«Մեր հասարակության մեջ տիրում են գողական բարքեր, իսկ դա սեփական ճշտի ամրապնդումն է, դիմացինին ստորացնելը, զիջման չգնալը». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

– Պարո՛ն Բաբայան, վերջին շրջանում ատելության քարոզը զսպելու մասին շատերն են խոսում, նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է հոդված հրապարակել և նշել, որ մեր երկրում կա՛մ հանցագործ ես, կա՛մ հերոս, բարերար ես կամ օլիգարխ, որ եկել է դա հաղթահարելու ժամանակը։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է ատելությունն այսքան խորացնելու նպատակը, այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք, թե ոչ։

– Նախ՝ ատելության քարոզի մեջ միշտ էլ մեծ վտանգներ կան, որովհետև յուրաքանչյուր գործից առաջ ծնվում են սկզբում միտք ու ցանկություն, և եթե կան ատելության միտք ու ցանկություն, վաղ թե ուշ դա կարտահայտվի։

Բայց ես չեմ կարծում, թե դա որևէ մեկի մենաշնորհն է կամ մեր ժամանակների խորհրդանիշը։ Կարծում եմ՝ սա ավելի խոր արմատներ ունի, որովհետև բռնությունն ու ատելությունը այնպիսի երևույթներ են, որոնց դեմ պետք է պայքարել մշտապես, և դա պետք է լինի շատ անձնականացված։

Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ իր միջից պետք է վերացնի այդ ատելությունը։ Նաև հանդիպելով հազարումի անարդար երևույթի, մեզ մոտ բռնության ու ատելության ցանկություն է ծնվում, բայց մենք նաև պետք է գիտակցենք, որ դա բավական անարդյունավետ է։

Չեմ էլ կարծում, որ սրա դեմ կարելի է պայքարել միայն քարոզներով կամ դատաիրավական համակարգով։ Մշակույթը հենց դրա համար է, մշակույթն է մարդուն դարձնում մարդ, մարդուն տալիս հնարավորություն, որ ինքդ քո մեջ գտնես լուսավորը, հասկանաս, որ քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Սա համակարգային հարց է, ո՛չ այսօրվա հարց է, ո՛չ էլ երեկվա։ Եթե նկատել եք, հիմնականում ատելության մեղադրանքները մեզնից դուրս են, մենք միշտ դիմացինին ենք մեղադրում։ Այնպիսի տպավորություն է, որ դա մեզ բնորոշ չէ, իրականում այն բնորոշ է բոլորին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կկարողանա՞ս ինքդ քո մեջ դա հաղթահարել, թե ոչ։

Ավելին ասեմ, ատելությունը ստրուկի հատկությունն է։ Տերը երբեք չի ատում, ատում է ստրուկը։ Այստեղ բացարձակապես կապ չունեն ո՛չ ֆինանսական կարողությունները, ո՛չ իշխանական լծակները և այլն։ Ստրկային մտածողությունը ևս բնորոշ է բոլորիս և դա էլ է պետք վերացնել։

Չեխովն ասում էր՝ ես ամեն օր զբաղվում եմ նրանով, որ կաթիլ առ կաթիլ վերացնում եմ իմ միջի ստրուկը։ Սա մշտական պրոցես է։ Հենց որ մենք դադարում ենք սեփական անձով զբաղվել, այդ անձը սկսում է զբաղվել մեզնով։

Միայն մեղադրանքներով, որ այ սրանք են ատելություն քարոզում, կամ՝ եկեք այսօրվանից սկսած սիրենք իրար, կամ եկեք խստացնենք քրեական օրենսգիրքը, սրանք հարցը չեն լուծի։ Մենք շրջանցել ենք մի շատ կարևոր բան, որ բնորոշ է բոլոր քաղաքակիրթ երկրներին՝ մշակույթի ու կրթության ազդեցությունը։ Դրանք մեզանում անտեսված են, և այսօր, ի վերջո, մենք պարզապես ստանում ենք այդ պտուղները, ինչը ժամանակին ցանել ենք։

