Ֆրանսիայում շոգի հետևանքով ավելի քան 2000 մարդ է մահացել

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է, որ երկրում տապի ալիքի հետևանքով մահացել է ավելի քան 2000 մարդ։ Այդ մասին նա հայտնել է TF1 հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 2025 մահ, սակայն այս ցուցանիշը հիմնված է մահվան վկայականների միայն 60 տոկոսի վրա, ուստի վերջնական տվյալները կարող են փոփոխվել։

Ռիստը նաև նշել է, որ մահացության աճը հատկապես նկատվում է 45 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։

Ծայրահեղ շոգը շարունակում է ազդել եվրոպական մի շարք երկրների վրա։ Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը երկրի 96 դեպարտամենտներից 72-ում հայտարարել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։

Երկրի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը մոտեցել է +40°C-ի, իսկ որոշ վայրերում նույնիսկ գերազանցել այդ ցուցանիշը։ Բարդ իրավիճակ է նաև Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և Հունաստանում։