Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն արգելում են երեխայի խնամքի ընթացքում կանանց աշխատանքից ազատելու`գործատուների կամայական որոշումները, սակայն իրավապաշտպան ակտիվիստներն աշխատավարձի բարձրացում եւ առավել բարենպաստ պայմաններ են պահանջում:
Իրավապաշտպան ակտիվիստները, թեեւ ողջունում են Վրաստանի օրենսդիր մարմնի`աշխատանքային օրենսգրքում աշխատողների օգտին մի շարք բարեփոխումներ կատարելու նախաձեռնությունը, սակայն նշում են, որ օրենսդրական փոփոխությունների միջոցով կարելի է պաշտպանության առավել մեծ երաշխիքներ ապահովել կանանց համար:
Այս պահին Վրաստանի խորհրդարանում քննարկվող օրինագծի շնորհիվ`կարող են չեղյալ հայտարարվել նախորդ`«Միացյալ ազգային շարժման» ձեւավորած կառավարության կողմից ներմուծված օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս գործատուին աշխատակիցներին առանց նախազգուշացման կամ պատճառաբանության ազատել աշխատանքից եւ փոխհատուցման սակավ միջոցներ էին սահմանում:
Վրաստանի խորհրդարանում, որտեղ անցյալ տարվա հոկտեմբերին կայացած ընտրություններից իր վեր մեծամասնություն է կազմում «Վրացական երազանք» դաշինքը, ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ հաստատված օրենսդրական փոփոխություններն առավել խիստ պայմանագրային պարտավորություններ են սահմանում եւ անօրինական են համարում խտրականության դրսեւորումները: Եթե օրինագիծը վերջնականապես հաստատվի, հղիության եւ երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում կանանց աշխատանքից ազատելն այսուհետ անօրինական կհամարվի:
Մի շարք լոբբիստական խմբեր արդեն իսկ դիմել են օրենսդրական փոփոխությունները նախաձեռնած արդարադատության նախարարությանը, որպեսզի օրինագծի վերջանական տարբերակն ավելի բարենպաստ պայմաններ ապահովի կին աշխատողների համար:
«Չնայած դրական փոփոխություններին, օրինագծի ներկայիս տարբերակի վրա դեռեւս պետք է աշխատել», – նշվում է նրանց հրապարակած համատեղ հայտարարությունում:
Վրաստանի արհմիությունների միության իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ռայիսա Լիպարտելիանին այն կարծիքին է, որ օրենքը պետք է կանանց վերաբերող խնդիրների ավելի լայն շրջանակ ընդգրկի:
«Օրինագիծը կանանց վերաբերող ընդամենը մեկ փոփոխություն է ներառում`նրանց չեն կարող աշխատանքից ազատել այն դեպքում, երբ նրանք հայտնում են իրենց ղեկավարությանը, որ հղի են: Այլ փոփոխություններ են հարկավոր, օրինակ, պետք է անդրադառնալ երեխայի խնամքի արձակուրդի կարճ տեւողության հարցին եւ վերանայել այդ ժամանակահատվածում վճարվող նպաստների չափը», -ասում է նա:
Այս պահին խորհրդարանում քննարկվող օրինագիծը չի անդրադառնում երեխայի խնամքի արձակուրդի հետ կապված գործող օրենսդրությանը, որի համաձայն` արձակուրդը կազմում է 477 օր, որից 126-ը վճարովի են:
Այս ժամանակահատվածի ընթացքում երեխայի խնամքի նպաստը կազմում է 600 լարի`մոտ 350 դոլար, որը վճարում է Առողջապահության նախարարության սոցիալական ապահովության բաժինը:
Թբիլիսիում գործող մարդու իրավունքների կենտրոնի իրավաբան Թամար Ավալիանին նշում է, որ այս գումարը չափազանց փոքր է երեխայի կարիքները հոգալու համար:
«Կառավարությունը հաշվի չի առել սննդամթերքի գների աճը… ինչը ազդել է այդ գումարի գնողունակության վրա: Ավելին, մասնավոր սեկտորում աշխատող կանայք խտրականության զոհ են դառնում`ի տարբերություն պետական կազմակերպություններում աշխատող նրանց գործընկերուհիների, ովքեր ոչ միայն օրենքով սահմանված երեխայի խնամքի նպաստ են ստանում, այլ նաեւ`աշխատավարձ»:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոր եւ մանկան կենտրոնի ղեկավար Անա Արգանաշվիլին ընդգծում է, որ անհրաժեշտ է պաշտպանել կնոջ զբաղվածության իրավունքները ծննդաբերությունից առաջ եւ հետո, հատկապես ներկայիս բարդ տնտեսական պայմաններում:
Արգանաշվիլին խոստովանում է, որ այս առումով հատկապես մտահոգիչ է մասնավոր սեկտորում տիրող իրադրությունը:
«Պետության վճարած նպաստը կապ չունի աշխատավարձի հետ եւ ընդամենը 600 լարի է կազմում: Սա հաճախ թույլ չի տալիս կանանց օգտվել իրենց ամենակարեւոր իրավունքներից մեկից`մայրության իրավունքից», – հավելում է նա:
Վրաստանի Արհմիությունների միության նախագահ Իրակլի Պետրիաշվիլին նույնպես այն կարծիքին է, որ օրինագիծը միայն կիսով չափ է լուծում խնդիրները:
«Այս պահին, ցավոք, մենք չենք կարողանում կարգավորել երեխայի խնամքի արձակուրդի հետ կապված հարցերը եւ պատշաճ մակարդակով ապահովել կանանց իրավունքների պաշտպանությունը», – նշում է Պետրիաշվիլին`հավելելով, որ երեխայի խնամքի համար վճարվող նպաստի չափերը կարող են ստիպել կանանց երկար մտածել, նախքան երեխայի խնամքի արձակուրդը երկարաձգելը:
Վրաստանի արդարադատության փոխնախարար Ալեքսանդր Բարամիձեն, սակայն, պնդում է, որ այս օրինագիծը միայն նախանշում է հետագայում նախատեսվող բարեփոխումների սկիզբը:
«Այս փուլում մենք փոփոխություններ եւ լրացումներ ենք ներառում օրենսգրքում`աշխատանքային հարաբերություններում նշանակալի բարեփոխումների հասնելու նպատակով: Առանձին աշխատանք կտարվի կանանց իրավունքների շրջանակը մեծացնելու ուղղությամբ, եւ մենք կընդգրկենք բոլոր շահագրգիռ կողմերին այս գործընթացի մեջ», – հայտարարել է նա:
Այնուամենայնիվ, օրինագիծը դժվար թե որեւէ կերպ ազդի երկու ամիս առաջ երկրորդ երեխային ունեցած Նինոյի իրադրության վրա: Թբիլիսիի բնակչուհին ստիպված էր եղել հրաժարվել երեխայի խնամքի արձակուրդից եւ ծննդաբերությունից մեկ ամիս անց վերադառնալ աշխատանքի:
«Պետության վճարած 600 լարին չափազանց փոքր գումար է 4 ամիս ապրելու համար: Այն չի բավականացնի անգամ երեխայի սննդի ու անհրաժեշտ պարագաների ծախսերը հոգալու համար», – դժգոհում է նա:
Նինո Գվեդաշվիլի
Լուսանկարում` Թամար Ավալիանին
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: www.iwpr.net