Փաշինյանը պետք է հրաժարվի «անկլավային» տրամաբանությունից, շատ վտանգավոր է. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում հնչած հայտարարություններն ու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում։

– Բանակցություններ հանուն բանակցությունների, այսինքն՝ Մոսկվայի դիրքորոշումն է՝ ցույց տալ, որ նա դեռ շարունակում է մնալ այդ պահունակի մեջ, որ դուրս չի մնացել գործընթացից, որ մոդերացիան միայն Վաշինգտոնի ու Բրյուսելի տիրույթում չէ։ 

Հայտարարությունների մասով որևէ նոր ու զարմանալի բան չկա․ որ Ալիևն ասում է, թե այստեղ միջանցքային տրամաբանություն չկա, տրամաբանական է, որովհետև նա շատ փոքր խաղացող է, որպեսզի միջազգային մակարդակում այդպիսի հայտարարություններ անի, թե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, քանի որ հասկանում է, որ նման պահանջի իրավական որևէ հիմք չունի։ 

Նմանատիպ բոլոր հայտարարություններն արվում են զուտ Ադրբեջանի ներսում, ու նա շատ լավ հասկանում է, որ դրանք իր համար իրավական հետևանքներ չեն կարող ունենալ։ 

Փաշինյանի հայտարարություններն ընդհանուր առմամբ ճիշտ էին արված, շեշտադրումները ճիշտ էին դրված, հաշվի առնելով, որ Հայաստանի համար միջանցքային տրամաբանությունը կարմիր գիծ է։ 

Երկու բառով ասեմ, թե իրականում ինչ է կատարվում, որ ամեն ինչ պարզ դառնա․ նոյեմբերի 9-ին, երբ այդ չարաբաստիկ թուղթը ստորագրվեց, իրավիճակն այլ էր․ «միջանցքի» դեմ այդ ժամանակ, մեծ հաշվով, չկար միջազգային կոնսենսուս, կամ որևէ կողմ, բացի Իրանից, դեմ չէր դրան, միայն Իրանի համար էր դա կարմիր գիծ։ 

Ուկրաինայից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, իրավիճակը 180 աստիճանով փոխվեց, որովհետև այսօր Արևմուտքն այդ միջանցքը դիտարկում է Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու միջոց, դրա համար էլ, բացի Թուրքիայից, Ադրբեջանից ու Ռուսաստանից, հիմա ոչ մեկը կողմ չէ այդ «միջանցքին»։ 

Այսպիսով՝ Հայաստանն ստացել է բավականին լուրջ հենարան, որը թույլ է տալիս մեզ պնդել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսքն ընդամենը կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է, քանի որ փաստաթղթի դրույթները թույլ են տալիս դա անել, ու դա չի ենթադրում այլ պետության վերահսկողություն։ Այն խոսակցությունը, որը ծավալվեց ԵԱՏՄ նիստում, այս մասին էր։ 

– Ասացիք՝ բանակցություններ հանուն բանակցությունների, այսինքն՝ բովանդակային որևէ արդյունք չտվե՞ց այդ հանդիպումը։

– Միանշանակ չտվեց ու չէր էլ կարող տալ, ես այդ մասին բազմիցս եմ ասել։ Առաջին օրվանից, երբ հայտնի է դարձել, որ Մոսկվայում լինելու է վարչապետի ու նախագահների մակարդակով հանդիպում, ես ասացի, որ որևէ առարկայական առաջընթաց չի լինելու այն պարզ պատճառով, որ այնտեղ նույնիսկ օրակարգ չկա, այդ հանդիպումը նույնիսկ չի ունեցել նախնական օրակարգ, որևէ բան համաձայնեցված չի եղել, այսինքն՝ Պուտինը նույնիսկ որևէ թուղթ չի դրել նրանց առջև, որ նրանք էլ ընդունեն կամ մերժեն դա։ Ի սկզբանե պարզ է եղել, որ լինելու են փոխադարձ մեղադրանքներ, ու դրանով ամեն բան ավարտվելու է, իսկ Ռուսաստանն ուղղակի աշխարհին ցույց է տալիս, որ ինքը դեռ այդ պահունակի մեջ է։

– Պարո՛ն Ստեփանյան, Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից ավելի է հեշտացնում խաղաղության պայմանագիր ստորագրելու գործընթացը։ Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք այդ պայմանագրի կնքումը։

– Հայաստանի ու առաջին հերթին մոդերատորների կողմից Ադրբեջանը ստացել է շատ լուրջ խայծ, որն է՝ տարածքային ամբողջականության ճանաչում, ինչը թույլ է տալիս նրան հայտարարել, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Սա լիովին բխում է Ադրբեջանի ու Ալիևի անձնական շահերից, դրա համար Ալիևն այսօր Արևմուտքից ստացել է մի առաջարկ, որին համաձայնել է Հայաստանը, ինչին չի կարող դրական չպատասխանել, այսինքն՝ գնդակը ուղարկվել է Ադրբեջանի դաշտ, եթե ֆուտբոլային դիվանագիտության լեզվով խոսենք։ 

