Պատերազմից հետո Արցախի ջրային խոշոր համակարգերն ու հիմնական ջրային ռեսուրսները անցել են թշնամու վերահսկողության ներքո: Սակայն կառավարությունը փորձում է ելքեր փնտրել, որպեսզի կորուստը փոխհատուցվի, և Ստեփանակերտում նախորդ ամառվա ընթացքում գրանցված ջրի ճգնաժամը, երբ մեքենաներով ջուր էր բաժանվում բնակիչներին, չկրկնվի:
«Մինչև պատերազմը լուրջ ծրագրեր էին մշակվել, որ ջրային ռեսուրսների կառավարման նոր համակարգեր կառուցվեին, եղածն արդիականացվեր, բայց ինչպես մյուս, այնպես էլ ջրային կառավարման ոլորտում բոլոր ծրագրերը հօդս ցնդեցին: Ջրային մեծ ռեսուրսներ ու համակարգեր են անցել թշնամու վերահսկողության տակ»,- «Մեդիալաբին» ասում է Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը:
Պաշտոնյան ասում է՝ պատերազմից հետո եղած գյուղատնտեսական նշանակության հողատարածքները ոռոգելու համար վերակառուցել են դեռ սովետական ժամանակներից մնացած համակարգը: «Այսօր մեր հիմնական սկզբունքն է՝ ջուրը պետք է խնայել: Քանի որ պետբյուջեով կաթիլային ոռոգման համակարգեր են ներդրվում, մենք էլ սկսեցինք որդեգրել ջրախնայողությունը, այսինքն՝ բաց ջրանցքները փոխարինում ենք խողովակաշարերով, կորուստներ չենք ունենում: Նախկինում բաց ջրանցքները ունենում էին մինչև 75 տոկոս կորուստ, հիմա դրանք նվազեցվում են մինչև 3-4 տոկոս, ոչ ավելի»,- ընդգծում է Հայրիյանը:
Այսօր, Ջրային կոմիտեի նախագահի խոսքով, Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքի Խրամորթ, Խնաբադ, Նախիջևանիկ, Վարդաձոր համայնքների գյուղնշանակության բոլոր հողերը՝ շուրջ 2000 հա, արդեն ոռոգելի են: Ծրագրի իրագործման համար պետբյուջեից ներդրվել է 3 մլրդ դրամ:
Պատերազմից հետո Արցախի կառավարությունը որոշել ու վերակառուցել է Նորագյուղի վերևի հատվածում դեռ սովետական ժամանակներից մնացած, բայց 2006-ին պայթյունի հետևանքով վնասված ջրամբարը:
«Երևի թե անկախ Արցախի պատմության մեջ առաջին անգամ ջրամբար կառուցվեց: Հիմա արդեն այդ աշխատանքները ավարտվել են, ու մարտ ամսից այդ ջրամբարում ջուր է կուտակվում: Այժմ փորձում ենք այնպես անել, որ հնարավոր կորուստները նվազեցնենք»,- նշում է Գեորգի Հայրիյանը:
Արցախում ամենախոշոր տնտեսական ծրագիրը Պատարա գյուղում ջրամբարի կառուցումն է: Ոռոգման այս ծրագրի նախագիծը եղել է դեռևս 2007-ից, ինչը հիմա անհրաժեշտություն է դարձել Ստեփանակերտի խմելու ջրի սակավության պահանջով։ Հիշեցնենք՝ նախորդ տարի Արցախում գրանցված երաշտի հետևանքով ջրի սակավություն էր առաջացել, և Ստեփանակերտում կենտրոնացած բնակչությանը մեքենաներով խմելու ջուր էր մատակարարվում:
«Եթե ծրագրի մեկնարկի սկզբում ծրագրում էինք 4 մլն խորանարդ մետր ջուր ստանալ, ապա նախագծի փոփոխությունից հետո հիմա ծրագրում ենք ստանալ 6 մլն խորանարդ մետր, այդքան ջուր հավաքելու հնարավորություն ունենք: Առաջնահերթ մայրաքաղաքը ջրով ապահովելն է, քանի որ, եթե կհիշեք, անցած տարի երաշտի հետևանքով մայրաքաղաքի 30 տոկոսում ջուր չկար: Նախագահը հենց անցած տարի օգոստոսին հանձնարարեց ջրամբարի աշխատանքները շուտ սկսել և առաջնահերթ ջրընդունիչ կայան կառուցել ու գետի ջուրը բերել մայրաքաղաք: Դա մեր երկրում ամենախոշոր ծրագիրն է»,- նշում է Հայրիյանը:
Պատարայի ջրամբարի 6 փուլից կազմված շինարարության առաջին փուլն ավարտվել է, դրանից սկսվող ջրատարի երկարությունը 22 կմ է: Ընդհանուր պատվարի շինարարությունը, որի համար պահանջվում է ընդհանուր 9 մլրդ դրամ, կավարտվի մինչև 2025 թվականի հունվար: Ջրամբարը, բացի մայրաքաղաք Ստեփանակերտից, ջրով կսնուցի նաև հարակից բոլոր գյուղերը: «Առաջին փուլի արդյունքում կունենանք դոտացիա մայրաքաղաքի խմելու ջրի համակարգին, և հարակից գյուղերի ջրամատակարարման հարցերը կլուծվեն: Բացի այդ, տարհանված բնակչությամբ այլ թաղամասեր և գյուղեր կան, որ, հույս ունենք՝ Պատարա գետի ջրերով նրանք ևս կապահովվեն»,- ասում է Գեորգի Հայրիյանը:
Բացի այս ծրագրերից, Մարտունու ու Մարտակերտի գյուղերում ջրամատակարարման լոկալ համակարգեր են կառուցվում. 2021-ին կառուցվել են 15-ը, իսկ այս տարի 20-ի կառուցման աշխատանքներն արդեն սկսել են:
«Այդ համակարգերը մեծ օգնություն են Արցախում գյուղատնտեսության զարգացմանը՝ այգիների, բանջարաբոստանային, աշնանացան մշակաբույսերի բարձր բերքատվություն ստանալու համար»,- նշում է արցախցի պաշտոնյան:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am