Ուզում ենք, որ մեր գյուղը միանա Ծովագյուղին․ Սեմյոնովկայի համայնքապետի պաշտոնակատար․ Factor.am

Հայաստանի 9 մարզի 36 խոշորացված համայնքներում երեկ՝ դեկտեմբերի 5-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Արդեն հայտնել ենք, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները բոյկոտել էին ընտրությունները, գրում է Factor.am-ը։

Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը նշել էր, որ բնակիչները չեն մասնակցել ընտրությանը, քանի որ դեմ են համայնքների խոշորացմանը, որի արդյունքում Ծովագյուղն ու Սեմյոնովկան պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։ Ընտրություններին չմասնակցելով՝ բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել համայնքների խոշորացման գործընթացին։ Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշում կայացրել են անմիջապես այն բանից հետո, երբ իմացել են խոշորացման մասին։ Գևորգյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել։ Սեմյոնովկայի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն էլ մեր հարցին ի պատասխան նշեց, որ, եթե Սեմյոնովկան պետք է ընգրկվեր խոշորացման գործընթացում, ապա գյուղացիները ցանկանում էին, որ համայնքը միավորվեր ոչ թե Սևանի, այլ Ծովագյուղի հետ։

«Մենք ուզում ենք միանալ Ծովագյուղին, այն մեծ համայնք է, որն օր օրի աճում, զարգանում է, թո՛ղ մեր գյուղն էլ հետը զարգանա։ Բնակիչները որոշել են ընտրություններին չմասնակցել, ես էլ, որպես պաշտոնակատար, նրանց կողքին եմ կանգնել․ որտեղ բնակիչները՝ այնտեղ ես»,- ընդգծեց Ժ/Պ-ն։

Նշենք նաև, որ Ծովագյուղում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ Խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։