Ծառուկյանի գործն ու ռուսական մեդիայի մանիպուլյատիվ անդրադարձը․ Fip.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները բավական յուրահատուկ կերպով են լուսաբանվել ռուսական որոշ լրատվականների կողմից՝ համեմվելով նաև մանիպուլյատիվ և իրականությանը չհամապատասխանող պնդումներով ու հայտարարություններով։

Գագիկ Ծառուկյանի տանը, հիշեցնենք, հունիսի 14-ին խուզարկություն էր տեղի ունեցել, ինչից հետո Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություններ Ծառուկյանի բիզնեսներում տեղ գտած խախտումների և 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բաժանած ընտրակաշառքների մասին, իսկ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր հարցաքննության, նրան մեղադրանք էր առաջադրվել:

Արդեն հունիսի 17-ին Ազգային ժողովը զրկել էր Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և բավարարել գլխավոր դատախազի՝ ԲՀԿ առաջնորդին ազատությունից զրկելու միջնորդությունը։ ԲՀԿ պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները, սակայն, տեղի ունեցողը որակել էին որպես քաղաքական հետապնդում, կապել դա հունիսի 5-ին իշխանությունների հասցեին Ծառուկյանի հնչեցրած քննադատության հետ։ Բացի դա, Ծառուկյանի աջակիցները բողոքի ցույցեր էին իրականացրել, նախ, հունիսի 14-ին ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ հարցաքննվում էր Ծառուկյանը, իսկ հունիսի 17-ին՝ Ազգային ժողովի դիմաց։ Ցույցերից բերման էին ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ՝ արտակարգ դրությամբ և համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հավաքների անցկացման արգելքը խախտելու համար։

Սոլովյովի գերիները

Նախքան ռուսական որոշ լրատվականների հրապարակումներին անդրադառնալը, հարկ է նշել, որ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություներին բավական լայն անդրադարձ է եղել ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի յութուբյան հաղորդման ժամանակ։ Մի կողմ թողնելով այդ հաղորդման ժամանակ Սոլովյովի արած մի շարք խնդրահարույց հայտարարություններն ու դրանց վերաբերյալ հաղորդման մյուս մասնակիցների տարակուսելի լռությունը, այնուամենայնիվ, հարկ է անդրադառնալ հենց վերջիններիս արած մի շարք պնդումներին։

Այսպես, հաղորդման մասնակից, ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալության աշխատակից Արմեն Գասպարյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավոր լինելու շրջանին՝ նշելով, որ նա պատգամավոր է եղել «Ելք» (Выход) դաշինքի կազմում: «Նա եղել է խորհրդարանում, որտեղ եղել է ոչ անհայտ «Ելք» (Выход) խմբակցության անդամ։ «Ելք»՝ այսինքն դուրս գալ Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերից, այսինքն պետք չէ ոչ մի ռազմավարական համագործակցություն»,- մասնավորապես, ասել է Գասպարյանը։

Այս դեպքում ևս, դժվար զսպելով Գասպարյանի հայտարարության կապակցությամբ առաջացող տարակուսանքը, այնուամենայնիվ հարկ է նշել, որ վերջինիս պնդումը պարզապես մանիպուլյատիվ է։ «Ելք» խմբակցության անվանման իմաստը, ինչպես բացատրել էր համահիմնադիր Փաշինյանը, Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորությունն է, իսկ աշխարհքաղաքական ուղերձ այդ անվան մեջ չկա։

Ավելին, Գասպարյանի նշած՝ Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերից դուրս գալու և համագործակցությունից հրաժարվելու մասին խոսք չկար նաև «Ելք» դաշինքի ծրագրում, որտեղ ասվում էր միայն, որ դաշինքը դեմ է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, որին անդամակցելու ռիսկերը պետք է վերագնահատվեն։ Եվրասիական մեկ այլ՝ Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին ծրագրում ասվում էր, որ պետք է բանակցություններ սկսվեն կազմակերպության անդամ երկրների հետ՝ միմյանց նկատմամբ պարտավորությունները հստակեցնելու շուրջ։

Կոնկրետ Ռուսաստանի մասին ծրագրում ասվում էր, որ ձեռնարկվելու են բոլոր միջոցները ՌԴ-ի հետ արժանապատիվ և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այստեղ, ինչպես տեսնում եք, ևս ոչ մի բան չէր ասվում Ռուսաստանի հետ պայմանագրերը խզելու և չհամագործակցելու մասին։

Թերևս, եզրափակելով Գասպարյանի խոսքերի շուրջ ծավալումը, հարկ է նշել, որ վերջինիս РИА Новости-ն նախկինում իր հրապարակումներում օգտագործում էր «Ելք» դաշինքի անվան ռուսերեն թարգմանության Исход տարբերակը։

Եվ նորից փորձելով շրջանցել այդ հաղորդման ընթացքում հնչած բազմաթիվ խնդրահարույց մտքերը՝ հարկ է կանգ առնել հաղորդման մասնակից, հայաստանցի լրագրող և քաղաքագետ Հայկ Խալաթյանի հնչեցրած մի պնդման վրա։ «Քրեական գործերից մեկը (Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված-խմբ․) վերաբերում է «Շանգրի Լա» կազինոյին։ Ստացվում է այսպես, ներկայիս իշխանությունը չեղարկում է նախորդ կառավարության ընդունած որոշումը, որով թույլ էին տվել խոշոր ներդրում անել։

