Վարչապետի պաշտոնավարման ժամկետը պետք է սահմանափակվի՝ սուպերվարչապետական մոդելը չկրկնելու համար.  Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը 

– Պարո՛ն Սիմոնյան, Հայաստանում գործում է խորհրդարանական կառավարման համակարգ, որը տարբեր շրջանակներում շարունակական քննադատության է արժանանում։ Մտահոգություններ կան, որ այս մոդելում վարչապետը կարող է անսահմանափակ վերընտրվել, քանի որ օրենքով նման արգելք նախատեսված չէ։ Ի՞նչ է իրականում սահմանում գործող իրավակարգավորումը, և արդյո՞ք տեսնում եք դրա փոփոխության անհրաժեշտություն։

– Իրականում, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով, երբ արդեն անցում կատարվեց խորհրդարանական կառավարման համակարգի, բազմիցս խոսվել է խնդիրների մասին այն իմաստով, որ մենք՝ որպես հասարակություն ու նորանկախ պետություն, որ դեռ, կարելի է ասել, պատանեկության շրջանում ենք գտնվում, չունենք քաղաքական այն մշակույթը, որ կարողանանք խորհրդարանական հանրապետության պետական մարմինները արդյունավետ օգտագործել՝ հանուն պետական կամ ազգային շահերի սպասարկման: Քանի որ այդ քաղաքական մշակույթը բավականին թույլ զարգացած է, դրանք սովորաբար ի չարս են գործադրվելու, ինչը տեղի է ունեցել ու ունենում մինչ օրս: 

Խորհրդարանական երկրներում, այո՛, գործադիր իշխանության ղեկավարի վերընտրվելու իրավունքը հիմնականում սահմանափակված չէ, Անգլիայից սկսած այդպես է, ովքեր ընտրել են խորհրդարանական մոդելը, գործադիր իշխանության ղեկավարի վերընտրվելու իրավունքը չեն սահմանափակել, հույս ունենալով, որ պառլամենտարիզմն այնքան զարգացած կլինի, որ չեն թողնի մեկ անձին երկար ժամանակով մնալ որպես գործադիր իշխանության ղեկավար: Քանի որ մեզանում չկա այդ քաղաքական հասունությունը, որ արդյունավետ չէ, երբ մի անձ երկար է կառավարում, որովհետև նա սկսում է իր անձնական շահերի սպասարկմամբ զբաղվել, այլ ոչ թե հանրային, պետական կամ ազգային շահերի սպասարկմամբ: 

Մեր երկրում, բնականաբար, այսպիսի մոդելի ընտրությունը բավականին ժամանակավրեպ էր, ու դա ասվել է դեռ 2015 թվականից: 2018-ին, երբ արդեն ամբողջությամբ անցանք խորհրդարանական կառավարման համակարգին, այդ ժամանակ էլ է ասվել, իշխանափոխությունից հետո էլ է անընդհատ ասվել: 

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովները, որ ձևավորվեցին, որոնցից առաջինին ես էլ եմ մասնակցել, որի իմաստն այն էր, որ լավարկեինք այս մոդելը, միշտ գնում էինք այն տրամաբանությամբ, որ լավ, եթե պահպանում ենք խորհրդարանական հանրապետության մեխանիզմը, ուրեմն պետք է ընդդիմության ձեռքին գործադիր իշխանության ղեկավարին զսպելու լծակներն ավելացնել, մեխանիզմներ մշակենք, որ գործադիրի ղեկավարն ամենակարող չլինի: 

Սուպերվարչապետական համակարգի մասին շատ էր խոսվում, չէ՞, հենց ամբողջ փիլիսոփայությունը դա էր, որպեսզի խորհրդարանական համակարգը չվերածվի սուպերվարչապետական համակարգի, ուրեմն պետք է օրենսդիր իշխանությունում ընդդիմադիր խմբակցության հնարավորությունները ավելացնել, դրան զուգահեռ ավելացնել նաև հանրապետության նախագահի՝ որպես երկրի գլխի գործառույթները: 

Մեզանում Սահմանադրության ու դրա կարգավորումների վերաբերյալ այնպիսի սխալ ընկալում կա, որ անգամ երկրի ղեկավար հռչակում են գործադիր իշխանության ղեկավարին, մինչդեռ Սահմանադրությամբ երկրի ղեկավարը նախագահն է: Անգամ հանրապետության նախագահը լավ չի կարդացել Սահմանադրությունը, որովհետև վերջերս լսեցի, որ ասաց, թե երկրի ղեկավարը վարչապետն է: 

Բնականաբար մեր գործադիր իշխանության ղեկավար ով էլ լինի, եթե նա, ասենք, գերզարգացած մարդ չէ, որ ինքն իրեն կարողանա զսպել, տիրապետել, ապա անընդհատ չարաշահելու է իր ձեռքին կենտրոնացած իշխանությունը ու անընդհատ ձգտելու է վերընտրվել: Այսինքն՝ կա՛մ այդ մարդը պետք է լինի խիստ բարոյական ու առաքինի անձնավորություն, որ ինքն իրեն, իր ձեռքին կուտակած իշխանությունը կարողանա զսպել, կա՛մ էլ մենք պետք է առերեսվենք այն խնդրին, որ ցանկացած գործադիր իշխանության ղեկավար հավերժ պետք է ձգտի լինել իշխանության ու հավերժ պետք է համը հանի, կարելի է ասել այսպես:

