Որ արտադրանքի ներմուծումը կարգելվի հունվարի 1-ից

Ի գիտություն գործարարների․ 2022 թ․ հունվարի 1-ից կարգելվի Հայաստանի Հանրապետություն ներմուծել տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքը, որը մաքսային հայտարարագրման ժամանակ չի ունենա համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ, հայտարարագիր, պետական գրանցման վկայական կամ տեխնիկական կանոնակարգով սահմանված այլ փաստաթուղթ)՝ բացառությամբ ԵԱՏՄ շրջանակներում արտադրանքի ներմուծման կարգով սահմանված դեպքերի։

Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1333-Ն որոշումը, որով 2022 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումը, քանի որ այն հակասում էր ԵԱՏՄ օրենսդրությանը, մասնավորապես՝ ԵՏՀ կոլեգիայի՝ 25.12.2012թ. N 294 «Այն արտադրանքի Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման կարգը հաստատելու մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» որոշմամբ հաստատված դրույթներին։

Այսպիսով՝ վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 2022 թվականի հունվարի 1-ից բոլոր տնտեսվարողները պետք է իրազեկ լինեն և ապահովեն ՀՀ ներմուծվող և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթի առկայությունը մաքսային հայտարարագրման ժամանակ (բացառությամբ ԵԱՏՄ շրջանակներում արտադրանքի ներմուծման կարգով սահմանված դեպքերի)։ Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքը, որը մաքսային հայտարարագրման ժամանակ չի ունենա համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ, հայտարարագիր, պետական գրանցման վկայական կամ տեխնիկական կանոնակարգով սահմանված այլ փաստաթուղթ), այլևս կարգելվի ներմուծել Հայաստանի Հանրապետություն։

Տեղեկացնում ենք նաև, որ վերջերս փոփոխություններ են կատարվել նաև ԵՏՀ կոլեգիայի «Այն արտադրանքի Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման կարգը հաստատելու մասին, որոնց նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» 25.12.2012թ. N 294 որոշման մեջ, մասնավորապես՝ կրճատվել է մաքսային ընթացակարգերի թիվը, հստակեցվել են որոշ սահմանումներ, հայտատուների ցանկը, նախատեսվել են նաև փոփոխություններ ազատ տնտեսական գոտիների համար։ Նախագիծը ս․թ․ նոյեմբերի 15-ին հավանության է արժանացել ԵՏՀ Խորհրդի նիստում։