Սևանա լճի այսօրվա վիճակը եթե ոչ ծայրահեղ կատաստրոֆիկ, ապա բավականին լուրջ վտանգված է. Աշոտ Խոյեցյան

Սևան (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, Medialab.am)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը

– Պարո՛ն Խոյեցյան, ձեր գնահատականն եմ խնդրում հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքի նախագծի վերաբերյալ, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն խմ ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն խմ։ Այս մասին նաև հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը։

https://medialab.am/262649/

– Իրականում հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում․ ձմեռը չորային էր, գարնանն էլ ձյան հալոցքային ջրերով ջրամբարների լցման գործընթացը շատ դանդաղ կատարվեց, ինչի համար ջրամբարներում կեսից էլ պակաս ջրապահովվածություն կա: 

Ինքս լինելով բնագետ, էկոլոգիայի հետ առնչություն ունեցող մարդ, բնապահպանության կողմնակից՝ համարում եմ, որ լրացուցիչ ջուր բաց թողնելու նպատակով Սևանա լճի դարավոր պաշարներին ձեռք տալը ճիշտ չէ: Մյուս կողմից էլ՝ լինելով ՏԿԵ նախարարի խորհրդական, լավ պատկերացնում եմ թե՛ գյուղատնտեսության, թե՛ ջրօգտագործման մնացած բոլոր ոլորտներում ջրի նկատմամբ եղած պահանջը։

Սա միանշանակ հարց չէ, անշուշտ Սևանա լճի ջրերին կպչելը կարմիր գիծ է՝ լճի ջրի էկոլոգիական, բնապահպանական տեսանկյունից, էկոհամակարգային կարգավորումների տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ՝ չորային այս սեզոնում երկրի տնտեսությունը առանց ջրի թողնելը ճիշտ չէ:

Նորից եմ կրկնում՝ ինքս եմ ականատես եղել՝ ջրամբարների լցման գործընթացը կատաստրոֆիկ ցածր էր՝ համեմատած վերջին մեկ-երկու տասնամյակների հետ։ Կառավարությունն էլ հիմա կանգնած է երկու քարի արանքում. միանշանակ կողմնակից է, որ Սևանա լճի ջրային պաշարների հետ խնդիրներ չառաջանան, բայց մյուս կողմից էլ՝ ջրամբարների հնարավորություններն այս տարի խիստ անսպասելի փոքր էին, դրա համար էլ համապատասխան կառույցները գնացին այս քայլին։ 

Այսպիսի ոչ միանշանակ վիճակ է, որը մարդիկ պետք է հասկանան և այդ ջուրը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն օգտագործեն: Այս տարի իրոք ծայրահեղ վիճակ էր, էլի են եղել սակավաջուր տարիներ, բայց այս տարվա ձյան հալոցքային ջրերի մուտքը ջրամբարներ ռեկորդային ցածր էր, ուստի հարկադրված դիմեցինք այս քայլին։ Տա Աստված, որ մյուս տարի նման խնդրի առաջ չկանգնենք, որովհետև մի քանի տարի նման դեպքերի կրկնությունը կբերի Սևանա լճի մակարդակի նորից իջեցման, ինչը կդառնա նորից ծայրահեղ վտանգավոր։

– Սևանա լճի ներկայիս վիճակն ինչպե՞ս եք գնահատում։

– Ոչ բարվոք, եթե ոչ՝ ծայրահեղ կատաստրոֆիկ, ապա բավականին ծայրահեղ վտանգված, որովհետև լճի մակարդակի ներկայիս ցուցանիշները համընկան վերջին տարիներին ջրի ակտիվ ծաղկման հետ։ 

Գիտեք, որ ջրիմուռների ու ջրի էկոլոգիական հավասարակշռության խախտման հետևանքով այսօր Սևանա լճի ջրի որակական հատկանիշները բավականին խնդիրներ են առաջացրել, հատկապես մերձափնյա հատվածներում: Դեպի լիճ մուտք գործող կոյուղիների, տարբեր տեխնիկական ոչ համապատասխան մաքրման ենթարկվող ջրերը հանգեցնում են լճի թե՛ ջերմաստիճանի բարձրացման, թե՛ ջրում կենսաբանական գործընթացների ոչ ցանկալի ուղղությամբ զարգացման: Այդ կապտականաչելու գործընթացը երկար տարիներ կրկնվելու դեպքում կարող է լճի ճահճացման պատճառ դառնալ։ 

Սա, իհարկե, նորություն չէր, դեռևս տարիներ առաջ, երբ Սևանա լճի հիմնախնդիրը դարձավ շատ լուրջ քննարկման առարկա, բոլորն էլ գտնում էին, որ ծաղկման ու ճահճացման խնդիրը միշտ կարող է լինել: Սա ոչ մեկին չպետք է զարմացնի, համենայնդեպս, մասնագետներս վաղուց այս խնդրի հնարավոր զարգացումների մասին զգուշացնում էինք։ Կան բաներ, որոնք օբյեկտիվ են, բայց նաև սուբյեկտիվ պատճառներ կան՝ մարդ-բնություն ոչ ցանկալի փոխհարաբերությունը ունեցավ այս հետևանքը։ 

