Աննա Հակոբյանն այցելել է Ջերմուկ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև:

«Ջերմուկի պատկերասրահի մոտ Աննա Հակոբյանին դիմավորել են Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանը:

Պատկերասրահն այդ պահի փակել էր դռները: Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ԿԳՄՍ նախարարությունը պատկերասրահի թանկարժեք էքսպոնատները Երևան էր տեղափոխել:

Մասնաճյուղի տնօրինությունը հիմա նախարարության հետ բանակցում է թանգարանի նմուշները հետ բերելու հարցի շուրջ:

Աննա Հակոբյանին հետաքրքրում էր, թե մինչև ադրբեջանական ագրեսիան որքան այցելու էին ունենում: Տնօրենի խոսքով, ցուցադրությունների օրերին մի քանի հարյուր այցելու են ունեցել, շատ էին գալիս նաև առողջարանների այցելուները:

Տարածքում հիմա միայն վարպետ Վարդան Ավետյանի գործերն են, բայց ցանկությունը մեծ է սրահները նորից լեցուն տեսնելու՝ Սարյան ու Կոնջորյան են ունեցել՝ պատմել է տնօրենը։

Վարդան Ավետյանը դասավանդում է նաև արվեստի դպրոցում և Աննա Հակոբյանին վստահեցրել է՝ երիտասարդներն այսօր հետաքրքված են նկարչությամբ, շատերը պրոֆեսիոնալներ են դառնալու։

Ավետյանը Աննա Հակոբյանին է ներկայացրել իր նկարած մի քանի աշխատանք, այդ թվում աբստրակտ ոճով նկարած կտավը՝ նվիրված 44-օրյա պատերազմին։

Ջերմուկում վարչապետի տիկինը այցելել է նաև համայնքային կենտրոն: Նրան դիմավորել է կենտրոնի պատասխանատու Անահիտ Եղիազարյանը, ուղեկցել ներս, ներկայացրել իրենց գործունեությունը։

Կենտրոնում երկու խմբակ է գործում՝ նկարչության ու հելյունագործության։ Կենտրոն հաճախում են Ջերմուկի այն կանայք, որոնք ազատ ժամանակ ունեն, սիրում են նկարել կամ գործել։ Իրենց աշխատանքները՝ նկարազարդված շապիկներն ու բաժակները, գործված գլխարկները, շարֆերն ու տիկնիկները վաճառում են Ջերմուկում բացած փոքրիկ կրպակում։

Մինչև պատերազմը քիչ թե շատ վաճառվում էր, զբոսաշրջիկներին արտադրանքը հետաքրքրում էր, հիմա քանակը նվազել է, բայց դա իրենց չի տխրեցնում, կարևորը իրենց տանն են՝ Աննա Հակոբյանի հետ զրույցում ասել են ջերմուկցի կանայք։ Հիմա վաճառքի համար սկսել են օգտագործել նաև օնլայն հարթակները։ Վարչապետի տիկինը հորդորել է զարգացնել նաև առցանց վաճառքը, առաջարկել տեսականին հյուրանոցներում ներկայացնել։

Կենտրոնի պատասխանատուն վարչապետի տիկնոջը պատմել է, որ կարի մեքենաների առկայության պարագայում կարող են ավելի շատ կարել ու վաճառել, Աննա Հակոբյանն էլ խոստացել է ապահովել նրանց անհրաժեշտ աշխատանքային գործիքներով։

Մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ ջերմուկցի կանայքն միայն այստեղ չէ, որ ակտիվ են, շատերը ռազմական ճամբար են այցելում, արդեն լավ կրակում են։

Խմբակ այցելող կանանց մեջ նաև զինվորական կար, վստահեցրել է, ցանկացած մարդու երկրորդ մասնագիտությունը պետք է ռազմական ուղղվածությամբ լինի։

Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայրենադարձությանը, երկիրը զարգացնելու հնարավորություններին։ Պետության զարգացման վրա մեծապես ազդել է այն հանգամանքը, որ շատերը մեկնել են այլ երկիր` անգամ խաղաղ պայամններում։ Կվերադառնան այն պարագայում, երբ հայրենիքը գրավիչ դառնա՝ ներկաներին ասել է վարչապետի տիկինը, վստահեցրել, գրավիչ դարձնելու համար ամեն ինչ կանեն հայրենիքում մնացածները։

Մտերմիկ զրույցից հետո Աննա Հակոբյանը ջերմուկցի կանանց հաջողություն է մաղթել, կարևորել նման կենտրոնների առկայությունը, ընդլայնումը, գուցե միտքը վարակիչ դառնա և տարածվի նաև մյուս մարզերում։

Ջերմուկ այցի ընթացքում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը: Նարանց խնամում է տատիկը՝ տիկին Վարդիթերը: Ծնողների մահից հետո տատիկը երեխաներին մեծացնելու և դաստիարակելու ամբողջ ծանրությունն իր վրա է վերցրել։

Անին տան փոքրն է՝ 8 տարեկան, Վարդուհին՝ 11։ Վարդուհին փոքր հասակում շնից վախեցել է ու հիմա շաքարային դիաբետ ունի։

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է հիվանդությունը, որտեղ են բուժում երեխային։ Տիկին Վարդիթերը տեղեկացրել է, որ հիվանդանոցում անհրաժեշտ դեղերը ստանում են, ևս մեկ տեսակ էլ արտասահմանից մի բարերար է ուղարկում։

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է նաև ապրուստի պայմաններից։ Տատիկը չի աշխատում, թոռներին մեծացնում է ստացած նպաստով։ Աննա Հակոբյանը Երեխաների նախասիրություններով է հետաքրքրվել, պարզել, որ Անին պարի է հաճախում, իսկ Վարդուհին կիթառի, ամեն ինչ հասցնում են, ասում է տիկին Վարդիթերը, միայն թե առողջ լինեն։

Վարչապետի տինոջ այցից առաջ երեխաները պատրաստվում էին տոնաածառ զարդարել։ Վարդուհու ու Անիի հետ հաճելի գործին է միացել նաև Աննա Հակոբյանը։ Տոնածառը միասին զարդարելուց հետո Աննա Հակոբյանը առողջություն է մաղթել ընտանիքին և փոխադարձ այցով հրավիրել Երևան»։