Ծիծեռնակաբերդ, ծաղկահավաքը. Բնապահպանները նոր կյանք են պարգեւում ոգեշնչման ծաղիկներին

Ծիծեռնակաբերդ, ծաղկահավաքը. Բնապահպանները նոր կյանք են պարգեւում ոգեշնչման ծաղիկներին
Ծիծեռնակաբերդ, ծաղկահավաքը. Բնապահպանները նոր կյանք են պարգեւում ոգեշնչման ծաղիկներին

Հայրենասիրական երգեր երգելով, այսօր՝ ապրիլի 27-ին բնապահպանները, սփյուռքից եւ Հայաստանից  երիտասարդները, դպրոցականներն ու ուղղակի Ծիծեռնակաբերդ այցելողները մոտ 10 սեղանների մոտ խնամքով առանձնացնում էին հուշահամալիրին նվիրաբերված ոգեշնչման ծաղիկների ցողունները ծաղկաթերթերից, լցնում դույլերի մեջ, ապա տեղափոխում արեւի տակ՝ հետագայում վերամշակելու եւ «նոր կյանք» պարգեւելու համար:
Արդեն երրորդ տարին է, ինչ Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում  կազմակերպվում է գունեղ եւ խորհդանշական բնապահպանական միջոցառումներից մեկը՝ ծաղկահավաքը, որը երկրորդ կյանք է պարգեվում ապրիլի 24-ի անմեղ նահատակների համար խոնարհված ծաղիկներին:

Վայրի բնության եվ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ «Երկրի օրը-2012» քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող այս միջոցառումն իր շուրջն է համախմբում բազմաթիվ կամավորների, կազմակերպությունների, տեղական եվ միջազգային կառույցների ներկայացուցիչների, սփյուռքահայերի, կրթահամալիրների ու բուհերի ուսանողների:

Ամեն տարի միջոցառմանը մասնակցող 19-ամյա Աննա Ասատրյանն ասում է, որ թե՛ բնապահպանական, եւ թե՛ անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու համար նախաձեռնությունը շատ կարեւոր եւ գնահատելի է:

«Երեք տարի առաջ, երբ ծաղկահավաք չէր կատարվում,  հսկայական քանակությամբ ծաղիկները ուղղակի աղբի էին վերածվում, իսկ հիմա ցողուններից պարարտանյութ, իսկ թերթիկները վերամշակվում եւ վերածվում է գեղեցիկ թղթի»,- ասում է Աննա Ասատրյանը:

22-ամյա սփյուռքահայ Անահիտ Յաղջյան եկել է Լոս Անջելես քաղաքից «Դեպի Հայք» ծրագրի միջոցով որպես հայ կամավոր եվ առաջին անգամ է մասնակցում ծաղկահավաքին:

«Չէի լսած, որ այսպիսի աշխատնք կը կատարվի ամեն տարի: Շատ կարեվոր աշխատանք մըն է, որը օրինակ կարա ըլլալ ընդհանուր հայության համար, թե ինչպես կարող ենք նյութ մը մի քանի անգամ մը օգտագործել: Ըստ ինձի Հայաստանի բնությունը եվ ընդհանուր ապրելու արժեքը կըրնա շատ բարձրանալ, եթե նման ձեվերով վերամշակենք մեր օգտագործած նաեվ շիշերը»,- ասում է Անահիտ Յաղջյանը:

FPWC-ի ծրագրերի տնօրեն Բարբարա Զիբերտն պատմում է, որ ծաղկաթերթիկների վերամշակումն այնքան էլ պարզունակ գործընթաց չէ: Հիմնադրամը արդեն իսկ օգտագործված թուղթը, որը հավաքվում է գրասենյակներից, կրթական եւ դիվանագիտական կառույցներից, բանկերից եւ այլ հաստատություններից,  մանր կտրտվում է, տաք ջրով հարելուց հետո խյուս պատրաստվում,  որից հետո ավեալցվում են հուշահամալիրում խնամքով հավաքված եւ արեւի տակ չորացված ծաղկաթերթիկները: Որոշակի գործընթացներով անցնելուց վերածվում են գեղեցիկ թղթի, որի մեջ նշմարվում են ծաղկաթերթիկները: Ընդ որում աշխատանքը լիովին կատարվում է ձեռքով:

«Կանաչ դպրոցի սաները, ովքեր «Արեվորդի» էկո ակումբների շարունակությունն են իրենց վրա են վերցնում ամենամեծ աշխատանքը՝ թուղթը ծաղկաթերթիկներով վերամշակելը»,- ասում է Վայրի բնության եվ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը,- «Տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Այս տարի ծաղկահավաքին ողջ օրվա ընթացքում մասնակցում է 1500-2000 մարդ: Թեեւ նախաձեռնողը մենք ենք, սակայն կցանկանայինք, որ մեզ հետ, թե առանց մեզ գեղեցիկ այս միջոցառումը շարունակական լիներ»:

ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծաղկահավաքի արդյունքում, ըստ հիմնադրամի աշխատակիցների, հնարավորություն է տալիս վերամշակված թուղթն օգտագործել շատ խորհրդանշական ձեւեով. Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր եվ հրավիրատոմսեր պատրաստելու համար:

«Անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող յուրաքանչյուր ծաղիկ հարգանքի տուրք լինելուց բացի կարեվոր դեր կարող է ստանձնել մեր ընդհանուր գործում: Ծաղիկների վերամշակման արդյունքում տպագրված հուշագրերը, շնորհակալագրերն ու հրավիրատոմսերը յուրօրինակ են՝ դրանցում տեսանելի ծաղկի թերթիկների շնորհիվ: Դրանք հաստատում են 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության փաստի անհերքելիությունն ու կոչ անում այդ փաստի մասին՝ ինքնատիպ դեսպան դառնալով Հայաստան այցելած օտարերկրացու համար»,- ասում է Վիավսել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am