Հաստատվել են դրենաժային համակարգերից օգտվելու կարգը, վճարները և պայմանագրի օրինակելի ձևը

ՀՀ կառավարությունը հուլիսի 22-ին կայացած նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը, վճարները և պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավական կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ցամաքուրդներում (դրենաժներում) ջրի և հարակից տարածքներում գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաև հողերի գերխոնավացման, բնակավայրերի ջրակալման, հողերի աղակալման և ալկալիացման ռիսկերի նվազեցումն է։

Արարատյան դաշտի շուրջ 70 կմ երկարությամբ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը ծառայում են նաև տարածքի ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվողների հետադարձ ջրերի տեղափոխման համար: Ցամաքուրդային համակարգերից օգտվողների աճի հետ զուգահեռ մեծացել է նաև այդ տնտեսվարողների ցամաքուրդային համակարգեր լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է տարեկան շուրջ 809 մլն խ․մ․): Դրանով պայմանավորված՝ համակարգերի պահպանման և շահագործման համար հատկացված միջոցների, տեխնիկական և մարդկային ռեսուրսների գերակշիռ մասը ծախսվում է հենց Արարատյան դաշտում, մասնավորապես տնտեսվարողների հետադարձ ջրերի ազդման գոտում՝ կրճատելով համակարգերի այլ հատվածներում պատշաճ պարբերականությամբ մաքրման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը, առաջացնելով լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:

Որոշման նախագծով մասնավորապես ստեղծվում է իրավական հիմք, որը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ընդունել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգ` համակարգերի սեփականատիրոջ, շահագործող կազմակերպության և դրանից օգտվող սուբյեկտների իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով հաշվառելու այդ սուբյեկտներին, համակարգերից օգտվելն իրականացնելու պայմանագրային հիմունքներով՝ սահմանելով շահագործող կազմակերպությունների համար ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագիր (օրինակ` համակարգով հետադարձ ջրերի տեղափոխման)։

Կապահովի ցամաքուրդային համակարգերից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը համակարգերի շահագործման ու պահպանման աշխատանքներին` նվազեցնելով պետության բեռը՝ ձևավորելով լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն մաքրման աշխատանքների ծավալների մեծացմանը։