Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ռազմածովային ուժերը հարվածել են երկու նավի, որոնք փորձել են առանց Թեհրանի համաձայնության անցնել Հորմուզի նեղուցը, որը, ըստ հաղորդումների, Իրանը պատերազմի մեկնարկից ի վեր փակ է պահում ոչ բարեկամական երկրների համար։
Իրանական աղբյուրները չեն հստակեցրել, թե նավերը առևտրային էին, թե ռազմական։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե իրանական ուժերը հրթիռակոծել են ամերիկյան նավեր Հորմուզի նեղուցում, սակայն ԱՄՆ-ի իշխանությունները հերքել էին այդ պնդումները։
Մինչ այդ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իրանական թիրախներին, ինչից հետո Իրանը հայտարարել էր, որ հարվածներ է իրականացրել ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ՝ Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում։ Դրանից հետո Քուվեյթը փակել էր իր օդային տարածքը։
Հետագայում Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակման մասին, մինչդեռ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ նեղուցը շարունակում է բաց մնալ։



















