«Ճիշտ չէ, որ հիմա էլ ՀՀԿ-ին տապալող ուժն է լիբերալ օրենսդրությունն օգտագործում և վարչական ռեսուրսը չարաշահում». Վարուժան Հոկտանյան

«Ճիշտ չէ, որ հիմա էլ ՀՀԿ-ին տապալող ուժն է լիբերալ օրենսդրությունն օգտագործում և վարչական ռեսուրսը չարաշահում». Վարուժան Հոկտանյան
«Ճիշտ չէ, որ հիմա էլ ՀՀԿ-ին տապալող ուժն է լիբերալ օրենսդրությունն օգտագործում և վարչական ռեսուրսը չարաշահում». Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շարունակում է պնդել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահում է արձանագրվել: «Մեդիալաբի» հետ զրույցում Հոկտանյանն ասում է, որ պատրաստ է հրապարակելու միջազգային այն չափանիշները, որոնք խախտվել են վարչապետի պաշտոնակատարի կողմից:

«Դա՞ է ուզում Նիկոլ Փաշինյանը, կհրապարակենք՝ կտեսնի: Եթե ինքը նման հարց է դնում, մենք կհրապարակենք: Բացի այդ, ՀՀԿ հայտարարությունը մեջբերում էր այդ փաստաթղթերը: Ես կարող եմ մի քանի բան էլ ավելացնել դրանց»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը: Նա հավելում է, որ նախկինում ինքը ՀՀԿ-ին էր մեղադրում այդ նորմերը խախտելու համար:

«Իրենք շատ լավ գիտեին, թե ի՛նչ էին խախտում, և հիմա նույնը Փաշինյանն է անում»,- ասաց նա:

Ըստ Հոկտանյանի՝ վարչական ռեսուրսի կիրառումն անխուսափելի է, կիրառվում է ամբողջ աշխարհում, ոչ ոք դրա համար չի կպատժվում: Դա նորմալ է, երբ մարդը պաշտոնի է, իշխող ուժի ներկայացուցիչ է, ուզած-չուզած վարչական ռեսուրս կիրառում է: Խնդիրը այդ վարչական ռեսուրսը չարաշահելու մեջ է, որը տվյալ դեպքում արձանագրվել է:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի կատարած այցը քննադատել էր ՀՀԿ-ն՝ հայտարարելով, որ նախընտրական քարոզչությունը չմեկնարկած՝ Փաշինյանն աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարահաշման կոպիտ դրսևորում է: Այդ հայտարարության մեջ ՀՀԿ-ն հղում էր արել միջազգային փաստաթղթերին, մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այս մեղադրանքներին, ասել էր, որ թող մեղադրողները հրապարակեն այդ միջազգային չափանիշները: «Այդ միջազգային չափորոշիչները խնդրում եմ ձեր կայքերում հրապարակեք, թող ձևակերպված լինի, թե միջազգային չափորոշիչը ո՛րն է: Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ի՞նչ պետք է անի, պետք է սենյակից դուրս չգա՞»,- ասել էր նա:

Վարուժան Հոկտանյանն ասում է, որ պատրաստ է հրապարակելու այդ չափանիշները: Նրա խոսքով՝ «սև ուժերը», տվյալ դեպքում՝ ՀՀԿ-ն, իրենց անցյալից գիտեն այդ մեթոդները և բավական կոնկրետ փաստեր են բերել իրենց հայտարարությունում: «Եթե նայում ենք Հայաստանի օրենսդրությունը, ոչինչ չի խախտվել, մեր օրենսդրությունն ավելի լիբերալ է: ՀՀԿ-ն այնպիսի օրենսդրություն էր մշակել, որ ինքն իրեն չպատժեր: Բայց ես ճիշտ չեմ համարում, որ հիմա էլ ՀՀԿ-ին տապալողն է այդ լիբերալ օրենսդրությունն օգտագործում, մեղմ ասած, դա մի քիչ ճիշտ չէ»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:

Նա խնդիրը երկու մասի է բաժանվում՝ Հայաստանի ընտրական օրենսգրքով, այո՛, դա խախտում չի որակվում: Այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Բայց եթե հարցը դիտարկում ենք միջազգային չափանիշներով, խախտում է: «Խնդիրն այն է, որ մեր Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության սկիզբը ֆիքսված է, դա նոյեմբերի 26-ն է: Բայց ընդհանրապես միջազգային պրակտիկայում նախընտրական քարոզչությունը դե ֆակտո ավելի երկար է: Հայաստանի նախագահի հրամանագիը ընտրությունների անցկացման մասին եղավ նոյեմբերի 1-ին: Այսինքն՝ երբ այդ հրամանագրով ֆիքսվեց ընտրությունների օրը, ոչ թե մեր օրենսգրքով, այլ միջազգայնորեն դա արդեն նախընտրական ժամանակահատված է համարվում: Եվ հիմա մեր օրենսգիրքը չի արգելում ինչ-որ բաներ ասել մինչև նոյեմբերի 26-ը, համաձայն եմ, բայց միջազգայնորեն այդ հարցը կա»,- ասում է Հոկտանյանը:

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 24-ին անցկացվելիք երթին, ասելով, որ հայաստանյան օրենսդրությամբ խախտում չկա, առավել ևս, որ այդ օրը շաբաթ է, բայց միջազգային չափանիշներով խախտում է: «Բայց, դե, եթե իրենք այդպես են ուզում, մենք մեր օրենսդրությամբ առաջնորդվենք ու ասենք՝ խախտում չկա»,- հավելեց նա:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ ցավալի է, որ Հայաստանի նոր իշխանությունները կոնկրետ այս դեպքում կրկնում են ՀՀԿ-ի սխալները: «Կա նաև աշխատաժամի խնդիր, շաբաթ օրվա երթի հարցը մի քիչ ավելի մեղմ է, քանի որ աշխատանքային օր չէ: Միջազգային կարևոր չափանիշն այն է, որ աշխատանքային ժամին քարոզչությամբ չի կարելի զբաղվել: Բայց նույն ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք քաղաքական պաշտոն էին զբաղեցնում, ասում էին՝ նորմավորված աշխատանքային օր չէ: Քանի որ նորմավորված չէ, քարոզչությունը երբ ուզեն՝ կանեն: Ես էլ նրանց հակադարձում էի, ասում էի՝ ի՞նչ է դա նշանակում, պաշտոնապես սահմանված աշխատանքային ժամեր կան»,- ասում է նա:

Վարուժան Հոկտանյանի խոսքով, երբ իշխանություններն ասում են, որ ազատ ու արդար ընտրություններ են անցկացվելու, դա հիմա դժվար է գնահատել:

Ընտրությունների հիմնական իրադարձությունները ծավալվում են քվեարկության օրը: «Երբ միջազգային դիտորդները վերջնական երզակացություն են անում, նրանք նայում են ընտրական գործընթացի ամեն մի բաղադրիչը, թե ինչպե՛ս են եղել գրանցումը, քարոզչությունը: Եթե նայում ենք այն բաղադրիչները, որոնք եղել են, ամեն ինչ դեռ նորմալ է ընթանում: Հիմա տեսնենք, թե քարոզչությո՛ւնն ինչպես կընթանա: Հիմնական բաղադրիչներն իրականացվելու են նոյեմբերի 26-ից»,- ընդգծեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am