Ոստիկանությունը ծանուցումն ուղարկել է 5 դպրոցների 48 աշխատակցի մասով. փետրվարի 22-ին հարուցվել է քրգործ

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ: Բաղդասարյանը այս ամենը շահարկում է իբրև ընտրություններում քվեներ ապահովելու փորձ:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ գրությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին ուղարկվել է դեռ փետրվարի 17-ին, քանի որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ուսումնական հաստատություններում, կրթօջախներում իրականացվել են չարաշահումներ և կեղծվել են փաստաթղթեր։ Տեղեկությունների ստուգման արդյունքում փետրվարի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է նախաքննության։

Նախաքննությունն իրականացնող մարմինը՝ Քնչական Կոմիտեն մանրամասնում է, որ 2021 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել Երևանի թվով 5 դպրոցների տնօրենների կողմից առերևույթ  չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ և 314-րդ հոդվածների՝ յուրացում կամ վատնում և պաշտոնական կեղծիք հատկանիշներով։ Ոստիկանության Կենտրոնական բաժնից գրավոր հարցում է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Համբարյանին՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող փաստաթղթեր և տվյալներ տրամադրելու, ինչպես նաև նշված դպրոցների թվով 48 աշխատակիցների ներկայությունը ոստիկանության համապատասխան ստորաբաժանում ապահովելու վերաբերյալ։

Հիշյալ քրեական գործը քննչական կոմիտեի Երևան քաղաքի քրեական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ստացվել 2021 թվականի փետրվարի 24-ին, ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»