Էմի Ուայնհաուսի հորը պարտավորեցրել են գրեթե 1 մլն ֆունտ վճարել երգչուհու ընկերուհիներին

Էմի Ուայնհաուսի հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, պարտավորվել է գրեթե 1 մլն ֆունտ՝ մոտ 1.16 մլն եվրո, վճարել երգչուհու երկու ընկերուհիներին՝ Բարձր դատարանում Էմիի իրերի վաճառքի վերաբերյալ գործը պարտվելուց հետո։ Այս մասին գրում է Euronews-ը։

Դատարանի որոշմամբ՝ Միթչ Ուայնհաուսը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է վճարումներ կատարի Էմիի նախկին ոճաբան Նաոմի Փարիին և նրա ընկերուհի Կատրիոնա Գուրլեյին։ Նա նաև պարտավորվել է փոխհատուցել նրանց դատական ծախսերը։

Գործը վերաբերում էր երգչուհուն պատկանած իրերի վաճառքին ԱՄՆ-ում անցկացված աճուրդներում՝ 2021 և 2023 թվականներին։ Միթչ Ուայնհաուսը, որպես դստեր ժառանգության ներկայացուցիչ, պնդում էր, որ երկու կանայք շահույթ են ստացել Էմիին պատկանած իրերի վաճառքից։ Խոսքը 155 իրի մասին էր՝ հագուստ, պայուսակներ, հուշանվերներ և զարդեր։

Նաոմի Փարին և Կատրիոնա Գուրլեյը պնդել են, որ Էմին այդ իրերը կամ նվիրել էր իրենց, կամ դրանք արդեն իրենցն էին։ Դատավորը դեռ ապրիլին մերժել էր Ուայնհաուսի հայցը՝ եզրակացնելով, որ կանայք դիտավորյալ չեն թաքցրել վիճելի իրերը, իսկ Միթչ Ուայնհաուսը տեղյակ է եղել աճուրդների նախապատրաստման մասին։

Երեկ հրապարակված վճռում դատավոր Սառա Քլարկը նշել է, որ Ուայնհաուսը «ագրեսիվ և անզիջում» կերպով առաջ է տարել «սկզբունքորեն թույլ հայց», իսկ նրա պնդումները լուրջ վնաս են հասցրել կանանց հեղինակությանը, կարիերային, ֆինանսական անվտանգությանը և առողջությանը։ Դատավորի խոսքով՝ նա գործը վերածել է մեծածավալ և ծախսատար դատավարության՝ պատասխանողների վրա առևտրային ճնշում գործադրելու նպատակով։

Էմի Ուայնհաուսը մահացել է 2011 թվականին՝ 27 տարեկանում, ալկոհոլային թունավորումից։ Նրա մահվան 15-րդ տարելիցը լրացել էր անցած շաբաթ։