ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը

ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մեր կողմից հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման հետ կապված, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում: Մենք պատրաստ ենք այս աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը», – հայտնել է ՌԴ փոխարտգործնախարարը։