Սերժ Սարգսյանի ամանորյա «ուղերձը»

Սերժ Սարգսյանի ամանորյա «ուղերձը»
Սերժ Սարգսյանի ամանորյա «ուղերձը»

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հեռանում է 2017-ը: Իմ և վերջին 10 տարիների տարբերությունը դա է՝ ես չեմ հեռանում: Դուք մտածելու բան չունեք, որովհետև ձեզանից ոչինչ կախված չէ: Հավանաբար տեղյակ եք, որ գալիս է 2018-ը՝ Շան տարին: Այստեղ արդեն դուք մտածելու բան ունեք: Այն առումով, թե ի՛նչ է սպասում ձեզ: Տարին պարտավորեցնող է: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մենք մտածում ենք, որ տարվա խորհրդանշանն ամբողջությամբ համապատասխանի ձեր դրությանը:

Ես այլևս ձեր նախագահը չեմ լինելու: Բայց Կարեն Կարապետյանն էլ ձեր վարչապետը չի լինելու: Մենք երկուսս էլ, սակայն, երկարաժամկետ ծրագրեր ունենք Հայաստան պետությունը ձեզանից ողջ մնացածների Հայրենիքը դարձնելու ուղղությամբ: Հավանաբար գիտեք, որ Պետությունը Հայրենիք է դառնում կամ հեռվից, կամ երբ այլևս չկա: Ամփոփելով տարին ուրախ եմ ձեզ վստահեցնել, որ ուրախանալու ոչինչ չկա: Սա Հայաստանն է, ես էլ ես եմ: Ու վե՛րջ:

Այս տարի տեղի ունեցան խորհրդարանի ընտրությունները: Խոստովանում եմ, որ դուք արդարացրեցիք մեր սպասելիքները, թեպետ այնպես չէ, որ դուք ընտրություն ունեիք: Ես իմ թիմակիցներին հաճախ եմ ասում՝ որպեսզի ստանաք քաղաքացու քվեն, նախ նրան դարձրեք ստրուկ:

Հարգելի՛ հայրենակիցներ

Չեմ թաքցնում՝ ինձանից մեծ ջանքեր են պահանջվում ձեզ նույնիսկ «հարգելի» բառն ասելու համար: Իմ թիմակիցներից շատերն էլ այդ բառին արժանի չեն: Եվ, ընդհանրապես, ինձ չի թվում, որ հայը և «հարգելին» համատեղելի են: Եկեք, սակայն, չշեղվենք, ինչպես տատս էր ասում, թեմայից: Անցնող տարում մենք մեկ քայլ էլ մոտեցանք Եվրոպային: Որպես պատրանքներով ապրող ազգ՝ դուք կարծում եք, որ ձեր կյանքը լավանալո՞ւ է: Ձեր հույսերը վիրավորում են ձեր հանդեպ ունեցած իմ զգացումները: Զգո՛ն եղեք՝ տարին Շան տարի է, նշանակում է, գոնե մեկ տարի պետք է սպասել: Դուք ինձ երբեք չեք պարտավորեցրել: Ես չեմ էլ սպասում, որ պարտավորեցնելու եք, ԱԱԾ-ական իմ դպրոցն ինձ արգելում է պարտավորված զգալ նրանց հանդեպ, որոնց համար վատ է լինելու:

Ընկերնե՛ր

2018-ը ձեր քթի տակ է: Ձեզանից շատերն այս տարի կարտագաղթեն: Նրանց բարի ճանապարհ: Ոմանք կմնան: Ես նրանց չեմ խնդրելու մնալ: Ինչպես միշտ, նրանք կամ ընտրություն չունեն, կամ կատարում են սխալ ընտրություն: Իմ ենթականերն այս տարի ևս կխոսեն կոռուպցիայի դեմ պայքարից: Կխոսեն նաև տնտեսական աճից: Խնդրում եմ՝ ձեր մեկնաբանությունները ձեզ պահեք: Նրանց ոչ ոք չի արգելելու խոսել: Դեռ երբեք ստելը որևէ ջանք չի պահանջել նրանցից, որոնք արդեն մեզ վճարել են այդ ստի համար: Հարգելինե՛րս, սուտն ասել իմաստ ունի, երբ նախապես ես վճարում: Սուտը կենսունակ է դարձնում այն իշխանությունը, որը դեռ ամեն ինչ չի խլել ձեզանից: Իսկ իշխանությունը ձեզ նման մարդիկ են: Ձեզ դրեք նրանց տեղը և փորձեք հասկանալ նրանց:

Եվ վերջապես թույլ տվեք ասել՝ այս տարի նույնպես Ղարաբաղի հարցում որևէ առաջընթաց պետք չէ սպասել, դեռ նոր ենք կյանքի կոչել «ազգ-բանակ» ծրագիրը: Մենք չափազանց շատ բան և շատերին ունենք զոհաբերելու, որպեսզի խոսենք Ղարաբաղի հարցի մասին: Ձեզանից ոչինչ չի պահանջվում: Մենք հենց նրա համար ենք, որպեսզի լինի այն, ինչի համար երբեք իշխանությունը չենք զիջելու: Մի փոքրիկ ափսոսանք՝ ես սիրում եմ կարմիր գույնը և տարին հայտարարում եմ կարմիր Շան տարի: Այլապես ի՞նչ անուն դնենք Հայաստանում մնալու ձեր զոհաբերությանը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մհեր Արշակյան

MediaLab.am