ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ Ադրբեջանի խորհրադարանում ակտիվ քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի շրջանի/Զանգեզուրի վերաբերյալ։ Ադրբեջանցի պատգամավորները իրենց հայտարարություններում ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ բնորոշելով որպես 《պատմական ադրբեջանական հող》։
《Մենք պահանջում ենք մեր պատմական հողերը և ճիշտ ենք անում, այդ տարածքները պետք է միացվեն Ադրբեջանին մոտ ապագայում》։ Այս անհեթեթ քննարկումը ավարտվել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակի խոսքով, որ 《այս հարցը ոչ պակաս կարևոր է, քան Ղարաբաղի հարցը》։ Ադրբեջանի խորհրդարանում ծավալվող այս աբսուրդային քննարկումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները և տարածքային անթաքույց հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել, իսկ Ադրբեջանը բնավ չի ձգտում խաղաղության: Գործողությունները, հնչող հայտարարությունները և ծավալվող քննարկումները ևս մեկ անգամ ապացուցում են դա։