Ռոքերների դրախտ. Սերժ Թանկյանի երեւանյան մենահամերգը` օգոստոսի 12-ին

Ռոքերների դրախտ. Սերժ Թանկյանի երեւանյան մենահամերգը` օգոստոսի 12-ին
Ռոքերների դրախտ. Սերժ Թանկյանի երեւանյան մենահամերգը` օգոստոսի 12-ին
Հեղինակ MediaLab

Օգոստոսի 12-ին ռոքի սիրահարները հնարավորություն կունենան լսելու «System of a Down» խմբի նախկին մեներգիչ, հանրահայտ Սերժ Թանկյանին` Երեւանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում:
Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ, կազմակերպիչներն հայտարարել են, որ համերգը կընթանա  շքեղ ձայնային եւ լուսային էֆեկտների ուղեկցությամբ: Տոմսերի գները կտատանվեն 4-50.000  դրամի սահմաններում:
«Բացի հունիսին Եվրոպայում Elect the Dead Symphony շրջագայությունը, մենք նախատեսում ենք նվագախմբային նվագակցությամբ մենահամերգներ օգոստոսին` Հունաստանում եւ Հայաստանում…»,- ասել էր Թանկյանը դեռեւս ամիսներ առաջ:

Համերգի կազմակերպիչները` Լոս Անջելեսի «Ֆյուջիթիվ ստուդիոսի»  հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Գուբելյանը և «Դիմ քոմյունիքեյշընս» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը նշել են, որ չնայած երգչի` Հայաստանում մենահամերգ ունենալու ցանկությանը, օգոստոսին կայանալիք նրա համերգի կազմակերպման համար գրեթե երկու տարի ժամանակ է պահանջվել:

Սերժ Թանկյանը Երեւանում կլինի ընդամենը մեկ օր, սակայն նույնիսկ կարճատեւ կանգառը ոգեւորել է նրա երկրպագուներին:

«Շատ ոգևորված եմ, որ օգոսոտոսին Սերժ Թանկյանը գալու է: Վաղուց էի սպասում այս համերգին: Արդեն երեք ամիս է` փող եմ հավաքում, որ գնամ համերգին: Հաճելի կլիներ, որ հենց «System of a Down»-ը գար, բայց Սերժը պակաս չի ապահովի լավ մթնոլորտը»,- «Մեդիալաբին» ասաց ուսանողուհի Անի Մաղաքյանը:

«Մի տեսակ հավատս չի գալիս, որ Սերժ Թանկյանը վերջապես Հայաստանում էլ համերգ կունենա»,- «Մեդիալաբին» ասում է մեկ այլ երիտասարդ` Էդգար Գրիգորյանը, ով կիթառով նվագում եւ երգում է Թանկյանի երգերը,- «Ինձ համար դա ամենալավ նորությունն է, որ կարող էր լիներ»:

Սերժ Թանկյանի` Երեւանում կազմակերպվելիք համերգը հավակնում է իսկական տոնի ու ուրախության վերածվել ոչ միայն հայաստանաբնակների, այլեւ հարեւան երկրների` Իրանի եւ Վրաստանի ռոքի սիրահարների համար, որոնք առիթը բաց չեն թողնում` երեւանյան բարձրակարգ համերգների ներկա գտնվելու համար:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am