«Հայաստանի փոքրիկ Սիցիլիան». ակտիվիստները մտնում են պայքարի մեջ, վերլուծաբանները զգուշացնում` մաֆիոզ Գյումրում մաքուր ձեռքերով դժվար է

«Հայաստանի փոքրիկ Սիցիլիան». ակտիվիստները մտնում են պայքարի մեջ, վերլուծաբանները զգուշացնում` մաֆիոզ Գյումրում մաքուր ձեռքերով դժվար է
«Հայաստանի փոքրիկ Սիցիլիան». ակտիվիստները մտնում են պայքարի մեջ, վերլուծաբանները զգուշացնում` մաֆիոզ Գյումրում մաքուր ձեռքերով դժվար է

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 9-ին սպասվող Գյումրու քաղաքապետի և ավագանու ընտրություններին պայքարի դաշտ է մտնում ավագանու անդամի տասը թեկնածուներով, ինչպես իրենք են նշում` «արմատական բարեփոխումների և որակյալ տեղական իշխանություն» ձևավորելու նպատակով:
Իրենց քայլը նախաձեռնության անդամները թեև «ծայրահեղ» են որակում, սակայն նշում են պայքարելու պատրաստակամության մասին:

«Մեր վարկանիշը բարձր է: Հաստատ մրցունակ ենք, բայց իրենք (իշխանությունները)տիրապետում են ահռելի վարչական ռեսուրսի, հանձնաժողովները իրենց ձեռքում են, ընտրակաշառքներ, ֆինանսներ, գազելներ, մեքենաներ, որոնցով մարդկանց պետք է տեղափոխեն ընտրատեղամասեր: 13 տարի մարդկանց լյումպենացրել են, սնել ու կերակրել ընտրակաշառքով: Մենք փողեր, կուսակցություն, հանձնաժողովներում տեղեր, վարչական ռեսուրսներ չունենք: Ունենայինք էլ` չէինք օգտագործի»,- «Մեդիալաբին» բացատրում է նախաձեռնության հեղինակներից Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Լևոն Բարսեղյանն ասում է, որ նախաձեռնությունն այս պահին քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու մասին չի մտածում, սակայն միևնույն ժամանակ նշում է, որ կպայքարեն ավագանիում տեղեր ունենալու համար:

«Գործող ավագանու անդամները տարիներ շարունակ զբաղեցրել են իրենց տեղերը, օրենքը չկարդալով, տեղյակ չլինելով իրենց պարտականություններին, հնարավորություններին, իրավունքներին: Ունենալով բոլոր միջոցները` չեն աշխատել»,- ասում է Լևոն Բարսեղյանը` նշելով, որ իրենք փորձելու են փոխել իրավիճակը:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրաժարականից և հուլիսի 21-ին ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից ազատվելուց հետո փոփոխության հույսեր են սկսել նշմարվել:

Տարիներ շարունակ արդեն նախկին քաղաքապետ` Ավետարանից մեջբերումներով խոսող Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներից առ այսօր, որի անվան հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց տհաճ պատմություններ, ըստ գյումրեցիների` քաղաքում խառնիճաղանջ իրավիճակ էր ստեղծել, իսկ նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, բազմիցս ոստիկանների ուշադության կենտրոնում է հայտնվել` անպատշաճ պահվածքի և սկանդալային արյունոտ պատմությունների հետ կապված:

Երկար տարիներ Վարդան Ղուկասյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնում պահելուց հետո այս ընտրություններում ՀՀԿ-ն ըստ ամենայնի կսատարի արդեն իսկ քաղաքապետի ընտրապայքարում առաջադրված ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանին:

Սամվել Բալասանյանի` ՀՀԿ կողմից աջակցության մասին խոսակցություններից հետո վերջերս Ղուկասյանները թեև կրկին ակտիվացել էին Գյումրում, ըստ մամուլի հրապարակումների` նույնիսկ սպառնացել Բալասանյանին, այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանը դեռևս հստակ չի հայտարարել, թե առաջիկա ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ:

Ստեղծված բավականին բարդ իրավիճակում էլ «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամները որոշել են պահը բաց չթողնել և տեր կանգնել Գյումրուն:

«Մենք քաղաքի համար ենք աշխատեցնելու քաղաքապետին և աշխատակազմին: Չենք խորանալու նրանց քաղաքական կողմնորոշումների մեջ, բայց մեր միջամտությունը կլինի այն, որ հնարավորինս թույլ չենք տալու քաղաքային ռեսուրսը, համայնքային իշխանությունը որպես վարչական ռեսուրս օգտագործել համապետական ընտրությունների ժամանակ»,-ասում է Բարսեղյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ողջունելով «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության որոշումը, այնուամենայնվի թերահավատ է, թե նրանք կկարողանան հաջողության հասնել:

«ՀՀԿ-ն չունեցավ Գյումրում իր թեկնածուն և հայտարարեց, որ կպաշտպանի Սամվել Բալասանյանին: Ինչ-որ առումով դաշտը դատարկ է, և այս դաշտում փորձում են տեղավորվել քաղաքացիական հասարակության ակտիվիստները: Սակայն մաքուր ձեռքերով Գյումրում, որը Հայաստանում դիտվում է որպես փոքր Սիցիլիա, որտեղ մաֆիոզ մթնոլորտը բավականին ուժեղ է, հնչում են կրակոցների տարափներ, կարծում եմ` դժվար է լինելու հաջողության հասնել, անգամ եթե ունենան քաղաքապետի իրենց թեկնածուն»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Նախաձեռնության համահեղինակներից` Գյումրու ավագանու թեկնածու, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը սակայն հակադարձում է վերլուծաբանին:

«Այսօր ողջ Հայաստանն է վերածվել Սիցիլիայի, ինչու միայն Գյումրին: Ու վերջապես, մենք այս քաղաքում ավելի լավ գիտենք` ինչ է կատարվում: Մեր աշխատանքով ենք ձեռք բերել ազդեցության դաշտ և այն փորձում ենք վերածել որոշակի իշխանության գործիքի տեղական ինքնակառավարման մակարդակում: Մեզանից երկուսն էլ անցնեն, ազդեցությունը հստակ մեծ է լինելու, որովհետև անցնելու ենք հասարակության աջակցությամբ, իսկ հասարակությունն ավելի կայուն գործիք է, քան ընտրակաշառքը»,- «Մեդիալաբին» ասում է Թումասյանը:

Գնահատելով երկու կողմերի ուժերի դասավորությունը, հաշվարկելով ամեն ինչ` Բարսեղյանը նշում է, որ «ռեժիմը» դեռ ուժեղ է: Սակայն չի բացառում, որ մինչև առաջադրման վերջնաժամկետը, հնարավոր է` տեղի ունենան այնպիսի զարգացումներ, որոնք կստիպեն իրենց ընտրություններին գնալ սեփական քաղաքապետի թեկնածուով:

«Այդուհանդերձ, մեր շանսերը լավ ենք գնահատում: Մենք առաջադրվում ենք 10 հոգով: Ենթադրում եմ, որ 8-ն անցնելու են: Դրանք մարդիկ են, որոնք ձվից նոր դուրս չեն եկել, 20-30 տարի քաղաքում հեղինակություն ու անուն ունեն: Հասկանում ենք, որ դժվար բան է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի դեմ ինտելեկտ հանել, մարդու իրավունքների պաշտպան հանել, այս արժեքները կրողներին հանել, բայց պետք է անենք, այլ ելք չկա»,-ասում է Բարսեղյանը:

© Medialab.am