Իսկ հիմա ես մտածում եմ՝ ո՞ր ներդրողը կուզենա ներդրում անել մի երկրում, որտեղ ամեն նոր կառավարություն կարող է 5-7 տարի հետո փոխել խաղի կանոնները և հարվածի տակ դնել քո ներդրումները»,- մասնավորապես, հայտարարել է Խալաթյանը՝ նկատի ունենալով Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցված քրեական գործը։

Իրականում, սակայն, Խալաթյանը, հավանաբար, ոչ լիարժեք է հասկացել վերոնշյալ քրեական գործի բնույթը։ Այսպես, ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, որևէ խոսք չի գնում նախորդ կառավարության որևէ որոշում չեղարկելու մասին։ Ավելին, խոսքը գնում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը չի կատարել նախորդ կառավարության որոշմամբ նախատեսված ներդրումներն ամբողջությամբ և, բացի այդ, իրականացրել է խաղատան և շահումով խաղերի կազմակերպում դրա լիցենզիան չունեցող վայրում՝ այդ կերպ նույնպես պետությանը պատճառելով միլիարդավոր դրամների վնաս։ Իսկ հարցին, թե ԱԱԾ հաղորդագրության հատկապես ո՞ր մասում է Հայկ Խալաթյանը նշմարել այն, ինչի մասին խոսել է Սոլովյովի հաղորդման ժամանակ, դժվար է տալ միանշանակ պատասխան։

Եվ շարունակելով քննարկվող հաղորդման շրջանակում հնչած խնդրահարույց հայտարարությունները շրջանցելու փորձերը՝ թերևս պետք է կանգ առնել նաև հաղորդման մեկ այլ ռուսաստանցի մասնակցի՝ Ալեքսեյ Մարտինովի խոսքերի վրա։ «Հիշեցնեմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչ այժմ նստած է կալանքի տակ, և նրա բողոքարկումները նույնիսկ չեն քննարկվում»,- մասնավորապես, ասել է Մարտինովը։

Թերևս, այստեղ նույնպես չի ստացվի խուսափել տարակուսանքից, քանի որ Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկմանը մասնակցող փորձագետը պետք է որ իմանար, որ Հայաստանի դատարանները Քոչարյանի գործի շրջանակում հիմնականում զբաղված են Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունների և բողոքարկումների քննարկմամբ, իսկ բոլորովին վերջերս՝ հունիսի 18-ին, Վերաքննիչ դատարանը նույնիսկ բավարարեց նրա խափանման միջոց կալանքը 4 միլիարդ դրամի գրավով փոխելու միջնորդությունը, ինչի արդյունքում Քոչարյանն այլևս ազատության մեջ է։

«Զանգվածային» ցույցեր Երևանում

Երևանում հունիսի 14-ին և հետագա օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, լուսաբանել են նաև ռուսական այլ լրատվականներ։ Այդ հրապարակումներից մի քանիսը, սակայն, կրել են որոշակի մանիպուլյատիվ բնույթ և պարունակել են որոշ անճշտություններ։

Մասնավորապես, հայտնի Gazeta.ru կայքն իր հրապարակումներից մեկը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Ծառուկյան՝ վարչապետ․ Հայաստանը պահանջում է Փաշինյանի հրաժարականը»։ Ու թեև հրապարակման մեջ ավելի ուշ նշվում է, որ տեղի ունեցած ցույցերին մասնակցել են Ծառուկյանի կողմնակիցները, այնուամենայնիվ, վերնագրից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացման հանրային պահանջ կա ձևավորված։

Ռուսական հեղինակավոր մեկ այլ լրատվամիջոց՝ Kommersant.ru-ն, իր հրապարակումը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Փաշինյանին մարտահրավեր է նետել փողոցը»։ Այստեղ ասվում է նաև, թե «2018 թվականին փողոցային ցույցերի ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բախվել է իր պաշտոնավարման դեմ զանգվածային ցույցերի հետ»։

Նշենք, սակայն, որ հունիսի 14-ին ԱԱԾ շենքի մոտ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի ցույցին մասնակցել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, ինչը նույնիսկ Հայաստանի պես փոքր երկրի պարագայում չի կարող դիտարկվել որպես «բողոքի զանգվածային ցույց», իսկ պարբերականի վերնագիրը, ինչպես և Gazeta.ru-ի դեպքում, տպավորություն է ստեղծում, թե Փաշինյանի դեմ լայն հանրային տրամադրվածություն կա։

Ինչևէ, ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ ռուսական մեդիա տիրույթում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման ընթացքում տեղ են գտնում բազմաթիվ մանիպուլյացիաներ և անճշտություններ, որոնք, ընդհանուր առմամբ, կարող են էապես խեղել ռուսաստանցիների և Ռուսաստանի հանրության պատկերացումները հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ։

Վահե Ղուկասյան

Fip.am