– Շատերը նշում են, որ փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակը, որ կա, անհնար է դարձնում որևէ ռացիոնալ, հավասարակշռված հանրային քննարկում անցկացնել։ Սա նույնպես խնդի՞ր եք համարում։

– Այո՛, անհանդուրժողականությունը երբևէ որևէ կամուրջ չի ստեղծում, երկխոսության հիմք չի ծառայում։ Մեզ մոտ, նաև խոստովանենք՝ մեր հասարակության մեջ, իսկ մեր քաղաքական ուժերը, իշխանությունը ծնված են հասարակությունից, գողական բարքեր են տիրում։ Գողական բարքերը սեփական ճշտի ամրապնդումն է, դիմացինին ստորացնելն է, որևէ զիջման չգնալն է։ Խոսքը սեփական սկզբունքային մոտեցումները զիջելու մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ դիմացինդ ևս ունի տեսակետի իրավունք։

Հանդուրժողականությունը երկխոսության հիմքն է։ Որևէ հասարակություն չի կարող կայանալ, եթե այնտեղ չկան երկխոսություն ու հանդուրժողականություն։ Բոլոր տոտալիտար համակարգերը հիմնականում մեկ գաղափարախոսության կամ մեկ ուժի թելադրանքն են։ Իրականում կյանքում այդպես չի լինում։ Հնարավոր չէ կոչերով հասնել նրան, որ բոլորը նույնկերպ մտածեն։

Պետք է պարզապես ընդունել, որ մենք ունենք տարբեր մոտեցումներ, և անպայման չէ, որ այն բոլոր մոտեցումների տակ, որոնք մենք չենք կիսում, անպայման դրված լինի ինչ-որ մի չար նպատակ։ Դա այդպես չէ։ Ես կարծում եմ, որ մենք նախ պետք է սովորենք ոչ միայն խոսել, արտահայտել այն, ինչ մտածում ենք, ոչ միայն գոռալ սեփական գաղափարների մասին, այլ փորձել նաև լսել։

Լսել՝ չի նշանակում պարտադիր համաձայնել։ Լսել՝ նշանակում է ձեռք մեկնել, փորձել կարողանալ ընդհանուր երկխոսության միջոցով գտնել լավագույն ձևը։ Բոլոր երկրներում կան մեխանիզմներ, թե ում ձայնը պետք է դառնա ավելի լսելի։ Դա ընտրություններն են, քաղաքական ուժերն են, որ ստանում են այդ իրավունքը որոշակի ժամանակ։ Բայց դա ևս չի նշանակում, որ սրա արդյունքում պետք է լռեցնել մնացածի ձայնը։

Իրար վիրավորելով, պիտակներ կպցնելով հաստատ ոչ մի բանի չենք հասնի, որովհետև մարդը, ում մեղադրում ենք բոլոր մեղքերի մեջ, հաստատ ավելի է ագրեսիվանում և փորձում է նույն պատասխանը տալ ու հակազդել մեզ։

Այստեղ շահում է նա, ով դադարում է ցանել այդ ագրեսիան, ձեռք է մեկնում և փորձում երկխոսություն հաստատել՝ հասկանալով, որ միայն երկխոսությունն է, որ արդյունք է տալիս։ Մնացած բոլոր ձևերն անարդյունավետ են, նրանք պարզապես պառակտում են հասարակությունը և որևէ լավ բանի չեն բերում։

– Պարո՛ն Բաբայան, ամեն դեպքում, երբ նախկիններն են դրա մասին խոսում, տպավորություն է, որ իրենց ժամանակ դա չկար, մինչդեռ մենք հիշում ենք, թե ինչ էր այն ժամանակ կատարվում։

– Այ հենց դրա համար պետք է արագ տեղի ունենա իշխանափոխություն, որովհետև մարդիկ սկսում են հասկանալ, թե ինչ վատ բարոյահոգեբանական վիճակում են ապրել միայն այն ժամանակ, երբ հայտնվում են ընդդիմության դիրքերում։

