«Պետական կառավարման համակարգը պետք է հականեխվի». Լեւոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

– Պարո՛ն Բարսեղյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը հակահեղափոխություն է անում, և որ երկրում ինչ դրական ցուցանիշ արձանագրվել է՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի է եղել։ Այս խնդրին դուք նախկինում անդրադարձել եք, ի՞նչ է կատարվում պետական կառավարման համակարգում, և ի՞նչ քայլեր պետք է արվեն պետական ապարատն ամբողջովին բարեփոխելու համար։

– Մենք մի քանի անգամ մատնացույց ենք արել, որ պետական կառավարման համակարգը պետք է հականեխվի։ Պատկերացնում ենք, թե վարչապետն ինչքան բան գիտի, մենք այդ համակարգի ներսում չենք, չունենք շատ տեղեկություն, բայց տեղյակ էինք այդ մասին։

Ընդհանրապես, դասագրքային ճշմարտություն է, որ հեղափոխություններից հետո պետական կառավարման ապարատի միջին և ցածր օղակները շարունակում են, վարչապետի ասածի պես, կոմֆորտի գոտում գտնվել, չեն ուզում ջանքեր գործադրել, առավել ևս այն դեպքում, երբ ջախջախվում են կոռուպցիոն սխեմաները, անօրինական շահերը վերացվում են։ Եթե այդ համակարգի շղթայից մի քանի պաշտոնյա էլ սկսի վատ կատարել իր գործը, մեխանիզմը կխաթարվի։

Այսինքն՝ պարտադիր չէ, որ բոլորը վատ աշխատեն կամ սաբոտաժ անեն, մեկ անձն անգամ կարող է տապալել բավական երկար շղթայի գործունեությունը։ Եվ այս մասին ես ու բազմաթիվ այլ անձինք ասել ենք, որ պետք է հականեխվեր այդ համակարգը, ինչը տեղի չի ունեցել։ Եվ, որքան ես հասկացա, վերջապես երկար տանջանքից ու չարչարանքից հետո վարչապետն այսօր պոռթկացել է։ Ես էլ կարծում եմ, որ երբ Նիկոլը ջղայնանում է, հասարակության ահագին հատված ջղայնանում է։

Իսկ երբ ահագին հատված ջղայնանում է, հեղափոխություն է լինում։ Հիմա ես խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ջղայնացրել են վարչապետին, շարունակեն այդպես։ Նրանք իրականում անուղղելի են, որովհետև եթե ուղղելի լինեին, արդեն վաղուց փոխված կլինեին կամ հրաժարական տված կլինեին։

Մի քիչ էլ որ շարունակեն ջղայնացնել, հեղափոխության երկրորդ ալիքը կգա, և արդեն ահագին բան իր տեղը կդնի։ Հեղափոխությունների տրամաբանությունը շատ նման է օվկիանոսային մակընթացությանն ու տեղատվությանը, երբ ալիքը միանգամից չի գալիս, գալիս է, հետո հետ է գնում, մի քիչ ավելի շատ է գալիս, քիչ է հետ գնում, հետո հասնում է ինչ-որ պիկի։ Նույն ձևով մեր հեղափոխությունն է, նորից հեղափոխական մի ալիք է պետք։ Բարեբախտաբար, ես վստահ եմ, գիտեմ, որ նահանջ դեպի ռոբասերժական պետության զավթման համակարգ չի լինելու։

Պարզապես այս պրոցեսներն արագացնելու համար հարկավոր են կտրուկ, վճռական և բարեխիղճ գործողություններ։ Այդ մասին ես հեղափոխությունից մի քանի օր հետո եմ գրել։

– Հնարավո՞ր էր այդ փոփոխություններն անել անցած մեկուկես տարվա ընթացքում, և եթե այո, ապա ինչո՞ւ չարեցին։

– Մեկուկես տարվա ընթացքում մի շարք ոլորտներում կարելի էր ավելի արագ և արդյունավետ գործել։ Թե ինչո՛ւ չի եղել, պատճառները տարբեր են։ Երբևէ պրակտիկ կառավարման փորձ չունեցող մարդիկ երբ սկսում են կառավարել, դառնում են նախարար, շանսերը շատ անորոշ են լինում։

