Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատում Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում

Հեղինակ MediaLab

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի պատասխանատու Կարլ Հայնց Շայդեին:

Բարձր գնահատելով Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն գործունեության համար, որ կազմակերպությունը ծավալել է անցած տարիների ընթացքում և շարունակում է այսօր:

Կարլ Հայնց Շայդեն ասել է, որ իր ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին, և իր համախոհ ընկերների հետ միասին արդեն 18 տարի իրականացնում են «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարեցտարի ավելի լայնածավալ է դառնում՝ մեծացնելով շահառուների թիվը:

Զրուցակիցները խոսել են հետագա ծրագրերի մասին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է մտածել փոքրիկ առանձին տնտեսություն հիմնելու գաղափարի մասին, որը հնարավորություն կտա օգտագործել սեփական արտադրանքը, ստեղծել նոր աշխատատեղեր՝ ծրագիրը դարձնելով ինքնաբավ ու կայուն: Կարլ Հայնց Շայդենն առաջարկը ոգևորությամբ է ընդունել՝ այն որակելով հրաշալի գաղափար:

Գերմանական Կարմիր խաչը Հայաստանում սկսել է գործունեություն ծավալել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Ակտիվորեն մասնակցելով ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն և բազմաբնույթ աջակցություն ցուցա­բերելով երկրաշարժից տուժած բնակչությանը՝ կազմակերպությունը համագործակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Հանրապետության նախագահի հրամանագրով, բարեգործական անխոնջ գործունեության համար, Կառլ Հայնց Շայդեն 2018 թ. պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: