Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում՝ 60 մլն. եվրոյով

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը՝ Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, որի բյուջեն կազմում է 60 մլն եվրո: 

Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում է` Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն. մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում այն հասցնելով 60 մլն. մ3-ի։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։ 

Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կիսակառույց պատվարի կառուցմամբ, առաջին հերթին,  կապահովվի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը, կբարձրանա Շիրակի մայր (12325հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովման մակարդակը։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Ջրաչափման հուսալի համակարգի տեղադրման արդյունքում էլ կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։