– Ձեր գնահատմամբ՝ մենք այժմ այդ սուպերվարչապետական համակարգո՞ւմ ենք:

– Այո՛, ու այս համակարգը լավ կողմ չի կարող ունենալ, որովհետև երբ իշխանությունը գերկենտրոնացվում է մի անձի ձեռքին, մենք ուզած-չուզած մի խնդրի առաջ ենք կանգնում, որ այդ անձը դառնում է ինչ-որ առումով չսահմանափակված, այդ թվում նաև՝ Սահմանադրությամբ: Ամենամեծ չարիքը չսահմանափակված իշխանություն ունենալն է: 

Եթե կհիշեք, մեր առաջին Սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը», հենց անունը՝ «Փառքի որոգայթ», ընտրվել է, որ սահմանափակի ցանկացած իշխանության ամենատենչությունը: Մեր այսօրվա Սահմանադրությունը տալիս է բոլոր հնարավորությունները, որ անձը դառնա անսանձելի: Խնդիրը հենց սա է, ու ինչպես արդեն ասացի, մեզանում էլ դեռ չկա այդ քաղաքական մշակույթը, եթե ԱԺ նախագահն ասում է, որ ենթարկվում է գործադիր իշխանության ղեկավարին, ՀՀ նախագահն ասում է, որ ենթարկվում է գործադիրի ղեկավարին, դատավորներն անուղղակիորեն ընդունում են գործադիր իշխանության ղեկավարի իշխանությունը, ի՞նչ տարբերություն ավտորիտար ու մեր երկրի միջև, երբ իշխանության բոլոր թևերը ենթարկվում են մեկ անձի, միապետությունից սա ինչո՞վ է տարբերվում:

– Կառավարման նախագահական, կիսանախագահական համակարգերի դեպքում է՞լ չկա այդ սահմանափակումը, պարո՛ն Սիմոնյան:

– Իհարկե կա, մեզ մոտ եղել է նախագահի վերընտրվելու սահմանափակում՝ նույն անձը երկու ժամկետից ավելի չի կարող պաշտոնավարել: ԱՄՆ Սահմանադրության ընդունումից հետո այս պրակտիկան ձևավորվեց, Սահմանադրության մեջ անգամ գրված չէր այս արգելքը, բայց Ջորջ Վաշինգտոնն անձամբ հրաժարվեց երկրորդ անգամից ավելի առաջադրել իր թեկնածությունը, ու այդ մշակույթը ձևավորվեց, հետո դա սկսեց ամրագրվել Սահմանադրության մեջ: Մեզանում նախագահի պարագայում կա այդ սահմանափակումը, իսկ վարչապետի, որն ունի աննախադեպ շատ լիազորություններ, սահմանափակված չէ վերընտրվելու իրավունքով:

– Եթե Սահմանադրության փոփոխություն լինի, ու որոշվի այդ կետը ներառել, դա օրենքի խախտո՞ւմ է լինելու, թե՞ ոչ մի խնդիր չկա, ուղղակի դրա համար քաղաքական կամք ու ցանկություն են պետք: 

– Քաղաքական կամք ու ցանկություն են պետք ու այնպիսի մեխանիզմներ, որ անընդհատ չշրջանցեն այդ սահմանափակումը, օրինակ՝ երկու ամսով վարչապետ չընտրեն, հետո երրորդ ամսում այդ վարչապետը հրաժարական ներկայացնի ու նորից գա, ընտրվի: Նման սահմանափակում էլ պետք է դրվի, որ անձը անընդմեջ չի կարող ընտրվել, բայց 10 տարի հետո կարող է ընտրվել, բայց եթե օրենքով ամրագրվի, որ երկու անգամից ավելի չի կարող ընտրվել, վստահ եմ, որ, օրինակ՝ ՔՊ-ում սկսելու են մտածել, թե ում բերեն, որ մի քանի ամիս աշխատեցնեն, հետո նորից «ամենափրկիչ վարչապետը» գա, ասի՝ ես էլի եմ ուզում վարչապետ լինել: 

Սա պետք է շատ մանրամասնորեն կարգավորվի Սահմանադրությամբ, մեխանիզմները պետք է շատ հստակ լինեն, միաժամանակ մեր ընդդիմադիր խմբակցություններին պետք է հնարավորություն տրվի ավելի շատ լծակներից օգտվել, որովհետև այս պահին ընդդիմադիր խմբակցությունները, մեծ հաշվով, գործադիր իշխանությանը ու քաղաքական մեծամասնությանը զսպելու լայն լծակներ չունեն: 

Մեզ նման հասարակություններում այս սահմանափակումն անհրաժեշտություն է, որովհետև, ինչպես ասացի, մենք դեռ պետք է քաղաքական մշակույթ սովորենք, հետևաբար մեզ մոտ սահմանափակումները պետք է շատ ավելին լինեն, քան տրված հնարավորությունները, որովհետև մենք սովոր ենք չարաշահել մեզ տրված հնարավորությունները: Մենք միջին քաղաքական գրագիտությունից հետ ենք, հետևաբար պետք է սահմանափակումներով առաջնորդվենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am