«Իշխանություններն ինչ-որ զապասնոյ տարբերակ կարող են առաջարկել». ըստ վերլուծաբանների`Րաֆֆին դժվարին կացության մեջ է

«Իշխանություններն ինչ-որ զապասնոյ տարբերակ կարող են առաջարկել». ըստ վերլուծաբանների`Րաֆֆին դժվարին կացության մեջ է
«Իշխանություններն ինչ-որ զապասնոյ տարբերակ կարող են առաջարկել». ըստ վերլուծաբանների`Րաֆֆին դժվարին կացության մեջ է

Նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի լրատվամիջոցների ներկայությամբ իր վերջին ասուլիսով փորձեց հասկացնել, որ իշխանությունները զիջումների չեն գնա: Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Կարծում եմ, որ նա այդ հարցազրույցով բացատրեց, թե ինչո´ւ է ավարտված երկխոսությունը: Նա բացառեց, որ կգնա Ազատության հրապարակ, և հիմնավորեց է, թե ինչո´ւ է այդպիսի որոշում կայացրել»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում Ազատության հրապարակ գնալ ՝ երկխոսելու այնտեղ անժամկետ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Իսկ նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին պարբերաբար հայտարարում է, որ Ազատության հրապարակում սպասում է Սերժ Սարգսյանին, ով պետք է գա ու ստեղծված ճգնաժամի լուծման համար համալիր ու համապետական առաջարկ անի:

Այս պայմաններում, երբ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարում է, որ չի գնա Ազատության հրապարակ, ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարցին Երվանդ Բոզոյանը նման պատասխան է տալիս. «Դժվարանում եմ պատկերացնել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլով իրեն բավական ծանր կացության մեջ է դրել: Նա փաստորեն վերջնագրով է հանդես եկել, որ եթե մինչև ապրիլի 9-ը որևէ բան չլինի, ապա ինքը դուրս չի գա հացադուլից: Գործող նախագահը դե ֆակտո որպես պատասխան նշեց, որ փաստորեն որևէ քայլ չի անելու, կոմպրոմիսի չի գնալու: Այն բոլոր խոսակցությունները, որ տեղի էին ունեցել իրենց միջև, ինքը բացահայտեց, որպեսզի դրանով փորձի հանրությանը հիմնավորել, թե ինչո´ւ ինքը չի գնում երկխոսության Րաֆֆի Հովաննիսյանի հետ»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հստակ մեսիջ ուներ՝ այն է, իշխանությունները զիջումների չեն գնա: «Կարծես թե խոսքն այն մասին է, որ Սերժ Սարգսյանն այս պայմաններով չի գնալու Ազատության հրապարակ: Բայց ես չեմ տեսնում այն, որ ինքը լիովին պատրաստ չէ հետագա բանակցությունների Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Համենայն դեպս, այն պայմաններից, որոնք առաջ է քաշում Րաֆֆի Հովաննիսյանը, այն տպավորությունն է ստեղծվել, որ Սերժ Սարգսյանն այդ պայմաններով չի հանդիպի նրա հետ»,- ասում է քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ` այն, որ Սերժ Սարգսյանն ասում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործողություններով քաղաքական դաշտից դուրս է եկել, փաստում է, որ իշխանությունները ոչ մի զիջումների չեն գնալու այս պահին, ավելին, նույնիսկ «ուշադրություն» չեն դարձնելու տեղի ունեցող գործողությունների վրա: Թե այդ դեպքում ի´նչ է մնում անել հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին, ով հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը միայն իր դիակի վրա կդառնա նախագահ, Սերգեյ Մինասյանն ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական համբավի վրա բացասական չանդրադարձող ելք չի տեսնում: «Կարծում եմ` իշխանություններն ինչ-որ, այսպես կոչված, զապասնոյ տարբերակ կարող են առաջարկել: Կարող են ինչ-որ հայտնի մշակութային գործչի կամ մեկ ուրիշի միջոցով, այն պահին, երբ արդեն պարզ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆիզիկական վիճակը վատացել է, համոզել դուրս գալ հացադուլից: Քաղաքական միջոցներով գործել իշխանությունները դժվար թե շարունակեն»,- ասում է Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում պաշտոնապես գործող նախագահ Սերժ Սարգսյանից հետո երկրորդ տեղը զբաղեցած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական հանրահավաքների շարք է սկսել` ի նշան կեղծված ընտրությունների բողոքի, որին միացել են հազարավոր մարդիկ: Մարտի 10-ին Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել` պահանջելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին ու Ազատության հրապարակում նրան այցելելու վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Իմ խորին համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով՝ գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ»:

Նա նաև ասել էր, որ միջին հաշվով Ազատության հրապարակում տեղի ունեցող հարահավաքներին մասնակցում է 3000 մարդ: «Մենք մոտ 3 մլն ենք: Ուրեմն, խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն, ինչ ասեմ, կոռեկտ չի»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը:

Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, ով առանձնապես չէր մանրամասնել իր և Սարգսյանի միջև ծավալված խոսակցությունները և առաջարկները, Սերժ Սարգսյանը նշել է, որ նախագահի նստավայրում Րաֆֆի Հովհաննիսյանին երեք առաջարկ է արել:

Ըստ Սարգսյանի` առաջին տարբերակն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնա Ազատության հրապարակ, շարունակի պնդել, որ հաղթել է, ստվերային կառավարություն ձևավորի, բայց այդ դեպքում իրավապահ մարմինները 100 տոկոսով օգտագործելու են Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Երկրորդ տարբերակով Սերժ Սարգսյանը ենթադրաբար ակնարկել է Երևանի քաղաքապետի պաշտոնի մասին` կոչ անելով մասնակցել առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին, երրորդ տարբերակում, ըստ Սարգսյանի, ինքն առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանին ներգրավվել իշխանության մեջ:

«Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը»,- նշել է Սարգսյանը:

Սակայն, ըստ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկները մերժել է:

© Medialab.am