Էմոցիաների փոխարեն պետք է աշխատանքներ արվեն, որպեսզի այս սադրանքին համարժեք արձագանք տրվի. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած ադրբեջանցի պատվիրակները չեն դադարում իրենց սոցցանցերում Երևանում արված լուսանկարներ հրապարակել ու դրանք ներկայացնել՝ որպես ադրբեջանական պատմական տարածքներ։ Այսօր էլ այցելել են իրանական Կապույտ մզկիթ՝ այն ևս ներկայացնելով որպես ադրբեջանական։ Ո՞րն է այս քարոզչական քայլերի նպատակը։

– Ադրբեջանցի պատվիրակները, բնականաբար, առիթն օգտագործում են ընդգծված քարոզչական նպատակներով՝ թե՛ սադրիչ ելույթներով նիստի շրջանակներում, թեպետ, պետք է խոստովանեմ, որ նմանօրինակ ելույթներ իրենք կարող էին ունենալ մեկ այլ մայրաքաղաքում, նույն Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստի շրջանակներում պակաս նման թեզերով ելույթներ չեն հնչեցվում: 

Բայց այդ պարսկական-իրանական Կապույտ մզկիթ կատարած այցն ու դրան ուղեկցող գրառումը, կարծես, նոր քարոզչական հնարք և սադրիչ տարրեր են պարունակում։ Մասնավորապես, նրանք նշել են, որ դա միակ ադրբեջանական հուշարձանն է, որը պահպանվել է, և հավատում են, որ այդ մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել: 

Իհարկե սա բավականին սադրիչ պահվածք է, որովհետև մզկիթի իրանական լինելը երբևէ հարցականի տակ չի դրվել։ Այս մզկիթը մշտապես կարևորվել է մեր իրանցի բարեկամների կողմից՝ որպես մշակութային ժառանգության խորհրդանշան Հայաստանում: Ավելին, 2004 թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում անձամբ այցելել է Երևանի Կապույտ մզկիթ: 

Գրառման մեջ նաև նշել են «Իրեվան», այսինքն՝ այնպես, ինչպես իրենք են սիրում արտասանել, իսկ Ալիևն էլ իր սրբազան պարտքն է համարում ամեն անգամ ասել, որ իբր թե իրենք են այդ մայրաքաղաքը մեզ նվիրել, ու դա հին ադրբեջանական քաղաք է։ Այս ամենը Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունից բխող գործողություններ են, պատվիրակներն էլ օգտագործում են առիթն ու լրացուցիչ կրքեր բորբոքում։ 

Էմոցիաների փոխարեն՝ ուղղակի աշխատանք է պետք տանել, նույն լրագրողները կարող են նաև հարցումով դիմել՝ մեկնաբանություն խնդրելով Հայաստանում Իրանի դեսպանատնից: Մենք ունենք իրանագետներ, որոնք կարող են փորձել ինչ-որ արձագանքների հասնել նաև իրանական կողմից՝ խնդիրը հասցնելով նրանց։ Մի քանի ուղղություններով պետք է աշխատանքներ արվեն, որպեսզի այս սադրանքին համարժեք արձագանք տրվի։

– Հայաստանում Իրանի դեսպանությունն արդեն չպե՞տք է արձագանքած լիներ, թե՞ պետք է անպայման լրագրողական համայնքը դիմի։

– Իսկ դիմում եղե՞լ է, այսինքն՝ ինչ-որ ձևով պետք է դիմում լինի, որպեսզի արձագանք լինի, կարծում եմ։ Չգիտեմ, որքանով են իրենք ուշի ուշով հետևում ադրբեջանցի պատգամավորների այցին, բայց քանի որ դա գերազանցապես հայ հասարակությանը, հանրային դաշտին հուզող խնդիր է, համապատասխան դիմում կարող է լինել։ 

– Իսկ հայկական կողմից ո՞ր գերատեսչություններն ու ինչպե՞ս պետք է արձագանքեն ադրբեջանցի պատվիրակների այս արարքին, տիկի՛ն Հայրապետյան։

