Ռուբեն Բաբայանը հետախուզվողների մասին՝ «Մեր սահմանային համակարգը հանձնել ենք ուրիշ պետության, և այդ պետությունն է որոշում՝ ովքեր լքեն երկիրը»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

Պարո՛ն Բաբայան, վարչապետ Նիկոլ Փաշինյանըն Ազգային ժողովում հայտարարեց, որ Կառավարության ամենամեծ ձախողումը ժողովրդից գողացած փողերի վերադարձն է եղել։ Նա ձախողումը պայմանավորում է նաև իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքով։ Հեղափոխությունից երկու տարի անց ինչո՞ւ չի հաջողվում ի վերջո լուծել այդ խնդիրը։

 – Նախ ես կարծում եմ, որ իսկապես դա այնքան էլ հեշտ խնդիր չէ։ Ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում։ Իհարկե, ոչ միայն վարչապետի, այլ նաև հասարակության ցանկությունը շատ մեծ է՝ այդ ամենը արագ վերադարձնել։ Բայց չեմ կարծում, որ շատ պրիմիտիվ ձևով էր դա վերցված և այդքան հեշտ հնարավոր չէ հետ բերել։ Խնդիրն ունի նույն արմատները, ինչպես բոլոր ասպարեզներում՝ դա լավ մասնագետների պակասն է, պրոֆեսիոնալների, ովքեր կարող են համապատասխան գործողություններ կատարել և ապացուցել։

Բոլոր դեպքերում ամեն ինչ պետք է ապացուցվի դատարանով։ Մենք գիտենք, թե ինչպես է գործում մեր իրավապահ համակարգը, հիմնականում մարդկանց կա՛մ կաշառում էին, կա՛մ ճնշում ու ստիպում ինչ-որ ցուցմունք տալ։ Պարզ է, որ մենք դրանից այսօր պետք է հրաժարվենք, բայց շատ ու շատ մարդիկ, ովքեր աշխատել են այդ համակարգում, պարզապես ուրիշ ձևեր չգիտեն։ Ես կարծում եմ՝ սա մեծ պրոբլեմ է։ Ես այդքան էլ հակված չեմ մտածելու, որ սա պարզապես սաբոտաժ է եղել, գուցեև եղել են սաբոտաժի դեպքեր, բայց հիմնական պրոբլեմը տեսնում եմ ցածր մասնագիտական կարողությունների մեջ։ Եվ սա լուրջ խնդիր է բոլոր ոլորտներում։ Մենք պետք է ունենանք համապատասխան մասնագետներ, պետք է պատրաստենք մարդկանց։

Այսինքն՝ դեռ շա՞տ անելիքներ կա այս դաշտում, պարո՛ն Բաբայան։

– Բազմաթիվ երկրներ, որոնք բռնել են բարեփոխումների ճանապարհը, առաջին հերթին մեծ ուշադրություն են դարձրել կրթությանը, համապատասխան մասնագետներ պատրաստելուն։ Այսինքն՝ այս հարցում միայն ցանկությունը շատ քիչ է։ Եթե չեմ սխալվում, Աստվածաշնչում է գրված, որ բարի ցանկությամբ կառուցված է միայն դժոխքի ճանապարհը։ Բարի ցանկությունները շատ քիչ են, շատ լավ է, բարի ցանկություններ պետք է լինեն, բայց գալիս է երկրորդ ոչ պակաս կարևոր հարցը՝ իսկ ինչպե՞ս դա անել, որ այդ ամենն իսկապես լինի օրենքի շրջանակում, և արդյոք մենք ունե՞նք այդքան բարձր որակի կադրեր, որոնք կարող են այդ հասարակական պահանջը իրագործել պրոֆեսիոնալ ձևով։

Այստեղ ես շատ խոր կասկածներ ունեմ, որովհետև սա տասնամյակների խնդիր է, ոչ թե երեկ կամ առաջին օրն է ծագել։ Տարիներ շարունակ համակարգի առջև նման խնդիր չի դրվել, ուրիշ խնդիր է դրվել՝ սպասարկել որոշակի հետաքրքրություններ, շահեր, որոշակի խավերի, բայց ոչ երբեք իրականացնել արդար դատավարություն և փորձել վերաքննել այն ամենը, ինչն արժանի է վերաքննման։

Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի առջև խնդիր էր դրված, որ աշխատակիցները փոխվեն, նույնը դատավորներին է վերաբերում։ Երկու տարի անց կարծես արդյունք չկա, վարչապետն էլ ասաց՝ նրանց տրված ժամանակը սպառվում է։ Հնարավո՞ր էր, որ մարդիկ ինքնուրույն փոխվեին։

– Ի՞նչ ենք հասկանում մենք, երբ ասում ենք՝ փոխվեն իրենք։ Արդյոք իրենք կարո՞ղ էին իրենց հզոր մասնագիտական գիտելիքներն օգտագործել և պարզապես դրա հնարավորությունը չունեին։ Կամ միգուցե ուզում են փոխվել, բայց միայն ցանկությունը քիչ է, արդյոք աշխատե՞լ են իրենց վրա, արդյոք փորձե՞լ են ուսումնասիրել տարբեր երկրների լավագույն փորձերը։ Պետք է իսկապես տեղափոխվեին ուրիշ դաշտ, որովհետև ուրիշ պահանջներ են ներկայացված։ Սա բարդ է, կրկնում եմ՝ սա միայն ցանկությամբ չի լուծվում։ Յուրաքանչյուր մարդ չէ, որ կարող է իրականացնել ճիշտ, գրագետ քննչական աշխատանք։

Ի վերջո, պետք են շատ հստակ ապացույցներ, մենք բոլորս գիտենք, մեր աչքի առաջ է ամեն ինչ կատարվել, այդ անօրինականությունները, մենք դա տեսել ենք տարբեր դղյակների ու սեփականությունների տեսքով։ Փաստը կա, բայց ապացուցելն ամենակարևոր հարցն է։ Եվ եթե ուզում ենք օրինական ճանապարհով գնալ, ուրեմն պետք է ունենանք լավ մասնագետներ, որոնք միմյանց համադրելով բազմաթիվ փաստեր՝ կարող են կատարել ճիշտ քննչական աշխատանք, բերեն ու կանգնեցնեն փաստի առաջ, և այդ ապացույցներն ընդունվեն հասարակության առնվազն օբյեկտիվ մեծամասնության կողմից։

Տարբեր քրեական գործերում ներգրավված անձինք շարունակում են խուսափել արդարադատությունից, քանի որ իրավապահների աշխատանքի հետևանքով նրանք լքել են Հայաստանը և հետախուզվում են։ Սա ինչի՞ հետևանք է, եթե ոչ սաբոտաժի։ Թե՞ ձեր նշած ոչ պրոֆեսիոնալ լինելն է պատճառը։

– Ես կարծում եմ՝ այստեղ կա և՛ մեկը, և՛ մյուսը։ Նախ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք իսկապես չենք վերահսկում սեփական սահմանները։ Մենք գիտենք, որ մեր անցագրային կետերում առկա այդ համակարգը մեզ չի պատկանում, մենք դա հանձնել ենք ուրիշ պետության, և այդ պետությունն է որոշում՝ ում թողնել, ում չթողնել։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ եղել են դեպքեր, երբ արգելվել է Հայաստան այն մարդկանց մուտքը, որոնց հետ Հայաստանը պրոբլեմ չունի, բայց պրոբլեմ ունի երրորդ երկիրը։ Կարծում եմ՝ նույն ձևով են այդ անձինք երկիրը լքել։ Որպեսզի մենք կարողանանք լիակատար իրագործել այն, ինչին ձգտում ենք, պետք է այդ բոլոր մեխանիզմները պահենք մեր ձեռքը։

Մեկ դեպք չէ, երբ մարդիկ կարողացել են խուսափել ու փախչել, սա լուրջ համակարգային պրոբլեմ է։ Մենք պարտավոր ենք վերադարձնել մեր պետության ֆունկցիաները մեր պետությանը, այլ ոչ թե դրանք տրամադրել ուրիշ պետության։ Ուրիշ պետությունը, լինի բարեկամ թե ռազմավարական գործընկեր, միևնույն է, հետապնդելու է իր շահերը։ Եվ դա շատ բնական է, չի կարելի ուրիշ բան պահանջել։ Ուրիշ բան մենք կարող ենք պահանջել մեր ծառայություններից, որոնք ենթարկվում են մեր պետության պատկան մարմիններին։ Դուռդ ամուր փակիր և գողին մի՛ մեղադրիր։ Դու դա ուշ թե շուտ պարտավոր ես կատարել, եթե ուզում ես ինքնիշխան պետություն լինել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am