Էթիկայի հանձնաժողովի կապված ձեռքերն ու օրենքի բացը. Fip.am

Էթիկայի հանձնաժողովի կապված ձեռքերն ու օրենքի բացը. Fip.am
Էթիկայի հանձնաժողովի կապված ձեռքերն ու օրենքի բացը. Fip.am

Պաշտոնյաների կողմից հայտարարագիր չներկայացնելը, թեև նախատեսում է քրեական պատիժ, սակայն օրենքում առկա վրիպակի հետևանքով գործնականում անհնարին է դառնում դրա կիրառումը։

Ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագրեր։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018-2019 թվականներին պաշտոնյաների կողմից դիտավորությամբ հայտարարագիր չներկայացնելու փաստի առթիվ վեց գործ է ուղարկել գլխավոր դատախազություն, որոնցից և ոչ մեկով պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել։

Այդ պաշտոնյաներն են Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը,

ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի նախկին պետ Մանվել Դավթյանը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի նախկին քննիչ Ջիվան Նարիմանյանը, Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ Արեստակես Երեմյանը, Պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի նախկին տեղակալ Բաբկեն Ղազարյանը և նախկին գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը։

Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի, էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ հայտարարագրեր չներկայացնելը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) ՀՀ օրենսգրքի 169.26-րդ հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով «սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Սակայն այստեղ կա օրենսդրական բաց։ ՎԻՎ օրենսգրքի 169.26-րդ հոդվածըհայտարարագիր ներկայացնելու կամ չներկայացնելու հետ որեւէ առնչություն չունի, այն վերաբերում է հասարակական կազմակերպությունների կողմից հաշվետվություն չներկայացնելուն: Եվ Քրեական օրենսգրքում պետք է հղում կատարվեր ՎԻՎ օրենսգրքի 169.28-ի հոդվածին, որը վերաբերում է հայտարարագրեր չներկայացնելուն։

«Այսինքն, Քրեական օրենսգրքով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, առկա է օրենսդրական բաց»,— հենց այսպես է բնութագրել իրավիճակը էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը։

Եվ այս օրենսդրական բացի պատճառով քրեական պատասխանատվության չեն ենթարկվել Արեստակես Երեմյանը, Կարեն Գրիգորյանը (գեներալ Մանվել Գրիգորյանի որդին) և Բաբկեն Ղազարյանը, որոնք դիտավորությամբ չեն ներկայացրել հայտարարագրերը։ Այսինքն, այս օրենսդրական բացը հիմք է հանդիսացել նշված 3 քրեական գործերով վարույթը կարճելու որոշում կայացնելու համար։

Մյուս երեք պաշտոնյաների մասով գործերը կարճվել են այլ հիմքերով։

Էթիկայի հանձնաժողովից Fip.am-ին հայտնեցին, որ Քրեական օրենսգրքում խնդրահարույց հոդվածում նախատեսվում են փոփոխություններ, որը ուժի մեջ կմտնի 2019 թ. հուլիսի 20-ից (314.2-րդ հոդվածում «169.26-րդ հոդվածի» բառերը կփոխարինվի «169.28-ի հոդվածի» բառերով)։ Փաստացի, տեխնիկական վրիպակի հետևանքով պաշտոնյաները կարող էին տարիներով հայտարարագիր չներկայացնել՝ չենթարկվելով հետապնդման։

www.Fip.am