Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Էրիկ Գրիգորյանը. Վարչապետի պարզաբանումը. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում պատասխանեց պատգամավորների հարցին, թե ինչու է աշխատանքից ազատվել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ես նախ ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Համոզված եմ, որ նա այլ ընթացքում արել է առավելագույնը՝ առավելագույն արդյունքների հասնելու համար: Բայց աշխատանքն ինքը բարդ երևույթ է, և գալիս են հարցեր, փուլեր, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ: Եվ կայացվել են որոշումներ: Եվ այդ կայացված որոշումը չի նշանակում, որ կամ ամեն ինչ գերակատարվել է, կամ ամեն ինչ թերակատարվել է: Ճշմարտությունը մեջտեղում է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ բնապահպանական ոլորտում, այդ թվում՝ նախարար Գրիգորյանի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ շատ էական հաջողություններ եղել են: Մասնավորապես, 2018-ից մինչև օրս ըստ էության փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է: Այս ընթացքում Արարատյան դաշտի ստորերկրյա հորեր են կոնսերվացվել, ախորդ տարի 500 հազար ծառ է տնկվել:

«Ես մի քանի անգամ ասել եմ, մեկ-մեկ կարծում եմ նման հայտարարություներ անելով անարդար եմ գտնվում կառավարության անդամների նկատմամբ՝ գոհ եմ, թե գոհ չեմ աշխատանքից: Ես բազմիցս ասել եմ՝ եթե դուք ինձ հարցնեք՝ ես իմ աշխատանքից գոհ եմ, թե չէ, ես կասեմ՝ ոչ: Սա չի նշանակում, որ ես համարում եմ, որ պարապ եմ, ոչ մի բան չեմ անում: Բայց ես ուզում եմ, որ ինքս և մենք բոլորս միշտ անենք ավելին, քան հնարավոր է կամ անհնար է: Ես համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք անել անհնարը»,- հավելեց վարչապետը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.