Երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Հունվարի 19-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածի հայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել էր ժամը 00.15-ի սահմաներում իրենց շենքի հետնամասում մետաղաձողի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածք սուր կտրող-ծակող առարկայով պատճառել էր 22-ամյա մի երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին նա ներկայացել է տարածքային նախաքննական մարմին և ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է: