Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն էուլջեկչյանը բանտից տեղափոխվել է հիվանդանոց․ Factor.am

Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը, որը գերեվարվել է ադրբեջանական ուժերի կողմից նոյեմբերի 10-ին Շուշիի մոտակայքում, տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Factor.am-ը։

Այս մասին Asbarez-ին պատմել են Էուլջեկչյանի 18-ամյա դուստրը՝ Քրիստինեն ու մայրը՝ Բեատրիսը։ Նրանք նշել են, որ Բեյրութից վերջին անգամ Վիգենի հետ խոսել են, երբ նրան բանտից հիվանդանոց են տեղափոխել։ Լրատվամիջոցը գրում է, որ Լիբանանի տնտեսական ու քաղաքական դժվարությունների պատճառով Վիգենը որոշել է տեղափոխվել Հայաստան, 2017 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել՝ պահպանելով Լիբանանի քաղաքացիությունը։

Նա մշտական բնակություն հաստատելու ու բիզնես սկսելու նպատակով Երևան է տեղափոխվել է 2019 թվականին, մեքենա է գնել ու սկսել աշխատել որպես վարորդ՝ զբոսաշրջիկներին տանելով շրջագայությունների։ Վիգենը գերեվարվել է հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց՝ Շուշիի մոտակայքում, մեկ այլ լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ։

Նա մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ իրերը Շուշիի հյուրանոցից վերցնելու համար։ Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զինվորները և ավտոբուսով տեղափոխել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների հետ։ Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց 2021 թվականի մարտին, մինչդեռ Վիգենը դեռ գերության մեջ է։

Ադրբեջանը նրա դեմ քրեական գործ է հարուցել․ Բաքվում փորձում են նրան ներկայացնել որպես օտարերկրացի «վարձկան»: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բանտում նրան այցելել են միայն 2021թ․-ի փետրվարին։ Նրանք էլ ապահովում են Վիգենի ու Բեյրութում գտնվող ընտանիքի անդամների կապը։ Ապրիլին Վիգենին թույլ են տվել առաջին անգամ զանգահարել ընտանիքին։ Նա պատմել է, որ լավ է։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 114.3, 214.2.1, 318.2 հոդվածներով։ Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքչյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։

Նույնիսկ կայացել է դատական նիստ։ Բաքուն լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին ու Ադրբեջանում պահվող հայ մյուս ռազմագերիներին ներկայացնում է որպես հանցագործների՝ նրանց դեմ շինծու քրեական գործեր հարուցելով։