Թրամփը պնդում է՝ ամերիկացիներին 5000 դոլար վճարելու համար բյուջեում գումար կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջարկած՝ յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար վճարելու ծրագիրը, իր գնահատմամբ, հնարավոր է հեշտությամբ ֆինանսավորել, եթե Հանրապետական կուսակցությունը պահպանի Կոնգրեսի վերահսկողությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իռլանդիայում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը «այնքան շատ գումար է ստանում», որ կարող է իրեն թույլ տալ այդ վճարումները։ Նա, սակայն, հստակ չի պատասխանել՝ արդյոք ծրագրի իրականացման համար Կոնգրեսի առանձին հաստատում կպահանջվի։

Թրամփը 5000-դոլարանոց վճարումների գաղափարը ներկայացրել էր նախորդ շաբաթ Հանրապետական կուսակցության համագումարում։ Ըստ նրա առաջարկի՝ գումարը պետք է ստանան ԱՄՆ բոլոր չափահաս քաղաքացիները, եթե նոյեմբերյան ընտրություններից հետո հանրապետականները շարունակեն վերահսկել Կոնգրեսը։ Նոր հայտարարությամբ Թրամփն արդեն պնդում է, որ նման ծրագրի համար կառավարությունն ունի անհրաժեշտ միջոցները։

Միաժամանակ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը նշել է, որ նման վճարումը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ առաջարկի մանրամասներն ու ֆինանսավորման մեխանիզմը։

Դեմոկրատները նախաձեռնությանը թերահավատորեն են վերաբերվել։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսն այն անվանել է ոչ լուրջ առաջարկ, իսկ սենատոր Մալորի ՄաքՄորոուն կասկած է հայտնել, որ խոստացված վճարումները իրականում երբևէ կկատարվեն։