Կրակել են նաև Վերին Շորժայի ուղղությամբ, թեև իրավիճակը հանգիստ է, բայց ամեն պահի սպասում ենք իրավիճակի սրման. Հակոբ Ավետյան

«Այսօր ու այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, ոչ մի բան չկա, բայց, դե, այդ հանգստությունը խիստ հարաբերական է, բնակիչներն ամեն պահի սպասում են նոր կրակոցների ու իրավիճակի էլ ավելի սրման»,- «Մեդիալաբին» ասում է Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար, Սոթքի բնակիչ Հակոբ Ավետյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ադրբեջանը նաև ականանետներ էր կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը դիմել էր անհրաժեշտ պաշտպանական գործողությունների։ 

Տեղ համայնքում կատարվող ռազմական գործողություններին զուգահեռ՝ ադրբեջանական զորքը հրադադարը խախտել էր նաև հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել էին Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները, աշխատակիցները՝ տարհանվել:

«Կրակոցներ եղել են նաև Վերին Շորժայի կողմերը, բայց այդքան ինտենսիվ չեն եղել՝ մի հատվածում 15-20 րոպե, դրանից հետո մինչև հիմա հանդարտ է, ոսկու հանքն էլ սկսել է աշխատանքն առավոտվանից»,- ասում է Հակոբ Ավետյանը։

Ավետյանի խոսքով՝ թշնամին այդ հատվածներում դիրքային առաջխաղացում չի ունեցել, բայց նմանատիպ միջադեպերն անգամ անհանգստություն են առաջացնում բնակիչների շրջանում։

«Սեպտեմբերյան դեպքերից հետո ընտանիքները մեծ մասամբ հետ վերադարձան, չնայած մոտ 50 ընտանիք Սոթք չվերադարձավ։ Վերադարձածների մոտ էլ ցանկացած նոր կրակոց սրում է անհանգստության զգացումը»,- նշում է Ավետյանը։

Սոթքում խնդիրները շատ են նաև գարնանային աշխատանքների մասով, որովհետև, ինչպես ասում է Հակոբ Ավետյանը, մարդիկ իրենց հողամասերում ցանքս չեն անում, թշնամու նոր հարձակման մտավախությունը բոլորի մեջ էլ կա։ Նշենք, որ Սոթքում ու, ընդհանրապես, համայնքում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:

«Քանի որ մարդկանց դաշտերի մեծ մասն ամայի է մնում այս պատճառով, գյուղում սոցիալական խնդիրներն էլ ավելի են խորացել, բայց չնայած դրան, մենք չենք ուզում մեր տարածքները լքել, ժողովուրդն այսօր ավելի շատ է շահագրգիռ սեփական տարածքները պահպանելու հարցում, քան պետական մարմինները»,- «Մեդիալաբին» ասում է Սոթքի բնակիչ Հակոբ Ավետյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am