«Խանութները փակ են, չկա եկամուտ, չկա գումար, բայց կան հարկեր և հարկային պարտավորություններ». Ձեռագործ զարդերով զբաղվող գործարար

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բիզնեսների գործունեության համար ստեղծել է անորոշ վիճակ։ Նկարիչ-դիզայներ, «Լուսինե Հարությունյան» ձեռագործ զարդերի ապրանքանշանի հիմնադիր Լուսինե Հարությունյանի խոսքով՝ մի կողմից բիզնեսի գործունեությունն անհնար է դարձել, մյուս կողմից՝ կան հարկային պարտավորություններ։ 

«Խանութները փակ են, չկա եկամուտ, չկա գումար, բայց կան հարկեր և հարկային պարտավորություններ»,- ասում է նա։

Լուսինե Հարությունյանը մասնագիտացած է ձեռագործ զարդերի արտադրության մեջ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ամբողջությամբ կանգնեցրել է բիզնեսի գործունեությունը, բիզնեսը չի գործում, մինչդեռ կան հարկային պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն՝ սոցհարկ, եկամտային հարկ, ԱՁ հարկ։ 

«Երկու խանութ ունենք, երկուսն էլ գտնվում են մոլերում, բնականաբար, մոլերը չեն աշխատում, հետևաբար չենք աշխատում ամբողջությամբ»,- նշում է նա և հավելում, որ առաքման պատվերներ նույնպես չեն ստանում, քանի որ մարդիկ հիմա հացի խնդիր ունեն,- զարդերը չեն համարվում առաջին անհրաժեշտության իրեր, չեմ կարծում, որ այս պահին մարդկանց ուշքն ու միտքը զարդ գնելն է, մարդիկ խնայում են այդ գումարները, որ կարողանան ապրել»:

Նկարիչ-դիզայներն ասում է՝ քանի որ բիզնեսը գրանցված է ԱՁ-ով, օգտվել են կառավարության ծրագրերից, աշխատողները՝ նույնպես: «Բայց քանի որ բիզնեսը չի աշխատում, երկար ժամանակ է պետք, որ կարողանանք այդ ամենը հետ բերել, չեմ կարծում, որ դա թեթևացնում է մեր հոգսը, բայց ուշադրությունը հաճելի է»,- ասում է նա։

Հարությունյանը նշում է, որ այն, ինչ հասցրել էին կուտակել, այս օրերին ծախսում են ընտանեկան հարցերի համար․ «Ստացվում է՝ բիզնեսի գումարը դու տնօրինում ես ոչ բիզնեսի համար»։ 

Ասում է՝ դժվար է ստեղծագործող մարդու համար, չնայած կորոնավիրուսի օրերին ազատ ժամանակը շատ է ստեղծագործելու համար, սակայն քանի որ նյութերը ծախսատար են և գնորդներ չկան, նոր հումք չի գնում:

«Դու չունես եկամուտ, որ տվյալ պահին ստեղծագործես, վաճառես ու դրա փոխարեն նյութ գնես ու այդպես շարունակ, այսինքն՝ այդ շրջապտույտը չկա, այսինքն՝ պիտի ստեղծագործես, նայես, ուրախանաս ու վերջ։ Ես սոցիալական մեդիայում նույնպես գովազդներ չեմ միացնում զարդերի համար, որպեսզի այդ գովազդային գումարները չծախսվեն»։

Լուսինե Հարությունյանը չի պատկերացնում, թե այս ամենի ավարտից հետո ինչ են անելու: «Ինձ թվում է՝ այս ամենի ավարտից հետո պետք է սկսենք զրոյից։ Ունենք դեռ պատրաստի զարդեր, որոնք չեն վաճառվել, և որոշ հումք, միգուցե դա այն լուսավոր կետն է բիզնեսը նորից սկսելու»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am