Լճերի գենետիկական, ծագումնաբանական առումով՝ Սևանա լիճը համարվում է համեմատաբար երիտասարդ, բայց 20-րդ դարի ջրային պաշարների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով լիճը կարծես միանգամից երիտասարդ լճից ցատկեց դեպի ծերացող լիճ: 

Բոլոր լճերը մի օր ծնվում, մի օր էլ մահանում, մեր Սևանա լիճը դեռ պետք է մի քանի միլիոն տարի երիտասարդ, բարձրլեռնային քաղցրահամ ջրի օրինակելի պաշարներ ունեցող լիճ համարվեր ամբողջ աշխարհում, բայց, ցավոք սրտի, 20-րդ դարի ընթացքում Սևանա լիճը երիտասարդությունից կտրուկ անցում կատարեց «զառամյալ ծերություն», ու այսօր ծերացող, ճահճացող լճի ֆունկցիաներ ունի, որը հիմնականում անտրոպոգեն՝ մարդկային գործոնի հետևանք է։

– Պարո՛ն Խոյեցյան, իսկ ինչ գործողություններ են արվում, որ ինչքան էլ կարիքը լինի, այնուամենայնիվ Սևանից հավելյալ ջուր բաց չթողնվի, լճի այս վիճակը մեղմվի։

– Իհարկե արվում են, ճիշտ ասացիք, առաջին քայլը ջրի խնայողությունն է, ռացիոնալ օգտագործումը։ Ցանկացած ջրային էկոհամակարգ մուտքի ու ելքի բալանս ունի, եթե ելքը գերազանցում է մուտքին, աստիճանաբար ջրի պաշարների վտանգման խնդիր է առաջանում։ 

Երկրորդը ջրի էկոլոգիական հավասարակշռության պահպանությունն է, հատկապես ջուրն աղտոտող տարբեր տեսակի քիմիական տարրերի, նյութերի, կենցաղային թափոնների մուտքը, որը, ըստ էության, փոխում է նրա գազային վիճակը, ջրի ջրաբանական առանձնահատկությունները, արևի ճառագայթների թափանցումը, նրանում թթվածնի պարունակության քանակությունը, որն անդրադառնում է ջրի թե՛ ֆաունայի, թե՛ ֆլորայի վրա։ 

Չպետք է մոռանալ, որ մարդածին գործոններին գումարվում է նաև կլիմայի գլոբալ փոփոխությունը, որը նույնպես մարդու ազդեցության հետևանք է: Դա բերում է նաև բնական ճանապարհով ջրի ջերմային ու ջրաբանական հատկանիշների, քիմիական կազմի փոփոխությունների, որը և Սևանի այսօրվա վիճակի հիմնական պատճառներից մեկն է, և եթե բնական գործընթացների դեմ չես կարող պայքարել, ապա մարդածին գործոնների դեմ պետք է պայքարել։ 

Կառավարությունում ստեղծված է հատուկ հանձնաժողով, մոնիթորինգային ծրագրեր են իրականացվում, տարբեր տեսակի միջազգային կազմակերպություններ են զուգահեռ հետևում լճում տեղի ունեցող զարգացումներին։ 

Պետք է օբյեկտիվ լինել ու չպետք է հարցին միակողմանի մոտենալ. իհարկե արվում է, շատ բան է արվում, հավատացեք, գոնե եղած իրավիճակը պահպանելու համար, եթե ոչ պրոգրես, գոնե թույլ չտրվի, որ հետաճ լինի։ Ամեն դեպքում, բուն խնդիրը որ դրեցիք՝ լրացուցիչ ջրի օգտագործումը ցանկալի չէ, բայց բացատրեցի, որ դա էլ գալիս է երկրի տնտեսության պահանջներից։ 

Շատերը խոսում են, թե ուրիշ բանի վրա է օգտագործվելու. ոչ մի բանի վրա էլ չի օգտագործվելու, այդ ջուրն օգտագործվելու է հիմնականում ոռոգման, ջրի պահանջ ունեցող տնտեսության ճյուղերի բավարարման համար։ Նախկինում, այո՛, ջրագողության բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հատկապես այդ փոքր ՀԷԿ-երն էին աշխատում, հիմա հույս ունեմ, որ նման գործընթացները մինիմումի են հասել, եթե չեն վերացել։ 

Նույն խնդիրն էլ Արարատյան դաշտի արտեզյան ջրային ավազանի դեպքում է, որովհետև փոխկապակցված խնդիրներ են: Երկուսն էլ հիմնախնդիր են, երկուսն էլ հանրապետության ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման կարևորագույն հիմնախնդիրներն են, իսկ ջրապահովվածության խնդիրը, լավ գիտեք, 21-րդ դարը տասնամյակ առ տասնամյակ գնում է դեպի ջրի գերիշխող դարաշրջան: 

Մենք ունենք դրա հնարավորությունները, եթե ռացիոնալ ջրօգտագործման քաղաքականություն վարենք, այդ պարագայում կարող ենք տարածաշրջանային սեփական դեմք ունեցող երկրի վերածվել, իսկ եթե ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման քաղաքականություն իրականացնենք, հավատացեք, որ այդ եզակի հնարավորությունն էլ կկորցնենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am