Իշխանության աշտարակից այդ ամենը չի երևում։ Իհարկե, այնպես չէ, որ այստեղ կա մեկ մեղավոր կողմ։ Կամ եթե անցյալում թույլ ես տվել այլանդակ բաներ, դա դեռ չի նշանակում, որ կյանքով մեկ դատապարտված ես և այլևս իրավունք չունես քո տեսակետը արտահայտելու։ Պարզապես պետք է ընդունել, որ չկան հրեշտակներ ու չկան սատանաներ ոչ միայն մարդկանց մեջ, այլև կուսակցությունների, հասարակության տարբեր շերտերի մեջ։

Մենք բոլորս ունենք և՛ մեղքեր, և՛ դրական կողմեր։ Եթե մենք խոսում ենք երկխոսության մասին, փորձենք լուսավորի ճանապարհը բռնել և իրար ձեռք մեկնելով փորձենք ինչ-որ բանի հասնել։ Իսկ մեղադրանքները, առավել ևս բարոյական մեղադրանքները, կարծում եմ՝ ընդհանրապես անիմաստ են։ Միշտ կարելի է դրանց պատասխանել՝ իսկ դու ո՞վ ես։

– Պատգամավորները ցանկանում են հանդես գալ հայհոյանքը, իրենց մեջ բռնության կոչեր պարունակող արտահայտությունները քրեականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Սա որքանո՞վ խոսքի ազատությանը հարված կլինի։

– Ես ուզում եմ իրարից տարանջատել հայհոյանքն ու բռնության կոչերը։ Բռնության կոչերը միանշանակ դատապարտելի են քրեական օրենսգրքով։ Բռնության կոչերը անթույլատրելի են, որովհետև դրանից հետո գալիս է իրական բռնությունը։ Ինչ վերաբերում է հայհոյանքին, դա ներքին դաստիարակության հարց է։

Եթե մարդը համապատասխան դաստիարակություն չի ստացել և ինքն իր վրա չի աշխատել, շատ դժվար է դա սահմանափակել։ Դա չի սահմանափակվում ոչ մի երկրում, որովհետև հայհոյանքը մնում է հայհոյանք։ Եթե այնտեղ կա վիրավորանք, էլի կարելի է այդ հարցը լուծել օրենսդրական դաշտում, բայց հայհոյանքը վերացնել շատ դժվար է։ Կան ժողովուրդներ, որտեղ հայհոյանքը առօրյա շփվելու ձև է և իր մեջ որևէ վիրավորական բան չի կրում, ինչպես ամերիկացիների ու ռուսների մոտ։

Մենք պետք է իրարից բաժանենք, թե որն է մեր անձնական դաստիարակության, անձնական բարոյականության, պատասխանատվության հարցերը, և որ հարցերն են, որ կարող են բերել բռնության։ Սրանք տարբեր բաներ են։ Ինչպե՞ս կարելի է մարդուն արգելել հայհոյել։ Ես մի օրինակ բերեմ, որ երևի թե դուք էլ եք հանդիպել կյանքում, երբ ծնողները, հիմնականում՝ հայրերը, դեռ ոչինչ չհասկացող երեխային սովորեցնում են հայհոյել։ Երեխան հյուրերի մոտ ամենակեղտոտ հայհոյանքներն է տալիս՝ չհասկանալով, թե ինչ է ասում, և բոլորը հրճվում են դրանից։

Այստեղից էլ է գալիս ամեն ինչ։ Մենք համարում ենք, որ վեճի մեջ մեր փաստարկները կշիռ են ստանում, երբ դրանք համեմված են հայհոյանքով։ Նման բան չկա, լրիվ հակառակն է։ Երբ լսում ես հայհոյանք, հասկանում ես, որ փաստարկները թույլ են, եթե դրանք հայհոյանքի կարիք ունեն։ Նա, ով համոզված է իր ճշմարտացիության մեջ, իրեն բացարձակապես թույլ չի տա որևէ հայհոյանք։

Մանե Հարությունյան

MediaLab.am