Այսինքն՝ Ալիևը պետք է դիմի պատասխան քայլերի, դրանք են՝ սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, առանց որևէ նոր լուրջ պահանջների, միջանցքային տրամաբանության փակումը ու երրորդ՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության սկիզբը՝ արցախցիների իրավունքների ու անվտանգության հարցերի մասով։ 

Փաստացի, եթե այդ պայմանագիրը ստորագրվում է այդ պայմաններով, որի մասին այսօր խոսվում է, ղարաբաղյան հակամարտությունն առանձնանում է, դառնում առանձին քեյս, որը շարունակվելու ու որտեղ, ի վնաս մեզ, ինքնորոշման մասին այլևս խոսք չի լինելու: Բայց դե ֆակտո ունենք իրավիճակ, երբ մենք ինքներս ինքնորոշման մասին չենք բարձրաձայնում, չենք խոսում այդ մասին։ Լավ է, թե վատ՝ այլ հարց է, ես իմ կարծիքն ունեմ, բայց հիմա մենք դրա մասին չենք խոսում, խոսում ենք միայն հակամարտության փակման մասին, ու որ մեր հայրենակիցները շարունակեն անվտանգ ապրել իրենց տներում։ 

Եթե հակամարտությունը դիտարկենք այս տրամաբանության մեջ, այո՛, սա ինչ-որ տեղ նաև մեր շահերից է բխում։ Իրականությունը սա է, իսկ եթե մեջտեղից հանում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունները, հնարավորություն ենք ստանում հարցը լուծել։ 

Բայց այստեղ կա մի հարց, որը հարցերի հարցն է ինձ համար՝ «անկլավները»: Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու ու ընդհանրապես մասնագետի, անընդունելի է «անկլավներից» ցանկացածը զիջել Ադրբեջանին Արծվաշենի դիմաց, նույնիսկ եթե Արծվաշենի տարածքը երկու անգամ ավելի մեծ լինի։ Այդ տարածքները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն․ տեսեք՝ որտեղ է գտնվում Տիգրանաշենը՝ մայրուղու վրա, որը մեզ կապում է Իրանի հետ, որտեղ է գտնվում Վերին Ոսկեպարը՝ մայրուղու վրա, որը մեզ կապում է Վրաստանի հետ։ 

Սրանց փոխանակումն անընդունելի է, ու այս առումով Փաշինյանի հայտարարություններն «անկլավների» մասին իմ խոր մտահոգությունն են առաջացնում, ես չեմ հասկանում, թե ինչո՛ւ է նա հիմա այդ մասին խոսում: 

Մյուս բոլոր դրույթները ես կարող եմ հասկանալ, սա՝ չեմ կարող հասկանալ, որովհետև այսօր չկա միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակ, որը նման խոսակցության համար հիմք է ստեղծում։ Եթե մենք կարողանանք այս «անկլավային» տրամաբանությունը հանենք, դա ինձ համար ընդունելի տարբերակ է, բայց Փաշինյանն արդեն իսկ վտանգում է դա, երբ սկսում է խոսել «անկլավների» մասին։ 

Ինչպես «Զանգեզուրի միջանցքն» է մեզ համար կարմիր գիծ, նույնը պետք է լինի «անկլավների» մասով, որովհետև դրանց նշանակությունը մեզ համար անչափ կարևոր է: Եթե մենք դրանք տանք, վաղը Տիգրանաշենով ու Վերին Ոսկեպարով բերվելու են ու դրվեն ադրբեջանական նոր հսկիչ անցագրային կետեր, ու գրված է լինելու՝ «Բարի գալուստ Ադրբեջան», սա՞ ենք մենք ուզում։ Որևէ մեկը մեզ չի կարող երաշխիք տալ, որ դա չի լինելու։

– Իսկ այդ տրամաբանությունից հրաժարվել հնարավոր կլինի՞, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այդ տարածքները Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ չեն մտնում։

– Ահա թե ինչու եմ ես ասում, որ դա շատ վտանգավոր հայտարարություն է․ վաղը Ալիևը, ինչպես երեկ էր իրեն պահում Մոսկվայում, նույն կերպ կասի՝ դուք ինքներդ եք ասել, որ դա Հայաստանի տարածք չէ, եթե Հայաստանի տարածք չէ՝ տվեք մեզ, ուրեմն դուք օկուպանտ երկիր եք, 92-ից սկսած օկուպացրել եք Ադրբեջանի տարածքը, դուք օկուպանտներ եք, ու վերջում էլ մի հատ հայց կներկայացնի միջազգային դատարան: 

Սա շատ վտանգավոր է մեզ համար, ես զարմանում եմ մեր ղեկավարության տրամաբանության վրա, եթե այստեղ տրամաբանություն կա։ Ես պատասխան չունեմ, թե ինչու է նա դա անում։ 

– Պարո՛ն Ստեփանյան, հնարավոր ճնշումները բացառո՞ւմ եք, որովհետև կարծիքներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանը ճնշման տակ է։

– Ո՞ւմ ճնշման տակ է՝ Պուտինի՞, Շառ Միշելի՞, ո՛չ, ես չեմ կարծում, թե այստեղ կա ճնշում, դրա համար եմ ասում, որ ինձ համար անհասկանալի է նման հայտարարության նպատակը: Դա գաղտնիք է ինձ համար, կփորձեմ այդ պատասխանը գտնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am