Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա` 0:5

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մեկնարկային 15 րոպեների ընթացքում Հյուսիսային Մակեդոնիան հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, իսկ Հայաստանը երբեմն սուր հակագրոհում էր: Հյուսիսմակեդոնացիները կարողացան օգտվել Հայաստանի ընտրանու պաշտպանական սխալից 22-րդ րոպեին և ներխուժելով տուգանային հրապարակ` գնդակն ուղարկեցին Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեքսանդր Տրայկովսկին: Բաց թողած գնդակից հետո Հայաստանի ընտրանին նետվեց հետ բերելու կորցրածը: Սակայն հյուրերը կարողացան հակագրոհներից մեկ ժամանակ կրկնապատկել հաշվի տարբերությունը: Հեռահար գոլով դարպասը գրավեց Էնիս Բարդին:

Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց և դուբլի հեղինակ դարձավ Էնիս Բարդին: Խաղակեսի վերջնամասում Հյուսիսային Մակեդոնիան խփեց նաև 4-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Միլան Ռիստովսկին: Ամեն ինչ եզրափակվեց  89-րդ րոպեին նշանակված հերթական 11 մետրանոց հարվածով, որն անվրեպ իրացրեց Էնիս Բարդին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա`0:5:

Մունդիալի ընտրական փուլի վերջին տուրում` նոյեմբերի 14-ին, Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Գերմանիայի հավաքականին: