«5165» շարժման անդամները Վանաձորում ընտրողներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը

«5165» շարժման հիմնադիր անդամները և առաջնորդ Կարին Տոնոյանը քարոզարշավի երկրորդ օրը՝ հունիսի 8-ին, այցելել են Վանաձոր, քաղաքացիներին ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողություններ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին շարժման մամուլի ծառայությունից, խոսվել է կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին:

Անդրադարձ է կատարվել  նաև ՀՀ սահմանադրաիրավական հիմնախնդիրներին, Արցախում պարտության դիվանագիտական պատճառներին, առողջապահական ոլորտի բարեփոխումներին և սփյուռքի հետ աշխատանքներում ինստիտուցիոնալ վերափոխումների անհրաժեշտությանը։

Ելույթներով հանդես են եկել «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը:«Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն է, որը տրորված է, բայց այն պետք է վերականգնել: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու», – ասել է Կարին Տոնոյանը: