջներ էին նաև տարածաշրջանում խաղացողներին առ այն, որ ԱՄՆ-ն պատրաստվում է այստեղ տևական ժամանակ ակտիվ խաղալու, բայց մենք պետք է առանցքային ձևով հասկանանք այդ խաղի տրամաբանությունը։

– Վերջին օրերի ամենահաճախ լսվող թեզը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն է առնչվում։ Ի՞նչ ռիսկեր ու հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, եթե վերջինս որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից։

– Բնական է, եթե ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, դա առճակատում է Ռուսաստանի հանդեպ, այսինքն՝ մենք հարվածում ենք Ռուսաստանին, այլ հարց է, եթե մենք համաձայնեցնում ենք այդ քայլը Ռուսաստանի հետ։ Եթե այսօր Հայաստանը գնա այդպիսի քայլի, դա նշանակում է առճակատում Ռուսաստանի հետ: Եթե հաշվարկվում են այդ առճակատման ռիսկերը, եթե կան շատ հստակ երաշխիքներ, որ, օրինակ՝ Ռուսաստանը դրան հակազդող քայլերի հարցում եթե դիմի ադրբեջանական հերթական շանտաժին կամ ռազմական ագրեսիային՝ Ադրբեջանի միջոցով Հայաստանին հակադարձելու համար, ու եթե կան հաշվարկած մեր պաշտպանական մեխանիզմները, գուցե արժի քննարկել այդ հարցը, բայց ես այսօր չեմ տեսնում այդ մեխանիզմները։

Իսկ եթե մենք այս կերպ ավելի ենք գրգռելու Ռուսաստանին ու ավելի մեծ մանևրի հնարավորություն ենք տալիս Ադրբեջանին՝ դրա դիմաց ընդամենը ստանալով մեր հաշվին, թեկուզ Ռուսաստանի դիրքերի թուլացում, ես խիստ կասկածում եմ այդ քայլի նպատակահարմարությանը՝ առնվազն այսօրվա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակից ու այսօրվա իրավիճակի հարաբերակցությունից ելնելով։

Ըստ այդմ՝ չեմ տեսնում, որ այդ հարցը Հայաստանի համար ինչ-որ ռացիոնալ խնդիրներ լուծելու հնարավորություն է, առավելևս, մեծ հաշվով, մենք, օրինակ՝ տեսնում ենք Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի օրինակները, որոնք լինելով ՀԱՊԿ անդամ՝ անհրաժեշտության դեպքում որոշակի ծավալով գործակցում են թե՛ ԱՄՆ-ի, թե՛ այլ ռազմաքաղաքական սուբյեկտի հետ։ Այս տեսանկյունից չեմ կարծում, որ ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին սահմանափակում է այլ երկրների հետ անվտանգության շուրջ գործակցություն ու քաղաքականություն առաջ տանելու համար։

Այո՛, կա սահմանափակում այլ երկրների ռազմական ենթակառուցվածք տեղակայելու իմաստով, բայց սա ևս քաղաքական աշխատանքի խնդիր է, որովհետև մենք օրինակներ տեսնում ենք միջինասիական հանրապետությունների դեպքում, որոնք ֆորմալ իմաստով նույն սահմանափակումն ունենալով՝ անհրաժեշտության դեպքում այդ ենթակառուցվածքների հարցում էլ համագործակցում են թե՛ ԱՄՆ-ի, թե՛ այլ երկրների հետ։

Ըստ այդմ՝ խնդիրն այստեղ քաղաքական է, ու հարցը բերել հասցնել ՀԱՊԿ անդամ լինել-չլինելու ֆորմալությանը և չունենալ հետագա քաղաքականության, անվտանգության երաշխիքների ինչ-որ ռեսուրսներ ու մեխանիզմներ, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ հարցադրում չէ, որ այսօր պետք է անենք։

– Այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը ի՞նչ քայլեր պետք է անի, որ նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի ու այլ երկրների օժանդակությամբ կարողանա զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի օրեցօր ընդլայնվող ախորժակը։

– Այս ամենի հիմքում նախևառաջ պետք է լինի այն, թե մենք ինչ կարող ենք անել մեր ներքին կյանքն արդյունավետ կազմակերպելու և ներքին համակեցության այնպիսի մեխանիզմի գալու համար, որ կբարձրացնի մեր ներուժը, որը միայն կարող է հիմք լինել մնացյալ ուժային կենտրոնների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Բնականաբար, այդ առումով պետք է առավելագույն աշխատանք կատարենք թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի, Եվրոպայի ու ընդհանրապես բոլոր հնարավոր ուղղություններով։

