Վարչապետը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

Վարչապետը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին
Վարչապետը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով աշխատակազմի անդամներին, նշեց, որ Ռուստամ Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:

«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես ՊԵԿ-ի նախագահի տեղակալ և այս ընթացում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով կազմակերպչական բարձր ընդունակություններ: Շատ կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Գիտեք, ոչ մի գաղտնիք չկա, այս առումով մենք գտնվում ենք շրջադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնութունն ունի կամք, որ Հայաստանում իսկապես լինի անկախ դատական համակարգ: Այդ առումով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին իր կատարած աշխատանքի համար: Նա նշեց, որ Արտակ Զեյնալյանը Հայաստանում չէ և դա է պատճառը, որ այս հանդիպմանը ներկա չէ: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արտակ Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայեցնելու հնարավորություն կլինի:

«Ինձ համար շատ կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի, ես համոզված եմ, որ պարոն Բադասյանն ի վիճակի է նման մթնոլորտ ստեղծել, արդարադատության նախարարության համակարգին մոտիվացնել պոզիտիվ, կրեատիվ, ինովացիոն ոճի աշխատանքի: Ձեզ և նախարարության աշխատակիցներին հաջողություն եմ մաղթում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Արտակ Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո բավական բարդ աշխատանք է սպասվում, ես վստահ եմ, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանանք արդարացնել ձեր սպասելիքները: Էական է այս փուլում բոլոր ռազմավարական միջոցառումները, մասնավորապես, հակակոռուպցիոն ծրագիրը, որը շրջանառության մեջ է և քննարկվում է, կազմել այնպես, որ հանրությունը հստակ ունենա ակնկալիքներ՝ յուրաքանչյուր գործողության, հստակ վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքի մասով:Բոլոր մեր ռազմավարական փաստաթղթերը այսուհետ այնպես կկազմենք, որ հստակ լինի, թե երբ, ինչ է պատրաստ լինելու, որ ոլորտում ինչ խնդիր ունենք, ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումը»,-ասաց նա: