«Արի տու՞ն», թե՞ «Տնից մի գնա». բաց նամակ նախագահին

«Արի տու՞ն», թե՞ «Տնից մի գնա». բաց նամակ նախագահին
«Արի տու՞ն», թե՞ «Տնից մի գնա». բաց նամակ նախագահին

Մանկավարժ, Արա Նախշքարյանը բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որում իր մտահոգություններն է հայտնում ազգային մշակույթի, հոգևոր արժեքների պահպանման շուրջ:
Նամակում, մասնավորապես, ասված է.

Տարիներ շարունակ խոսում ենք հայի, նրա հայրենիքի, այդ հայրենիքում աճող սերնդի ու նրա ապագայի մասին: Խոսում ու քննադատում ենք, խոսում ու դատապարտում ենք. «…Ի՞նչ սերունդ է մեծանում, դատարկ գլխով ու ունայն հոգիներով»:

Հաճախ մտածում ենք բարձրաձայն.«Ի՞նչ է ուզում այս սերունդը, ո՞ւմ կողքին կլինի, ո՞ւմ կհավատա, ո՞ւմ հետ գրոհի կգնա, հանուն ինչի՞…»:

Այսօրվա սերնդի մեջ չկա ազգային, հայրենասիրական և ո՛չ մի նշույլ, եթե բացառությունները չնկատենք: Ապա` մի նայե՛ք եկեղեցական արարողություններին ներկա գտնվող երիտասարդին, եկեղեցուց դուրս գալուց անմիջապես հետո մոռանում է, որ ինքը նոր էր խոստացել Բարձրյալին, որ էլ չի անի, որ իրեն պարկեշտ կպահի, քրիստոնեավայել: Բայց արի ու տես, որ խոստումը դրժում է, երբ սկսում է շնանալ, սուտ վկայել ու գողանալ, ուրիշ կուռքերի երկրպագել, սպանել ու երդվել, որ ինքն է ճիշտ ու մաքուր: Ի՞նչ է սա, արդյոք ձևապաշտության դրսևորում չէ՞:

Իսկ մեր հարևաննե՞րը… Ուշադի՛ր նայեք, ազգային մշակույթի, հոգևոր արժեքների պահպանման համար պետական հատուկ ռազմավարություն ունեն մշակված ու վա՛յ նրան, ով կփորձի չենթարկվել…

Այս ու այլ նման շատ հարցեր ու խնդիրներ կան հարևան պետություններում, որոնց լուծումների բանալին վաղու՜ց գտել են ու ազգովի պատասխանատվություն են ստանձնել. ատամներով պահե՛լ ազգային դիմագիծը (այլ հարց է, ունե՞ն այդ դիմագիծը, թե՞ չունեն, կամ ինչքանո՞վ է իրենց պատկանում այդ ամենը):

Սրան զուգահեռ մենք մեր արժեքները արագորեն փոխում ենք դրսից ներմուծված ինչ-որ կասկածելի աղբի հետ: Երբ օսլայած օձիքներով եվրոպացի տեսնելուց անմիջապես կորցնում ենք մեզ: Դուր գալու համար վաճառում ենք հոգին ու պատիվը, սիրահոժար ընդունելով իրենցը, մոռանալով մերը, ազգայինը, մեր հարուստ ու բարոյական նկարագիրը: 4000 տարի առաջ, երբ մենք թատրոն ունեինք, այդ ժամանակվա մեր հարևան պետություններից հիմա միայն անուններն են մնացել: Իսկ մենք… այդ սուրբ մշակույթը այսօր գցել ենք գետին և ուժերի գերլարումով անխնա հարվածում ենք: Հարվածում ենք, որովհետև մեր նոր սերնդին ենթարկել են «գլոբալիզացիայի», ռոբոտացման ու հիպնոսի:

Հայկական առաջին ֆիլմից անցել է գրեթե մեկ դար, բայց շատ արագորեն են էվոլյուցիայի ենթարկվել մեր գիտահանրամատչելի, ուսուցողական ու գեղագիտական հաճույք պատճառող ֆիլմերը՝ ձևափոխվելով անիմաստ ու ոչ մի բան չասող սերիալների:

Ո՞վ է մեղավոր: Փորձե՞նք փնտրել մեղավորներին…

Իզուր է, պետք չէ: Մեղավորը մենք ինքներս ենք, հասարակ ժողովուրդը, որ տխուր իրավիճակից գլուխը կորցրել է ու փորձում է ընտանիք պահել և էլ ոչ մի բանի մասին չմտածել: Պետական մեքենա՛ն, որ մի քանի դրամ գրանտային ծրագրերի պատճառով վաճառեց իր` դարերով պահպանված սրբությունները: Այո՛, ոչ մի դեպքում մեղավոր չեն, պատերազմից հաղթական վերադարձած հայրը, եղբայրը, որդին: Նրանք հայրենիքի այսպիսի ապագայի համար չէին պայքարում:

Եթե միայն իմանային, որ նոր սերունդը պիտի չգնահատի դարերից եկած գեղեցիկ ավանդույթները, ոտնակոխ անի հերոսների գերեզմանն ու անարգի այն հողը, որի համար դարերով արյուն է թափվել, որ փոխարենը օտար երգն ու պարը պիտի ապրելակերպ դարձնեին, ծիծաղելով Կոմիտասի ու Մինասի ստեղծած արժեքների վրա, երբ այդ մշակույթի առաջ ազգեր են լացով խոնարհվել: Իսկ մենք… մենք անխնա փչացնում ենք այդ արժեքները: Ո՞վ է մեղավոր, նոր սերու՞նդը, ո՛չ, պետական մոտեցումը ազգային արժեքների նկատմամբ:

