2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը կաճեն 49 տոկոսով

2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը էապես կաճեն և դրանց հանրագումարը կկազմի 548 միլիարդ դրամ, որը 49 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ծախսերի ցուցանիշին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

«Այսպիսով` կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 5,9 տոկոսին, որը 2022 թվականի նկատմամբ ավել է 1,5 տոկոսով։ Հիշեցնեմ, որ երբ մենք 2021 թվականին կապիտալ ծախսերը նախաատեսում էինք ՀՆԱ-ի 4,5 տոկոսի չափով, շեշտում էինք, որ զգալիորեն բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս առումով մենք ևս մեկ զգալի ավելացում ենք նախատեսում»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ հաջորդ տարիներին ևս նախատեսվում է այդ մակարդակը պահպանել, որն արդեն իսկ բարձր ցուցանիշ է։

«Կապիտալ ծախսերի ¾ մասը ուղղվելու է պաշտպանության և անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը»,- ասաց Խաչատրյանը։