– Մի քանի առումներով կարելի է պատասխանել․ պատմաբանների մակարդակով՝ հիշեցնելով մի քանի դար առաջվա անցյալը, թե ինչ պատմություն ունի այդ մզկիթը, իրանագետների մակարդակով։ Թե արտգործնախարարությունը հարկ կհամարի առանձնահատուկ արձագանքել այս հարցին, դժվարանում եմ ասել, բայց առնվազն աշխատանք պետք է տանել այդ ուղղությամբ, որ իրանական կողմից արձագանք գա, որովհետև սա ոչ միայն մեզ համար է կարևոր, այլ նաև իրանցիների համար մզկիթը մեծ նշանակություն ունի։

– Քաջածանոթ լինելով ադրբեջանական կողմի քարոզչական նպատակներին՝ Երևան ժամանած պատվիրակների գործողությունները կանխատեսելի համարո՞ւմ եք։

– Միանշանակ, այն ամբողջությամբ բխում է իրենց պետության ղեկավարի քաղաքականությունից։ Դա մեզ կարող է նյարդայնացնել, դուր չգալ, բայց փաստ է, որ իրենք իրենց առաջ նպատակներ են դրել, ունեն քարոզչաթեզեր ու ամեն առիթով դա իրագործելու են։ 

Հարցն այն է, թե մենք ի՞նչ նպատակներ ունենք, ի՞նչ օրակարգեր ու բովանդակային առումով ի՞նչ խնդիրներ ենք մեր առաջ դնում ու կարողանո՞ւմ ենք դրանք սպասարկել, թե՞ չէ։ Մենք տեսանք, որ անգամ այս իրավիճակում նույն ընդդիմություն-իշխանություն պառակտումն այնքան խորն էր, որ, մեծ հաշվով, Հայաստանը առանց տեսլականի ու բովանդակության պետություն է ներկայանում։

– Շատ քննարկվեց, բողոքի ակցիաներ եղան ադրբեջանցի պատվիրակներին ընդունել-չընդունելու վերաբերյալ, ի՞նչ կասեք այդ մասին։

– Միջազգային առումով շատ խնդրահարույց կլիներ, որովհետև անդամ պետությունները հերթով հյուրընկալում են այդ նիստերը։ Ժամանակին այդ նիստը հյուրընկալվել է նաև Բաքվում, որին նաև հայ պատվիրակներն են մասնակցել, թեզեր են առաջ քաշել, որոնք վստահաբար դուր չեն եկել ադրբեջանցիներին, այսինքն՝ մեծ հաշվով, Հայաստանը պարտավոր էր անցկացնել այդ նիստը, որովհետև իր հերթն էր հասել։ 

Այստեղ հարցն այն է, թե Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր պատվիրակները արդյոք բավարար պատրաստվե՞լ էին այն տեսանկյունից, որ ճիշտ ձևով արձագանքեին պատվիրակներին, գնահատե՞լ էին ռիսկերը, հնարավոր հանրային հուզումները: Ակնհայտորեն՝ ո՛չ, և դա ուղղակի դարձավ էմոցիոնալ թեմա, մինչդեռ կարելի էր շատ ավելի ճիշտ ձևով դրսևորվել։

– Տիկի՛ն Հայրապետյան, ձեր գնահատմամբ՝ հայկական պատվիրակությունը պատշաճ չի՞ պատասխանել ադրբեջանցի պատվիրակներին։

– Տրվել են արձագանքներ, ուղղակի միասնական որևէ թեզ գոյություն չուներ, այսինքն՝ չկար, օրինակ՝ նույն Արցախի հետ կապված հստակ դիրքորոշում, որ անկախ իշխանական, ընդդիմադիր լինելուց, մենք՝ որպես պետություն, ունենք այս դիրքրոշումն Արցախի վերաբերյալ։ 

Նախկին ԱԺ-ում էլ այնպես չէ, որ ընդդիմություն, իշխանություն ելույթները կրկնվում էին, բայց կային գլխավոր թեզեր, որոնք հնչել են յուրաքանչյուրի ելույթում, թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո, այսինքն՝ կային մեխային թեզեր, որոնք կարևոր էին պետության համար ու կարմիր թելի նման ձգվում էին բոլորիս ելույթներում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am