Իհարկե, մենք ունենք նախարարներ, ինչպես, օրինակ՝ Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը, ևս մի քանի հոգի, որոնք երբևէ չեն ունեցել նման փորձ, բայց կարողացան շատ մեծ հաջողությամբ ինտեգրվել կառավարման ապարատին, արդյունավետ, արագ, օպերատիվ աշխատել։ Եվ կան պաշտոնյաներ, նույնիսկ փոխվարչապետի մակարդակով, օրինակ՝ Մհեր Գրիգորյանը, որոնք շատ բարեհաջող «քաղցր» աշխատել են նաև նախորդ իշխանությունների հետ։ Ես անձնապես որևէ մեկի դեմ բան չունեմ, բայց սպասել, որ այդ մարդիկ պետք է բարեհաջող կերպով հեղափոխական կառավարում իրականացնեն, միամտություն է։ Օրինակ՝ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը 15 տարի բարեհաջող ու սուսուփուս աշխատել է Գագիկ Հարությունյանի գրասենյակում, որը աշխարհիկ լեզվով կոչվում է Սահմանադրական դատարան։ Այդ մարդը հիմա ԱԺ շատ կարևոր հանձնաժողովի նախագահ է, և ես ոչ մի դեպքում չեմ կարող պատկերացնել, որ նա կարող է հեղափոխական վարք ունենալ։

Արտակ Զեյնալյանն իմ լավ ընկերներից է, լավագույն իրավաբաններից, բայց որպես կառավարիչ թույլ էր, չհաջողեց։ Այն ռազմավարությունները, որոնք մշակել է արդարադատության նոր նախարարն իր կաբինետով, կարող էին իսկապես մշակված լինել մեկ տարի առաջ։

Այսինքն՝ բարեփոխումը 8-9 ամիս հետ է ընկել, ուշացել է։ Այս ամենը և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ ունի։ Պաշտոնյան կարող է հասկանալ, որ ինքը չի կարողանում այդ բարեփոխումներն առաջ տանել, դա ամոթ բան չէ, նա պետք է հրաժարական տա ու գնա։ Բայց պաշտոնյա էլ կա, դա կարող է չնկատել, չզգալ, որ ինքը ձախողում է ոլորտը։ Հիմա, թե կոնկրետ ինչի՛ց էր Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել, դժվար է ասել, բայց ամբողջությամբ հասկանալի է։ Եթե անկեղծ ասեմ, ես սպասում էի, թե երբ է «տրաքվելու» այդ մարդը։ Եվ նա այսօր արդեն չդիմացավ։ Հիմա այդ ամբողջը պետք է շատ օպերատիվ կերպով շտկվի։

– Անդրադառնալով փոփոխությունների հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ հմտություններ ունեցող մասնագետներ չկան, ովքեր կփոխարինեն պետական համակարգի ներկայիս աշխատակիցներին։ Այս տեսակետին համաձա՞յն եք։

– Գիտեք, մինչև դա հայտարարելը հարկավոր էր մրցույթ հայտարարել։ Եթե քաղաքական ուժը չունի թեկնածու, մարդը չի գտնում համապատասխան կադր, ի՞նչ պետք է անի այդ մարդը, ոչ պետք է աղոթի, ոչ պետք է անիծի, մրցույթ պետք է հայտարարի։ Եթե չեմ սխալվում, հենց վարչապետի հորդորով կադրերի բանկ ստեղծվեց։ Նրանց մեջ համապատասխան մարդ չկա՞։ Պետք է եղածների միջից ընտրվեն, եթե չկա, հաջորդի թեկնածությունը նայել, ուրիշ մեխանիզմ չկա, հո մենք մեզ չենք խփելու։

Հո չենք ասելու՝ Սերժիկ ջան, հլա արի, տես ինչ ես անում։ Այսինքն՝ այդտեղ ոչ մի ողբերգություն չկա, դա պրակտիկ խնդիր է, մարտահրավեր պետք է ընկալել ու լուծել։ Մյուս ճանապարհը, որը չի հակասում սրան, եղած կադրերը վերապատրաստելն է։ Պետք է մարդկանց կարողությունները զարգացնել, անձամբ ես պատրաստ եմ այդ հարցում օգնել կառավարությանը, մասնագետներ ճարել, խորհուրդներ տալ։ Ընդամենը թող մի հատ նշան տան, որ այսինչ բանն է պետք, անվճար պատրաստ ենք օգնելու։

Հո այս ամբողջը գերեզման չենք դնելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am