Ապա` մի նայե՛ք հեռուստատեսությանը.«Հայաստանի Հանրային Առաջին» ալիքը: Իսկական խեղկատակություն: Ու՞մ եք հիմարացնում շուրջօրյա հատուկ մշակված ծրագրերով. առավոտ՝ լույսը բացվելուն պես, սերիալ, գովազդ, հայլուր, հետո նորից նույնը՝ սերիալ, գովազդ, հայլուր մինչև մութ գիշեր: Հոգուս մեղք չվերցնեմ ու ասեմ, որ մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ ինչ-որ ուսուցողական նյութեր էլ են հեռարձակվում, ցերեկային անհարմար ժամերի կամ գիշերը, երբ արդեն պատրաստվում ես քնել:

Այս ամենը հանրայինում, էլ ինչ պահանջենք սեփական ու մասնավոր հեռուստառադիո ընկերություններից:

Ի դեպ, ռադիոյի մասին: Անճաշակ հաղորդումներով ու լատինաամերիկյան, պարսկա-թուքական երգ-երաժշտություններով հեղեղված ռադիոն պարզապես պարտադրում է ռադիոհաճախականությունների վրա այլընտրանք չունենաս ու ստիպված լսես, լսես տանը, աշխատավայրում, տրանսպորտի մեջ բարձրաձայն՝ ստիպելով այդ փոխադրամիջոցից օգտվողներին էլ նույնն անել:

Պարո՛ն Նախագահ, մի՞թե հնարավոր չէ մեկ անգամ միայն օգտվեք Ձեր պաշտոնական դիրքից ու մի որոշում-հանձնարարական ներկայացնեք՝ շաբաթվա մեջ մեկ օր Հայաստանի Հանրապետության ամբողջ հեռուստառադիո ընկերությունները առավոտից մինչ ուշ գիշեր հեռարձակեն հայկական ազգային կրթադաստիարակչական, գիտահանրամատչելի, ուսումնական երաժշտական ու գեղարվեստական, փաստավավերագրական ու գրական-մշակութային հաղորդումներ:

Ու պատժի չափ կիրառել նրանց համար, ովքեր կփորձեն խախտել օրենքը: Վերջին շրջանում հետիոտնի ու մեքենավարի համար արձակված օրենքը լավ դաս էր կողմերին: Իրավիճակը ցույց տվեց, որ երբ կպչում ես բնակչի գրպանին, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Պաշտպանի՛ր օրենքը, որ պաշտպանվե՛ս օրենքով: Սա է իրականությունը:

Ինո՞ւ դեռ չսովորեցինք, որ ծիլը ջրելով է հաստաբուն դառնում ու ամուր արմատակալում: 4500-ամյա ժողովուրդը մի՞թե որևէ պատմամշակութային իրադարձության վկա չի եղել: Իհարկե, եղել է: Իսկ մենք … մենք անխնա փչացնում ենք այդ արժեքները:

Ժամանակին Րաֆֆին և ոչ միայն Րաֆֆին, ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար մի շարք գրական հերոսներ ծնեցին, որպեսզի կարողանան արթուն պահել ռանչպարին ու ուսուցչին, հոլիկի տակ իլիկ մանող գեղջկուհուն ու դաշտի մշակին:

Տարիներ շարունակ մեր գիտակցական զգայարաններում տրոփում է իմ և քո, մեր և ձեր, քաղաքացի և գյուղացի… այդ զզվելի հատկությունը: Որքա՜ն կուզենայի, որ այդ հատկությունը դրսևորվեր ազգային արժեքների պահպանման, ամրապնդման և տարածման գործում: Վերջապես պիտի կարողանա՞նք ուրիշի դռան ծակից այլևս չծիկրակել:

Հարգարժա՛ն նախագահ, հնարավոր չէ՞ , արդյոք, մեկ ընդհանուր ծրագիր մշակել գոնե ազգային մշակութային եղեռնը փրկելու համար, փոխանակ «Արի Տուն» ծրագիրը զարգացնելուն: Զարմանում եմ, որ եկան, ի՞նչ պիտի տեսնեն: Ցավից տնքացող փլատակնե՞ր ու կիսաքանդ փողոցնե՞ր, թանկ ապրուստ ու սոված ժողովու՞րդ: Սա ունենք, այս ամե՞նն են տեսնելու:

Չկան մշակութային նորմալ օջախներ, եղածներն էլ անհասանելի են դառնում մշակույթ սիրող հասարակ ժողովրդին, իսկ համայքներում վիճակն առավել վատթար է, չնայած որ դա տեղացիները հազվադեպ են տեսնում, որովհետև ամեն մեկն արթնանում է՝ իր օրվա որսի մասին մտածելով ու ժամանակ էլ չի գտնում նայելու համար չորսբոլորը:

Պարո՛ն Նախագահ, եկե՛ք միասին մշակենք «Տնից մի՛ գնա» ծրագիրն ու փորձենք պահել այն ամենը, ինչ մնացել է, պահպանվել:

Սպարապետ Նժդեհն ասում էր.« Տվե՛ք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես կապահովեմ Հայ ժողովրդի տեղն արևի տակ…»:

Ականջալու՛ր լինենք Սպարապետի խոսքին ու տա՛նք նրան այն, ինչ ուզում է:

Եկե՛ք միասին սիրենք մեր հայրենիքն ու փրկե՛նք նրա մշակույթը»:

© Medialab.am