Սա պարզ ճշմարտություն է, որի մասին ավելորդ է խոսել, այլ հարց է, թե մենք ինչ ներուժ ունենք, ու ինչպես ենք կարողանում դա կապիտալացնել, որ այդ ուղղություններով աշխատանքը արդյունավետ լինի։

Հայաստանի համար պետք է կարմիր գիծ լինի որևէ մեկի դեմ աշխատանքում հայտնվելու հեռանկարը, այսինքն՝ աշխատելով Ռուսաստանի հետ՝ մենք պետք է առավելագույնը անենք Արևմուտքի դեմ չհայտնվելու համար ու հակառակը։ Սա, բնականաբար, շատ բարդ աշխատանք է, բայց այս պահին չեմ տեսնում այլ տարբերակ, ու թող ներվի ասել, այդքան էլ լուրջ չեմ ընկալում խոսակցությունները, որ մենք կարող ենք ինչ-որ գնացքից թռչել ու նստել մեկ այլ գնացք՝ այլ ուղղությամբ գնացող։

– Պարո՛ն Բադալյան, իսկ Իրանի մասով ունեցած սպասելիքներն արդարացվա՞ծ են, որոնք կան հայ հանրության ու քաղաքական գործիչների մոտ։

– Իհարկե, Իրանի հետ Հայաստանի անվտանգության հետաքրքրությունները զգալիորեն համահունչ են, բայց էլի չպետք է ընկնել ավելորդ սպասումների մեջ ու մտածել, որ Իրանը մեզ համար կարող է կռվել Ադրբեջանի, առավելևս՝ Թուրքիայի դեմ, եթե անգամ կռվի՝ կկռվի իր համար, ու մենք այս դեպքում առավելագույնը լինելու ենք պատերազմի թատերաբեմ։

Պետք է սթափ գնահատենք մյուս երկրների դիրքորոշումներն ու նրանց արտահայտած մտքերն իրենց անվտանգության տեսանկյունից։ Այո՛, Իրանը պատրաստ է անել առավելագույնը ու ամեն ինչ իր սահմաններն ու իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, բայց չի նշանակում, որ պատրաստ է նույնին Հայաստանի համար։ Այս նրբությունները պետք է կարողանանք հստակ գնահատել։

– Այս հրադադարը որքա՞ն կպահպանվի, ու արդյոք Ադրբեջանը, հաշվի առնելով միջազգային այս արձագանքները, կդիմի՞ լայնածավալ պատերազմի։

– Լայնածավալ պատերազմի գնալ-չգնալը Ադրբեջանի որոշման տիրույթում չէ, լայնածավալ պատերազմի Ադրբեջանին կարող են մղել կամ չմղել։ Ինչ վերաբերում է ավելի լոկալ շրջանակներում իրավիճակի լարման, դրա հավանականությունը միշտ մեծ է եղել, 44-օրյա պատերազմից հետո մենք ապրում ենք այդ ռեժիմով, ու Հայաստանը պետք է առաջնորդվի ամեն հաջորդ պահին այդպիսի լարվածությանը պատրաստ լինելու տրամաբանությամբ։ Որքան պատրաստ լինենք՝ այնքան կկարողանանք չեզոքացնել դրա վտանգը։

– Բացի Թուրքիայից, Ադրբեջանին լայնածավալ պատերազմի դրդող էլ ի՞նչ երկրներ կան։

– Կարող են դրդել բոլորը, որոնց շահերից կբխի Կովկասի ապակայունացումը, ու այստեղ, մենք կարող ենք դիտարկել ամենատարբեր սցենարները։ Կարող է լինել իրավիճակ, երբ մեծ ապակայունացումը չբխի Թուրքիայի շահից, այլ բխի Իսրայելի շահից՝ ընդդեմ Իրանի։ Կարող է լինել ինչ-որ մոտիվ կամ շահ ընդդեմ Ռուսաստանի, ապակայունացնել Կովկասը, որպեսզի վերջին հարվածը հասցվի Ռուսաստանի դիրքերին այստեղ, բնականաբար, դա անել Հայաստանի միջոցով ու այդկերպ լուծել Ռուսաստանի խնդիրները։

Թուրքիայի մոտիվներն էլ կարող ենք հասկանալ, որ ապակայունացման միջոցով տարածաշրջանում ավելացնի իր ներկայությունը։

Այսինքն՝ եթե դիտարկենք մոտիվները, կարող ենք դրանք գտնել գործնականում բոլոր խոշոր խաղացողների մոտ: Սրանց հավանականությունը կախված է, թե լայն իմաստով իրադարձությունները կզարգանան ոչ միայն Կովկասում, այլ նաև մնացյալ բոլոր տարածաշրջաններում, բնականաբար, այդ ամեն ինչի էպիկենտրոնն էլ ուկրաինական պատերազմն է։

Քրիստինե Աղաբեկյան