Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում կարճ կտևի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է, թե ինչ հիմքով են Ղազախստան ուղարկվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը և ինչ ժամկետով են այնտեղ առաքելություն իրականացնելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու համար հիմք են հանդիսանում Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ և չորրորդ հոդվածները, խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի` ռազմական օգնություն ցուցաբերելու մասին դիմումը:

« Ահա թե ինչն է հիմք ծառայել մեր պետությունների ղեկավարների կողմից խաղաղապահ գործողության անցկացման մասին որոշում կայացնելու համար: Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ և հասկանալի ասվում է, որ պետության անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները համակարգելու համար և միջոցներ են ձեռնարկում այդ պետությանը օգնություն ցուցաբերելու համար, ինչը տեղի է ունեցել այս դեպքում Ղազախստանում:

Այն իրադարձությունները, որոնք այնտեղ հիմա տեղի են ունենում, իրական վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության, նրա կայունության եւ նույնիսկ տարածքային ամբողջականության համար:

Այդ պատճառով ստացվել է նման դիմում, անցկացվել են պետությունների ղեկավարների արտակարգ խորհրդակցություններ և համապատասխան որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի գործարկման մասին, որպեսզի նվազագույնի հասցվեն սպառնալիքները և վիճակը կայունանա»,- ասել է Զասը: