Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակն ավելի վտանգավոր ու բարդ է Իրանի տեսանկյունից, քան եթե պատերազմ լիներ. Ժաննա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, սպասելի՞ էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը չի կայանա: Այսօր առավոտյան, երբ պետք է տեղի ունենար նախատեսված հանդիպումը, հայտնի դարձավ, որ Թրամփը հայտարարել է անորոշ ժամանակով Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին՝ հետագա խաղաղ բանակցությունները հնարավոր դարձնելու համար:

– Իրականում, վերջին օրերին տեղեկատվական դաշտը բավականին անկայուն էր, ու անընդհատ ինչ-որ արտահոսքեր էին տեղի ունենում, որոնք իրականությանը չէին համապատասխանում և ավելի շուտ ինչ-որ քարոզչական պայքարի մաս էին կազմում: Հատկապես ԱՄՆ-ից էինք նման պատկերի ականատես. պարբերաբար ինչ-որ հայտարարություններ էին լինում, թե ԱՄՆ բանակցային թիմը մեկնել է Պակիստան կամ արդեն Պակիստանում է, բայց այդ ֆոնին Իրանից մոտեցումը շատ ավելի հստակ էր, և հիմնականում հայտարարում էին, որ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունեն: 

Իրանական կողմի այս հայտարարությունը պայմանավորված էր մի քանի գործոնով, նախ՝ ծովային շրջափակումով, որը ԱՄՆ-ն սկսել է ապրիլի 11-ից, այսինքն՝ իրանական կողմը հայտարարում էր, որ չի պատրաստվում այդ պայմաններում բանակցությունների գնալ: Մյուս կողմից՝ Իրանին ուղղված ԱՄՆ մնացյալ պահանջներն իրանական կողմում գնահատվում էին մաքսիմալիստական՝ առավելապաշտական: 

Իրանական կողմն այս պայմաններում ստեղծված իրավիճակը դիտում էր ճնշումների ներքո Իրանին բանակցությունների սեղանի շուրջը բերելու ու պահանջներ թելադրելու փորձ: Սա Իրանի համար անընդունելի էր, ու այս պահի դրությամբ դեռևս որոշում է կայացրել չմասնակցել բանակցությունների: Վերջին օրերի իրադարձությունները հենց այս մասին էին, կողմերը ճնշման լծակներ էին ստեղծում միմյանց դեմ, երբ ԱՄՆ-ն սկսեց ծովային շրջափակումը, Իրանն էլ նորից Հորմուզի նեղուցով նավագնացությունը սահմանափակեց: Արդյունքում՝ կողմերից որևէ մեկը պատրաստ չեղավ այս իրավիճակում զիջումների գնալ, ու այս ֆոնին, փաստացի բանակցությունները լինելու էին անարդյունավետ: 

– Թրամփի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ ինքը միանձնյա է որոշում այս պատերազմում երբ, ինչ անի, որ Իրանը, կոպիտ ասած, եղած-չեղած մի հաշիվ է: Իրականում այդպե՞ս է:

– Ըստ էության՝ այո՛, Թրամփի մոտեցումը կարող ենք բնութագրել այսպես, որ կա՛մ Նահանգները ստանում է այն, ինչ ուզում է, կա՛մ ոչինչ չի լինում: Սա հենց իրանական կողմի բնորոշած առավելապաշտական մոտեցումն է, որովհետև երբ մենք նայում ենք ԱՄՆ-ի պահանջներին ու պայմաններին, նշվում են կետեր, որոնք, հասկանալի է, իրանական կողմում չեն կարող հավանության արժանանալ: 

Իսկ այս պատերազմն Իրանին ապացուցեց, որ երբ իր հակառակորդը ռազմական, տեխնոլոգիական, ֆինանսական առավելություն ունի, ինքն այդ հակառակորդի դեմ պայքարում է անհամաչափ ռեսուրսներով ու վարում է ասիմետրիկ պատերազմ: Ու այդ ասիմետրիկ պատերազմը դրսևորվել է Իրանի հրթիռների, ԱԹՍ-ների կիրառմամբ, Իրանի պրոքսիների ակտիվացմամբ, Հորմուզի նեղուցը փակելով, ու այստեղ, բնականաբար, Իրանի աշխարհագրությունն էլ է մեծ դեր խաղացել ու նպաստել այդ ամենին: Այսինքն՝ տվյալ դեպքում Իրանի գործիքները դրանք են եղել, իսկ այդ պարագայում ոչ մի կերպ հնարավոր չէ, որ Իրանը հրաժարվի այդ գործիքներից: Ուստի այս պայմաններում դժվար է պատկերացնել, որ եթե անգամ լինեին բանակցությունները, ինչպես էին կողմերը հասնելու փոխզիջման: 

Փաստացի, հիմա ունենք իրավիճակ, երբ կա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, ինչն իրականում շատ ավելի վտանգավոր ու բարդ է Իրանի տեսանկյունից, քան եթե պատերազմ լիներ, որովհետև Իրանն այս պատերազմը ընկալեց որպես գոյաբանական պատերազմ, որով պետք է միանգամից վերջ դրվեր խնդիրներին ու լիներ վերջնական հանգուցալուծում: Բայց այդ հանգուցալուծումը չկա, հետևաբար այս իրավիճակը միայն մաշեցնելու է Իրանի ուժերը թե՛ տնտեսապես, թե՛ ներքին կայունության առումով: Իրանում կան գործիչներ, որոնք ասում են՝ ավելի լավ է պատերազմ լիներ, քան նման կիսապատերազմական իրավիճակ: 

– Իսկ Թրամփի ասած անորոշ ժամանակով երկարաձգված հրադադարը որքա՞ն կշարունակվի ըստ ձեզ, տիկի՛ն Վարդանյան:

– Երբ Թրամփը նման բան է հայտարարում, կարծում եմ, մանևրելու տեղ է թողնում, ինչը կարող է նշանակել, որ ցանկացած պահի կարող է էսկալացիա տեղի ունենալ: Ինչպես արդեն ասացի, այս իրավիճակից ավելի շատ Իրանն է տուժում, քան ԱՄՆ-ն, ու եթե լինի այդ էսկալացիան, ապա Իրանի մեկնարկային դիրքերն այս անգամ ավելի թույլ են լինելու՝ հաշվի առնելով այս ընթացքում կրած վնասները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am