Արարատի մարզում կկառուցվի պողպատի գործարան

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին  ֆինանսավորում տրամադրելու մասին» որոշում՝ Արարատի մարզում պողպատի գործարան կառուցելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի ընթացքում:

Ընկերությունը  Արարատ գյուղում նախատեսում է իրականացնել  պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է՝ ելնելով որոշ հանգամանքներից։

Երասխում գտնվող պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը  կատարել է մի շարք շինարարական  ծախսեր, որոնց ընդհանուր գումարը կազմում շուրջ 2 միլիարդ դրամ:  Ըստ այդմ՝ առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է հանդիսանում «Հայաստանի Զարգացման և Ներդրումների  Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը, տրամադրել 3,500,000,000  դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով՝ «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ի  Արարատ բնակավայրում ծրագրի ֆինանսավորման նպատակով։